Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Բաքու «ճանապարհային քարտեզ», «Հյուսիս-Հարավ տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքի» շուրջ քննարկումներ

Հունվար 26,2024 12:00

Ռուսաստանում «պեղում» են տարբեր պատճառաբանություններ` արդարացնելու Էրդողան-Ալիեւ տանդեմի որոշումները

Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն օրերս Բաքվում էր, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ալիեւի գրասենյակի փոխանցմամբ` Օվերչուկն ու Ալիեւն ընդգծել են, որ 2023 թվականը տնտեսական համագործակցության առումով օգտակար է եղել Մոսկվայի եւ Բաքվի համար։ Առեւտրաշրջանառության 17,5 տոկոսը, ինչպես նաեւ բեռնափոխադրումների եւ տարանցիկ փոխադրումների կայուն աճը գնահատվել է որպես երկու երկրների համագործակցության լավ ցուցանիշ։

Ալիեւն ու Օվերչուկը կարեւորել են 2024-2026թթ. երկկողմ համագործակցության օրերս ստորագրված «ճանապարհային քարտեզը»։ Ալիեւը վստահություն է հայտնել, որ Ալեքսեյ Օվերչուկի այցը կծառայի ռուս-ադրբեջանական կապերի ընդլայնմանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքի» շուրջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Օվերչուկը Հայաստանում էր, եւ վարչապետ Փաշինյանի հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր։

Ռուսաստանի փոխվարչապետը հանդիպել էր նաեւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ։

Այսպես, Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ» ստորագրեցին, փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել փոխվարչապետներ Շահին Մուստաֆաեւն ու Ալեքսեյ Օվերչուկը։ Պաշտոնական Բաքուն արձանագրեց, որ «Փաստաթուղթը առեւտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում»։

Կողմերը նաեւ ընդգծել են, որ 2017-ից՝ նախորդ նմանատիպ փաստաթղթի ստորագրումից ի վեր երկկողմ ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կրկնապատկվել է՝ 2023-ին հասնելով 4.3 միլիարդ ամերիկյան դոլարի։

Ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական, տրանսպորտային ոլորտի հարաբերությունները, ինչպես նկատում ենք, մեծ թափով շարունակում են զարգանալ:

Իրավիճակը Հարավային Կովկասում քննարկվել է նաեւ Մոսկվա-Անկարա շփումներում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել էր Նյու Յորք՝ Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին, որտեղ նա բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Լավրովն ու Ֆիդանը հաստատել են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը։ «Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը տարածաշրջանային սուր խնդիրների փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու շահերից ելնելով, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում եւ Սեւծովյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում իրավիճակի հետ», – հայտնել են նախարարությունից։

Նշվեց նաեւ, որ նախարարները «շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման առաջընթացը եւ քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»։ «Մենք էականորեն քննել ենք երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը»,- պարզաբանել են դիվանագիտական գերատեսչությունում։ «Ընդգծվել է փոխշահավետ կապերի պահպանման եւ հետագա ընդլայնման շահերից ելնելով համատեղ աշխատանքը շարունակելու կարեւորությունը»։

Ռուս-թուրքական հարաբերությունների վրա աշխարհաքաղաքական այլ զարգացումները ազդեցություն չեն ունենում: Օրեր առաջ, ինչպես հայտնի է, Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը` ձայների 55 դեմ, 287 կողմ հարաբերակցությամբ: Ռուս փորձագետներն իրենց «մխիթարում» են, թե թուրքական`600 մանդատանոց խորհրդարանի ոչ շատ մեծ մասն է, այնուամենայնիվ, կողմ քվեարկել այդ որոշմանը: Այն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրումից հետո։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Շվեդիան 2022-ին ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացրեց՝ իր անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ Շվեդիայի անդամակցության հայտը Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամներից չէին վավերացրել միայն Թուրքիան եւ Հունգարիան։

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի արձագանքին, ապա պաշտոնական Անկարայի որոշումը «արդարացնելու» ծանր գործը դարձյալ բաժին հասավ Պուտինի խոսնակին… Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Ի վերջո, Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դա անհերքելի փաստ է։ Այդ երկիրը դաշինքի անդամների հանդեպ իր պարտավորություններն ունի, այնպես որ այս որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է», նշել է Պեսկովը։

Ռուսաստանի ներկայիս իշխանությունները երբեք որեւէ դժգոհություն չունեն ո՛չ Անկարայից, ո՛չ Բաքվից: Ցանկացած որոշում, որը թվում է, թե կարող էր դժգոհություն առաջացնել, Կրեմլի պատասխանատուները մեղմորեն հարթում-անցնում են: Իսկ այդ մեղմ վերաբերմունքը տարածվում է ռուսաստանցի փորձագետների, մեկնաբանների վրա. նրանք Կրեմլի դիրքորոշմանը համահունչ «պեղում» են տարբեր պատճառաբանություններ` արդարացնելու Էրդողան-Ալիեւ տանդեմի ցանկացած որոշում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031