Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն դուք վայրահաչել եք 5 տարի այն արժեքների մասին, որոնց կրողը դուք չեք». Հայկ Գրիգորյանը՝ Տիգրան Ավինյանին

Հունվար 25,2024 23:03

Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը որոշել է «Օղակաձեւ այգու» թենիսի կորտերը քանդել: Տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է, որ դա փոքր կենտրոնի միակ երեւելի կանաչ տարածքն է, հանրային շահ կա այստեղ, իսկ «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է համապատասխան տարածք՝ վերակառուցելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանն ասաց, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում. «Մեր մոտ այգու մասին սխալ պատկերացում կա: Մեր համար այգին այն է, որտեղ կա ճեմուղի, այգի, մի հատ կաֆե ու նստելու ինչ-որ նստարաններ, բայց իրականում արտասահմանում այգին իր մեջ ներառում է սպորտային որոշակի activity, որոշակի զբաղմունք, մի դեպքում դա կարող է մեծ թենիս լինի, մի դեպքում՝ սեղանի թենիս, մի դեպքում՝ skateboad park-ը, մի դեպքում՝ հեծանվային ուղի, այսինքն, սպորտով զբաղվելը այգու անբաժան մասն է: Գոյություն չունի մեծ այգի, ուզո՞ւմ եք, նայեք Նյու Յորքի park-ը, ուզո՞ւմ եք՝ Եվրոպան նայեք, այնտեղ սպորտը համակցված է այգի գաղափարի հետ: Մեզ մոտ ոնց որ դա չեն ուզում հասկանան: Քաղաքապետարանն ասում է՝ մենք կտանք 3 անգամ ավելի մեծ տարածք թենիսի համար, բայց՝ Մալաթիայում, կամ չգիտեմ այլ տեղ՝ փակ շենքի մեջ:

Այստեղ հարցը ոչ թե քմ-ով ավելի մեծ թենիսի կորտեր ունենալն է, այստեղ հարցը դրա գտնվելու վայրն է: Թող տան էլի Մալաթիայում, բայց՝ այգու մեջ, որովհետեւ դա ենթադրում է այդ սպորտի ավելի մատչելիություն: Երբ որ դու դնում ես սպորտը փակ տարածքի մեջ, 10-ից մեկն է գնալու թենիս խաղա, իսկ այգու մեջ 10-ից 8-ը մասնակցելու են: Երկրորդ պատճառն այն է, որ այն պատմական նշանակություն ունի, կոլորիտային է, արժեք է Երեւանի համար, հենց ա՛յդ մասում պետք է լինի ու ա՛յդ ձեւով, ուղղակի տարածքը պետք է բարելավվի:

Մեզ մոտ վատ տենդենց է գնում ու Ավինյանը նիստում բացեիբաց հայտարարում է՝ էդ ո՞ր մի ներդրողը կբարեկարգի հանրային տարածք, եթե չունի ֆինանսական շահ: Շատ վատ է, որ պետությունը դա նորմալ է ընդունում, որովհետեւ ես վստահեցնում եմ, որ կան փող ունեցող մարդիկ, որոնք պատրաստ են բարեկարգել՝ առանց ֆինանսական շահի: Ուղղակի հասարակության աչքին թոզ է փչվում, թե գիտեք ինչ, եթե ուզում եք մի բան բարեկարգեք, մի բան էլ պետք է վաճառենք, նվիրենք, դարձնենք ռեստորան ու կաֆե: Մենք պետք է հրաժարվենք այդ շուկայական մտածելակերպից: Այդ նույն բարեկարգումը կարող է տեղի ունենալ ու ցուցանակ գրվի ով է բարեկարգել ու  բիզնեսը էլի այդտեղից կստանա շահույթ: Անպայման չի դու այդ այգու մեջ դնես իր ռեստորանը կամ վաճառես այդտեղ նրբերշիկ ու անունը դնես, որ դա բիզնես շահ է»:

Հայկ Գրիգորյանը նաեւ կասկածում է, թե այնտեղ 6 մլն դոլարի բարեկարգում են անելու, ինչպես հայտարարում են. «Այստեղ պարզ ուղղակի երեւում է, որ Evocabank-ը ունի տնտեսական հարաբերություններ քաղաքապետարանի հետ, միգուցե նաեւ պետության հետ, որտեղ իր շահերն է սպասարկում, բարեկարգումը թոզ փչել է: Սկզբում ներդրողն են ճարում ու անունը դնում են բարեկարգում, ոչ թե բիզնես ծրագիր»:

Դիտարկմանը՝ Ավինյանն ասում է, որ այդտեղ հանրային շահ կա, այգին ուզում ենք վերադարձնել երեւանցիներին, Հայկ Գրիգորյանը հակադարձեց. «Վերադարձրեք, ո՞վ է խանգարում, ոչ թե վերադարձրեք Evocabank-ին: Վերադարձրեք այդտեղ դրված բոլոր ռեստորանները, բիզնեսները հանեք, բարեկարգեք այգին, թող լինի իր ճեմուղիով, հեծանվային գոտիով, նաեւ՝ թենիսի կորտերով: Այդտեղ բիզնես գործունեություն չի կարելի: Պատկերացնո՞ւմ եք Նյու Յորքի մեծ այգում մեկը վաճառի նրբերշիկ կամ պաղպաղակ: Չկա նման բան, հատկապես համալսարանական այգիները: Ժնեւի համալսարանի այգին նայեք քանի հեկտար է ու մի հատ տնտեսական գործունեություն չի իրականացվում»:

Հարցին՝ ուղիղ կապ կա Evocabank-ի 254 մլն նվիրատվության եւ «Գրին ռոք մենեջմենթի» այս նոր հայտի միջեւ, այն ժամանակ մեզ ասում էին՝ նվիրատվության դիմաց ոչ մի բան պարտավոր չենք անել, բայց պարզվեց այս տարածքներն են տալու, կոռուպցիոն ռիսկ կա՞՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, կա: Այն, որ այդ տարածքները վերցնում են այլ մարդկանցից, դա տեղին է, պետք է վերցնեն, հանկարծ չմտածեք, որ ես դեմ եմ, որ վերցնում են, որովհետեւ ումից վերցնում են, հրապարակումներ կան, թե ինչքան կոպեկներով էին իրենք վարձակալել այդ տարածքները ու նույնիսկ բիզնեսներ կան, որոնք վարձակալել են ու տվել են ենթավարձակալության: Օրինակ, վերցրել են այգում մոտ 200 քմ հող, տալիս են տարեկան 40 հազար դրամ վարձավճար, հետո վերավարձակալում են միլիոններով իրական բիզնեսներին: Անխոս նրանցից պետք է վերցնել, բայց վերցնել ու տալ ուրիշին, որը ուրիշ տնտեսական գործունեություն կանի, դա նշանակում է՝ հին օլիգարխները փոխարինել նոր օլիգարխներով: Ի՞նչ տարբերություն, եթե ՀՀԿ-ի ժամանակվա օլիգարխներն են այն ժամանակ այգին մեջ-մեջ արել, հիմա էլ ՔՊ-ի հովանավորներն են մեջ-մեջ անում: Այստեղ կոռուպցիոն ռիսկ ես տեսնում եմ ու տեսնում եմ կապ նախորդ նվիրատվության, ընտրությունների ժամանակ հնարավոր է աջակցել են Ավինյանի թեկնածությանը, այսինքն, ամեն տեսակի կապ հնարավոր է: Պետք չի մասնագետ լինել, որ հասկանան կա ինչ-որ շահագրգռվածություն»:

Հարցին՝ խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ «վստահաբար թենիսի կորտերի խնդիրը մենք կլուծենք, իսկ բոլոր նրանց, ովքեր ճանճերի նման հավաքվել էին թենիսի թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ՝ չի ստացվելու»։ Հիմա դուք քաղաքական դիվիդենտնե՞ր եք շահում՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Իր այդ հայտարարությունը քաղաքական տգետ հայտարարություն է: Նախ, քաղաքապետի պաշտոնին ոչ վայել հայտարարություն է, իրենց հեղափոխական համարող պաշտոնյայի համար ոչ վայել է: Ցանկացած ցիվիլ հասարակության մեջ պաշտոնյայի համար ոչ վայել է: Որովհետեւ եթե դու ստեղծում ես մի հարց, որով ընդդիմությունն ուզում է զբաղվել, դու միայն պետք է ողջունես դա, ոչ թե անուն կպցնես, որովհետեւ եթե դու ուզում ես ցանկացած նախաձեռնությամբ հանդես գաս ու որեւէ մեկը դա չքննադատի, ուրեմն  դու շատ հեռու ես ժողովրդավարությունից, իրավական պետությունից եւ այն ամեն ինչից, ինչի մասին դուք տարիներով, որպես ՔՊ, կոլեգիալ ձեւով, միաձայն ամեն վայրկյան վայրահաչել եք: Եթե դուք կարող եք մի բանի մասին այդքան խոսել, հետո դա անվանեք դիվիդենտ ստանալ,  ուրեմն դուք վայրահաչել եք 5 տարի այն արժեքների մասին, որոնց կրողը դուք չեք: Իսկ եթե դուք դրա կրողն եք, այդ ձեր արտահայտությունը զուտ հիմարություն ես կարող եմ ասել եւ չեմ էլ ուզում մեկնաբանել: Ցանկացած քայլ, որը խոցելի է, մենք, որպես ընդդիմություն, դրա մասին պետք է խոսենք: Հիմա դա մեկի համար ճանճ է, մեկի համար վայրահաչոց, թե դիվիդենտ՝ դա իրենց խնդիրն է: Իրենք թող բարի լինեն այնպիսի նախագծեր անեն, որ որեւէ մեկը դրա վրա չկարողանա դիվիդենտ  հավաքել: Սա միակ բանաձեւն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031