Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները պնդում են, թե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ են արել, համակարգային կոռուպցիա չկա: «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում կոնկրետ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքի օրինակ բերեց. «Քաղաքապետարանը, որպես հանրային բյուջե տնօրինող կառույց, հարկատուների փողերով մի հատ ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ առանց մրցույթի: Կառուցել է հարկատուների փողերով գազալցակայան, կնքել է 10 տարով պայմանագիր, ավելի բարձր գին է սահմանել գազի համար, քան հիմա ներկայումս գազալցակայաններում գործող գինն է ու հիմնավորել է, որ դա թույլ կտա, որ Երեւանի ավտոպարկն այդտեղից օգտվի: Դա երկարաժամկետ իմաստով համարում է լավ ներդրում: Նախ, մրցույթ չի արվել, եթե չկա մրցակցություն, չես կարող պնդել, որ լավ պայմանով ես դա արել: Երկրորդը՝ գազի բարձր գինն է: Հիմնավորում են, որ կարող է երկու տարուց գազը թանկանա: Ես էլ կարող եմ պնդել, որ կարող է 2 տարուց գազը էժանանա, բայց դուք գինը ֆիքսել եք տասը տարվա համար: Ինչի՞ համար ես ուրախանում, եթե գինը բարձր է ու մրցույթ չես արել»:
Հարցին՝ Երեւանի ավտոպարկը չի՞ կարող շուկայի այլ մատակարարից օգտվել՝ նա պատասխանեց. «Ոչ, չի կարող: Ընդ որում, այդ ընկերությունը իրավունք ունի գազ վաճառել նաեւ այլ վարորդների, այսինքն, բիզնես է»:
Հարցին՝ այդ բիզնեսի տերը փոխկապակցվա՞ծ է ՔՊ-ի, Ավինյանի հետ՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես դրա պատասխանը չգիտեմ, բայց չեմ բացառի, որովհետեւ ուրիշ ի՞նչ հիմնավորում պետք է լինի՝ այդ ընկերությանն ընտրելու, եթե մրցույթ չի արվել»:
Ըստ Հայկ Գրիգորյանի, հիմա կոռուպցիա կա, այն ուղղակի փոխել է իր դեմքը. «Կոռուպցիայի ձեւերը բազմազան են: ՀՀԿ-ն աշխատել է մեկ այլ ֆորմատով, իրենք աշխատել են մեկ այլ ֆորմատով: Դրա համար մենք ասել ենք, որ ավագանու ընտրություններով կանգ չենք առնելու, ուզում ենք իշխանափոխություն, որովհետեւ մենք հասկանում ենք, որ ինչ կատարվում է քաղաքի մակարդակով, նույնը բազմապատիկ ավելի վատ կատարվում է երկրի մակարդակով: Ոչ թե խնդիրն այն է, որ իրենք չեն տիրապետում, չեն կարող, կամ հներն են խանգարում, այլ իրենք արդեն հարմարվել են այն համակարգին, այն ժառանգությանը, որը ստացել են ու չեն ուզում դա փոխել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուք այն ժամանակ բավականին ակտիվ էիք, «Դեմ եմ» շարժման մեջ էիք, «Մենք ենք տերը մեր երկրի» շարժումը կար, հիմա ինչո՞ւ այդ շարժումները չկան՝ նա պատասխանեց. «Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդիկ այնքան էին ատում ՀՀԿ-ին, որ ցանկացած մարդ, ով կգար իրեն փոխարինող, ինքը ունենալու էր այնքան առավելություն ու դրական բագաժ, որ կարող էր տարիներով մսխեր ու հլը չգար հասներ Սերժ Սարգսյանի մակարդակին: Ու այսքան տարի, ներառյալ Արցախի կորուստը, այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արել են հենց այդ բագաժի հաշվին: Այսինքն, իրենք վառել են այն ռեսուրսը, որն օդից տրվել էր: Այդ պրոցեսի պատճառով է, որ մենք չենք տեսնում լայն հանրային ընդվզումներ: Նաեւ պատճառն այն է, որ մեթոդիկան մի քիչ տարբեր է. մենք չունենք ակնառու այն ՀՀԿ-ի էպատաժային դեմքերը, որոնք խոսեն այն տիպի, որ գրգռեն ժողովրդին: Ավելի գիտակից պետք է լինի հասարակությունը, որպեսզի հասկանա ինչ է կատարվում: Այդքան ակնառու չեն իրենց կատարած զանցանքները»:
Հարցին՝ այսինքն, չկան նախկին սափրագլուխները, ոնց որ պատկերացնում էր հասարակությունը, կան սովորական գլուխներ, որոնք մեղմ ասած նույն բանն են անում, ինչ նախկիննե՞րը՝ Գրիգորյանը պատասխանեց. «Այո, այլ ֆորմատով նույն բանն են անում: Տեսեք, Էջմիածնում չկա Մանվել, բայց կա Դիանա, որը ոչ պակաս բաներ է անում ֆինանսական իմաստով: Բայց ինքը Մանվելի համբավ չունի, նույնիսկ մարդիկ կարող է չիմանան էլ՝ ով է Էջմիածնի քաղաքապետը, իր ամուսինն էլ էր ներքաշված, դրա մասին գրվեց, որ կան խնդիրներ: Բայց բանն այն է, որ ՔՊ-ից որեւէ մեկը դրա մասով որեւէ քայլ, արձագանք չի անում: Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է իսպառ վերացնի կոռուպցիան, ինքը ո՞նց կարող է չարձագանքի այդ հրապարակումներին՝ Դիանա Գասպարյանի մասին»:
Այն, որ հանրությունը հակված չէ հավատալ քննադատություններին, քննադատողներին ասում է՝ «պիցցայակեր», «ռոբական», «սերժական», ըստ Հայկ Գրիգորյանի, ՔՊ-ին ձեռնտու է. «Իրենք ունեն նախկիններ ու ցանկացած քննադատություն, երբ լինում է ՔՊ-ի հասցեին, ասում են՝ ուզում եք մենք գնանք, նախկինները գա՞ն: Մենք ոչ ուզում ենք դուք մնաք, ոչ էլ նախկինները գան, ուզում ենք նորմալ ուժ գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ