Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակի նշանակության դասագիրք

Հունվար 26,2024 12:30

Այս օրերին բավականին ակտիվորեն քննարկվում են կրթական նոր չափորոշիչների պահանջներով հանրակրթական ոլորտում ուսուցման կազմակերպման, դասագրքերի ստեղծման, մանկավարժների վերապատրաստման, ուսումնաօժանդակ ձեռնարկների կազմման, հրատարակման որակի եւ նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր: Այս հիմնախնդիրներից իրենց կարեւորությամբ առանձնանում են մանկավարժների վերաորակավորումը եւ նոր մեթոդաբանությամբ դասագրքերի ստեղծումը: Եթե դասագիրքը եղավ որակյալ, գրված  նոր չափորոշիչների  պահանջներով (հատկապես մեթոդական), ապա դա կարող է օգտագործվել նաեւ մանկավարժների կողմից որպես ինքնավերապատրաստման միջոց:

Այսօրվա հանրակրթական ծրագրերում տեղ են գտել բովանդակային առումներով բոլորովին նոր ու բավականին բարդ դասընթացներ, որոնք առանձնակի դժվարություններ են ներկայացնում մանկավարժների համար վերապատրաստվելիս: Խոսքը վերաբերում է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող դասընթացներին: Այս խնդիրը լուծելու համար միայն մանկավարժների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ զուգահեռաբար նրանց ապահովել տվյալ դասընթացի մատչելի եւ ամենօրյա օգտագործման դասագրքերով եւ ուսուցչի ձեռնարկներով: Ներկայացվող դասագիրքը, մեր կարծիքով, տալիս է եռակի օգտագործման  հնարավորություն. աշակերտին՝ սովորելու եւ զարգացնելու հետազոտական նախնական հմտություններ, ուսուցչին՝ ինքնավերապատրաստվելու եւ երրորդ՝  ցանկացած տարիքի ու զբաղմունքի մարդկանց, ձեռք բերելու տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, միաժամանակ, ՏՏ միջոցների օգտագործման համակողմանի հմտություններ:

Գաղտնիք չէ, որ դպրոցը ՏՀՏ-ին առնչվող դասընթացների դասագրքերով եւ համապատասխան գիտելիքներով զինված մասնագետներով առավել բարձր ապահովվածության խնդիր ունի: Դրան կարող է նպաստել Ռուբեն Թոփչյանի եւ Ալինա Մելքոնյանի հրատարակած «Համակարգչային մտածելակերպ» 7-րդ դասարանի համար նախատեսված թվային գրագիտության եւ համակարգչային գիտության փորձնական դասագիրքը, որը հրատարակել է  «Սիսթեմ» հրատարակչությունը  (2021թ, ծավալը 210 էջ):

Ասել, թե այս դասագիրքը լիարժեք բավարարում է չափորոշիչներով նախատեսված նոր պահանջներին, բավականին քիչ է, որովհետեւ օգտագործված մեթոդաբանությամբ եւ բովանդակային պահանջներով դպրոց է մտել եզակի ու մատչելի, 7-րդ դասարանի աշակերտներին լիովին հասանելի մի պարզ դասագիրք:

Որոնք են այս դասագրքի  յուրահատկությունները եւ առավելությունները:

Նախ, որ նյութը ունի բովանդակության ներկայացման ընդգծված կառուցվածք եւ շարադրանքին ներդաշնակ համապատասխան պատկերազարդումներ՝ սխեմաներ, գծագրեր, աղյուսակներ, դինամիկա պատկերող դիագրամներ եւ այլն, որոնք այնքան հմտորեն են միմյանց զուգակցված ու փոխլրացնող, որ առանձնապես պետք չէ ջանք թափել նյութը մտապահելու ու ինքնահմտանալու համար: Այս պարագայում մանկավարժական գործընթացը դառնում է առավել արդյունավետ ոչ միայն 7-րդ դասարանցու համար, այլ  նաեւ բնագիտական ուղղվածությամբ որակավորում ունեցող ցանկացած մանկավարժի: Ավելին, այս դասագիրքը հեշտությամբ կարող են օգտագործել  նաեւ ինքնակրթության կարիք ունեցող ամենատարբեր տարիքի եւ զբաղմունքի տեր մարդիկ, ովքեր, ունենալով ժամանակակից բջջային հեռախոսներ, բացի հեռաձայնելուց, դժվարանում են օգտագործել այդ գործիքի շատ ավելի օգտակար հատկությունները, որոնց միջոցով կարող են հասնել կյանքի  կազմակերպման որակական բարելավման:

Մեր կարծիքով, հաջորդ առավելությունն այն է, որ հեղինակները կարողացել են դասագրքի նյութը ոչ  միայն մատչելի ու ծրագրային պահանջվող հաջորդականությամբ ներկայացնել, այլ նաեւ տրված են օգնող, աջակցող կամ ուղեկցող բազմաթիվ պահանջներ: Այսպես, նյութի սկզբում նախապես հնարամտորեն առանձնացված են այն ակնկալվող հմտություններն ու կարողությունները, որոնք ընթերցողները ձեռք կբերեն նյութը յուրացնելիս:

Մեթոդական տեսակետից ուսուցման արդյունավետության բարձրացման համար բավականին մեծ նշանակություն ունի, երբ սովորողին օգնում ենք դառնալ նյութի առանցքային հարցերի քննարկման մասնակից:  Հեղինակները մշակել են նաեւ այնպիսի առաջադրանքներ, որոնք մտածելու կամ ստեղծագործելու եւ նոր գաղափարների ու հետեւությունների բացահայտման նախապայման կարող են հանդիսանալ: Սա է այսօրվա դպրոցին ներկայացվող գլխավոր պահանջը:

Սկսնակի համար բացառիկ կարեւոր է տարբեր բովանդակություն ունեցող նյութերի ներկայացման եւ տեսողական պատկերման գունային զանազանումը, որը կարծես թե սերտացնում է սովորողի եւ գրքի միջեւ եղած կապը, գիրքը դարձնում է ընթերցելու եւ յուրացնելու համար գրավիչ ու մատչելի: Գունային տարբերակմամբ ներկայացված են նաեւ  «ի՞նչ կսովորենք», «ինչի՞ համար է պետք», «քննարկում», «ի՞նչ սովորեցինք» բավականին հիմնավորված եւ տարողունակ մեթոդական պահանջները: Վերջիններս շատ պարտադիր ու խիստ անհրաժեշտ մեթոդական պահանջներ են, որոնք, ցավոք, ոչ բոլոր դպրոցական դասագրքերի հեղինակներին է հաջողվում կիրառել: Նման հարցադրումներն աշակերտներին կապում են գրքի հետ՝ այն դարձնելով սիրելի օգտագործման համար: Դասագիրքը, այո, պետք է լինի շատ գրավիչ, նաեւ  իր տեսքով գեղագիտական հաճույք պատճառի սովորողին, որովհետեւ  առանց պատկերազարդումների դասագիրքը գորշ է ու վանող: Այս տեսակետից նույնպես գործ ունենք դրվատանքի արժանի դասագրքի հետ:

Այս դասագրքի բովանդակային ծավալի առնվազն կեսը զբաղեցնում են զանազան պատկերազարդումները եւ տեսողական ու դինամիկա պատկերող դիդակտիկ նյութերը, որոնց միջոցով ուսուցումը դառնում է հաճելի զբաղմունք (դրանք պարտադիր են դասագրքերի համար, ինչպես գրատախտակը դասասենյակում), հակառակ դեպքում գործ կունենանք միայն տեքստային ձանձրալի ու դեմոտիվացնող նյութի հետ՝ այստեղից բխող ուսուցման համար ոչ ցանկալի հետեւանքներով:

Որպես կրթության ոլորտի հիմնախնդիրներով շատ հետաքրքրված անձ, իմ պարտքը համարեցի սույն հրատարակմամբ մի քանի դրական խոսք ասել նշված դասագրքի հեղինակներին, որովհետեւ  այսօրվա տեղեկատվական դաշտը հեղեղված է քննադատական կամ նեգատիվ բնույթի հոդվածներով: Ցանկանում եմ տեսնենք եւ ներկայացնենք  ոչ միայն լավն ու դրականը, այլ նաեւ՝ արդեն եղած օրինակելի դասագրքերը հասանելի դարձնել հասարակությանը՝ ակնկալելով, որ դասագրքաստեղծ գործունեությամբ զբաղվող մասնագետները կօգտվեն այս դասագրքի յուրահատուկ մեթոդաբանության տարբերակից եւ կփորձեն վերանայել իրենց հեղինակած դասագրքերը, որոնք, մեղմ ասած, լիարժեք չեն  բավարարում չափորոշիչների պահանջներին: Նման դասագիրքն այսօր անհրաժեշտ է ե՛ւ աշակերտին, ե՛ւ ուսուցչին, ե՛ւ ինքնակրթությամբ զբաղվող մարդկանց:

Սուրեն ՕՀԱՆՅԱՆ

ԵՄՀ ռեկտոր

«Առավոտ» օրաթերթ
25.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031