«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հիմքեր չի տեսնում կասկածելու իրենց դաշինքով ավագանու անդամ ընտրված Նարինե Հայրապետյանի ահազանգի կեղծ լինելուն: Հիշեցնենք, որ օրեր առաջ ավագանու անդամը դիմել էր ոստիկանություն, հայտնել, որ իրեն անհայտ անձինք առեւանգել են, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ ինքը բռնաճնշումների է ենթարկվել ոստիկանությունում, իրեն գրել տվել են իր ցուցմունքը, ճնշել, որ դրա տակ ստորագրի:
Այսօր Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ Նարինե Հայրապետյանը հայտարարել է, թե ոչ ոք իրեն չի առևանգել և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով: Տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ տեսաձայնագրվել են։ Նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, կարող են նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներ։
Նարինե Հայրապետյանը կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված պաշտպանության միջոցից։ Ու քանի որ Նարինե Հայրապետյանն այսօր ուղիղ կապով հայտարարեց, որ իր կյանքին վտանգ էր սպառնում, ինչի համար լքել է ՀՀ-ն ու քաղաքական ապաստան խնդրել, Անդրանիկ Թեւանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք առեւանգման սցենարը չի՞ համարում քաղաքական ապաստան գտնելու նկատառումով նախապես բեմադրված սցենար:
«Նարինե Հայրապետյանն իր ուղիղ եթերում դրան արդեն անդրադարձել է, ինքն ասել է, որ նման բան եղել է ճնշման արդյունքում, որ կարողանա խուսափել ճնշումներից, տվել է երկրորդ ցուցմունքը, բայց ասում է, որ պետք է հիմք ընդունել իր առաջին ցուցմունքը: Դե Քննչական կոմիտեից այլ բան չէր էլ սպասվում: Մենք ունենք դեպքեր, երբ մարդիկ ոստիկանության կողմից ակնհայտորեն բռնաճնշումների են ենթարկվում, հետո հակառակ պատկերն են հրամցնում հանրությանը, ես հիմք չունեմ հավատալու իրավապահ մարմիններին»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է, որ քննչական գործողությունները քրեական վարույթի շրջանակում տեսաձայնագրվել են, Թեւանյանն ասաց. «Թող հանրայնացնեն, մենք էլ հասկանանք: Մենք ունենք փաստ, որ մարդը երկրից հեռացել է՝ հայտարարելով, որ իր դեմ ճնշումներ են եղել, այդ մասին էլ խոսել է տեսանյութում, ավելացնելու բան չկա»:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ տեղեկություններ չունի, թե այդ ում դեմ սուտ մատնություն անելու համար են ճնշումներ գործադրել Նարինե Հայրապետյանի վրա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ