Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տուժող են ճանաչում, հետո՝ արգելում խոսել». Վարդան Խառատյան

Հունվար 26,2024 14:00

Գործարար Վարդան Խառատյանը տուժող էր ճանաչվել Մեսրոպ Սիմոնյանի քրեական գործով, ով գաղտնալսման սարք էր դրել նրա տան մեջ:

Մենք քանիցս անդրադարձել ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա գործին, նաեւ այն նիստերին, որով դատարանը չի ապահովել մեղադրյալի մասնակցությունը, անհիմն հետաձգել է նիստերը: Մեղադրանքի կողմը միջնորդության ժամանակ հայտնել էր. 28.06.2022 թվականի դատական նիստին ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանը չի ներկայացել, հեռախոսազանգի միջոցով դատարանի աշխատակազմին տեղեկացրել է, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատական նիստին, գործի քննությունը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.09.2022 թվականին: 20.09.2022 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Սիմոնյանը չի ներկայացել, վերջինիս հասցեագրված ծրարը վերադարձել է «չպահանջված» նշումով, որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոց՝ բերման ենթարկել դատական նիստերի դահլիճ, իսկ գործի քննությունը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 14.11.2022 թվականին: Ինչպես տեղեկացրել ենք, վեց հատորանոց գործում առկա մեղադրական եզրակացության համաձայն. «Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւանի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության՝ մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը» («Բնակարանի գաղտնալսման գործով մեղադրանքը չի պաշտպանվել», «Առավոտ», 2023թ. նոյեմբերի 3):

Ի վերջո, գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճում են: Այսինքն, մեղադրանք են առաջադրել այն հոդվածով, որն արդեն իսկ դատարան հասնելով ժամկետի խնդիր կարող էր ունենալ:

Վարդան Խառատյանը նույն անձի հետ կապված՝ 2023թ. օգոստոսի 22-ին ճանաչվում է տուժող, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Հ.Հակոբյանի որոշմամբ: Որոշման մասին քննիչը տուժող Խառատյանին տեղեկացնում է 2023թ. դեկտեմբերի 13-ին: Որոշման տակ ստորագրում է Խառատյանը, որտեղ գրված էր. «Սույն որոշումը ինձ ծանոթացվել է եւ միաժամանակ պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իմ իրավունքներն ու պարտականությունները»:

Այս որոշմամբ Խառատյանը երեք դրվագով է ճանաչվում տուժող, այն երեք դրվագներով, որով ժամանակին քրեական գործ չհարուցեցին, առանձնացրեցին միայն Մ.Սիմոնյանի կողմից նախորդ՝ գաղտնալսման դրվագը:

Վ. Խառատյանը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Թավրիզյան հասցեում՝ իր տանը բնակվել է Մ. Սիմոնյանը, որը գողացել է իրեն պատկանող ոսկյա մատանին՝ 2 000 դոլար արժողության, երբ ինքը գտնվել է Մոսկվայում:

Երբ Խառատյանը գալով Երեւան՝ իմացել է մատանու գողության մասին, Սիմոնյանը պարտավորվել է փոխառության պայմանագրի հիման վրա փոխհատուցել պատճառված գույքային վնասը՝ ոստիկանություն չդիմելու պայմանով: Տուժողը մինչ օրս չի ստացել փոխհատուցումը:

Երկրորդ դրվագը, որը նշվում է քննիչի որոշման մեջ, այս է. «Մ. Սիմոնյանը խաբելու եւ այլ միջոցներով Վ. Խառատյանից վերցրել է 56.850 ԱՄՆ դոլար եւ 432 000 ՀՀ դրամ, մասնավորապես, ըստ փոխառության պայմանագրի՝ Մ. Սիմոնյանը պարտավորվել է մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը վերադարձնել 56.850 ԱՄՆ դոլար գումարը, սակայն մինչ օրս չի վերադարձրել»: Որոշման մեջ նշված երրորդ դրվագը վերաբերում է Խառատյանի բանկային հաշիվներից կանխիկացումներ անելուն, գումարներ հափշտակելուն: Երբ այս ամենը կրկին պարզվել է, Սիմոնյանը պարտավորվել է վերադարձնել այդ գումարը: Խոսքը 432 000 ՀՀ դրամի մասին է… Այսինքն, երեք դրվագներով առկա էր գույքային վնաս պատճառելու փաստը:

Վ. Խառատյանն «Առավոտին» ասում է, որ քննիչը իրեն կանչել է հարցաքննության, ապա ասել, թե պետք է խոսի միայն ոսկյա մատանու գողության մասին: «Ինձ տուժող են ճանաչել, սակայն արգելում են խոսել», -ասում է Խառատյանը: Նա 2023թ. դեկտեմբերի 22-ին բողոքներ է ուղարկում, այդ թվում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, մասնավորապես, տեղեկացնելով. «Քննիչը թույլ չտվեց ցուցմունք տալ 56.850 ԱՄՆ դոլար գումարի, այլ դրվագների մասին, թույլ չտալով խոսել, Հակոբյանն ասաց, ոնց ուզի՝ այնպես էլ կվարվի»,-ասում է Վ. Խառատյանը:

Արաբկիր վարչական շրջանի դատախազ Է.Անանյանը պատասխան գրությամբ հայտնում է տուժողին. «2023 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի որոշմամբ քննիչը վարույթին մասնակցելուց հեռացվել է, քանի որ վերջինիս կողմից թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտում, խաթարվել է մինչդատական վարույթի արդյունավետությունը եւ բնականոն ընթացքը, ինչպես նաեւ դատախազի կողմից քննիչի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե ծառայողական քննություն անցկացնելու մասին միջնորդություն է ներկայացվել»:

Տուժողին տեղեկացվում է հիմա էլ, որ թիվ 14855223 քրեական վարույթը քննվում է բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանք կատարելու դեպքի առթիվ, այսինքն, Խառատյանի բանկային հաշիվներից փոխանցում կատարելու դեպքի կապակցությամբ:

Բայց չէ՞ որ Խառատյանին տուժող ճանաչելու որոշման մեջ սեւով սպիտակի վրա գրված է «Հանցագործությունների միջոցով պատճառվել է գույքային վնաս», չի գրված «Հանցագործության միջոցով»…

«Անցյալ տարվա նոյեմբերի 23-ի կառավարության նիստում ձեր մասնակցությամբ վարչապետը քննարկում էր դատաքննչական մարմինների անարդյունավետ եւ լուրջ խախտումների մասին, որտեղ վարչապետն ասաց. «Մարդիկ մտածում են, որ սա վարչապետի դաբրոն է: Հարց՝ իմ գործում կատարվածը ո՞ւմ դաբրոն է՝ ձե՞ր, վարչապետի՞, ԱԱԾ-ի՞»,-իր բողոքներից մեկում գրել էր Վ. Խառատյանը:

Աննա Վարդապետյանին տուժող Խառատյանը բողոք էր ներկայացրել՝ կապված դատախազ Խաչատրյանի գործողությունների հետ: Վերջինս հայտնել էր տուժողին, թե՝ «Սիմոնյանը վերադարձրել է գումարը». «Խաչատրյանը լսելով Սիմոնյանի եւ այդպես էլ նախաքննական մարմին չկանչված կարեւորագույն վկաներից մեկի ձայնագրությունը՝ գնահատական չի տալիս լսածին: Իսկ ձայնագրության մեջ Սիմոնյանն ասում է կարեւորագույն վկային՝ «Էնպես պետք է կազմակերպենք, որ նա ոչ մի գումար չստանա, ոչ դու լինես մեղավոր, ոչ էլ ես»: Տեսանյութում Սիմնոնյանը նստած իր համակարգչի դիմաց պատմում է եւ ցույց տալիս այն բոլոր իր հաշիվները, որտեղ օգտագործել է ինձանից հափշտակած եւ գողացված գումարները, իսկ Խաչատրյանի կայացրած որոշումը հանցագործին թաքցնելու միտում ունի»,-իր բողոքներից մեկում գրել էր տուժող Խառատյանը:

Տուժողը ահազանգել էր իր գործից անհետացած ապացույցներից մեկի՝ լազերային սկավառակի անհետացման մասին, որի մասին տեղյակ է պահվել նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Առհասարակ, այս պատմությունը հինգ տարուց ավելի է, սակայն գոյություն չունի ողջամիտ ժամկետներ: Փետրվարի 6-ին Աջափնյակի նստավայրում (դատավոր՝ Ռ. Սմբատյան) կքննվի տուժողի բողոքը քննիչի որոշման հետ կապված:

Վ. Խառատյանն ասում է, որ ներպետական դատական ընթացակարգերը սպառելուց հետո կդիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Իսկ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետեւաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Մեզանում արատավոր պրակտիկա է ձեւավորվել «գաղտնալսումների գործերով»: Եթե դու նախկին, ներկա պաշտոնյա ես, գաղտնալսումների գործով կարող են նրանց տուժող ճանաչել, իսկ եթե հանրության համար անծանոթ մեկն ես, կարող են հայտնվել բնակարանումդ, սարք տեղադրել, քո շարժերը դիտել, իմանալ, ու երբ գործը դատարան հասնի, ժամկետներն այնքան անցնել, որ դատարանը կարճի այս գործը: Իսկ արա՞րքը, արարքի գնահատականը ո՞վ պիտի տա: Գաղտնալսման գործերով ասես կա խտրականություն, ինչպես Խառատյանի նախորդ փակված գործով եղավ:

«Առավոտ» օրաթերթ
25.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031