Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դոգը ՔՊ-ի հետ համագործակցության չի գնում, ուրեմն սպասենք, տեսնենք փետրվարին ինչպե՞ս է իրեն դրսեւորում «Հանրային ձայնը». Հայկ Գրիգորյան

Հունվար 25,2024 22:22

Ի՞նչ է կատարվում Երեւանի քաղաքապետարանում ընտրություններից հետո: Նախ, «Հանրային ձայնը» դիտարկվում էր որպես ընդդիմադիր ուժ, հետո Հայկ Մարությանը բնութագրեց նրանց որպես քաղաքական առեւտրականներ, որոնց կյանքը 40 օր է: Հետո այս ընթացքում տարածվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առեւանգման լուրը: Դուք ներսի խոհանոցին ավելի լավ եք ծանոթ, ընդհանրապես, այս ի՞նչ  մաֆիա է Երեւանի քաղաքապետարանում:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքապետարանում ամենասկզբից մենք մտածում էինք, որ կա 3 ընդդիմադիր ուժ՝ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» եւ «Հանրային ձայնը» եւ կա 2 կոալիցիոն իշխանական ուժ՝ «Հանրապետությունը» եւ ՔՊ-ն: Սակայն կյանքը ցույց տվեց, որ «Հանրային ձայնը» իր ներկայությամբ, ավագանու նիստերին քվորում ապահովելով՝ կատարում էր  դե ֆակտո իշխանական գործառույթ, որովհետեւ  ընտրություններից հետո ձայների բաշխվածությունն այնպիսին էր, որ գոյություն չուներ «դեմ» քվեարկելու արդյունավետ մեխանիզմ, այլ կար նիստերը տապալելու ընթացակարգ: Դրա շուրջ մեզ թվում էր, որ ունենք համաձայնություն 3 ուժերի, բայց կյանքը ցույց տվեց, որ չկար, «Հանրային ձայնը» կատարում էր ՔՊ-ի համար բարենպաստ քայլեր:

Հիմա ես չգիտեմ՝ դա պատվե՞ր էր, հստակ համաձայնությո՞ւն էր՝ թղթի վրա գրված, թե բանավոր կամ այլ կերպ, բայց փաստն այն էր, որ բոլոր գործողությունները նպաստում էին ՔՊ-ի իշխանության իրականացմանը: Դրա մասին հենց Վարդան Ղուկասյանն էլ՝ Դոգն էլ խոսեց եւ ասեց, որ ինքը դեմ էր դրան: Այստեղ 2 հարց է ծագում՝ եթե ինքը դեմ էր դրան, ինչո՞ւ էր 2 ամիս հանդուրժում այդ գործելաոճը «Հանրային ձայնի», մյուս կողմից էլ մենք հիմա կտեսնենք փետրվարին ո՞նց է իրեն դրսեւորելու «Հանրային ձայնը», որովհետեւ հիմա, իմ հասկանալով, ֆրակցիան անցավ Դոգի տիրապետության տակ եւ չի ենթարկվում կուսակցությանը: Եթե կուսակցությունն էր վատ, կուսակցությունն էր գործարքի գնացել ՔՊ-ի հետ, իսկ Դոգը այդպիսի  համագործակցության չի գնում, ուրեմն սպասենք, տեսնենք փետրվարին ինչպե՞ս է իրեն դրսեւորում «Հանրային ձայնը»: Այնպես չի, որ ձեր համար է միայն անհայտ, մեզ համար էլ կանխատեսելի չէր «Հանրային ձայնի»՝ նիստից նիստ փոփոխվող վարքագիծը: Հիմա հուսով եմ, մենք կտեսնենք ավելի արմատական ընդդիմադիր «Հանրային ձայն», որը կաշխատի ընդդիմադիր գործընկերների հետ: Կյանքում մենք կտեսնենք՝ ինչքանով են իրենք պրոՔՊ-ական, կամ արմատական ընդդիմադիր թեւի մեջ»:

Ինչ վերբերում է Նարինե Հայրապետյանի առեւանգմանը, Հայկ Գրիգորյանն ասաց. «Ես դրա մասին տեղյակ եմ այնքանով, ինչքանով ԶԼՄ-ները դրա մասին գրել են: Ես իրենց հետ կապ չունեմ, որ իմանամ: Գիտեմ այն, ինչ դուք գիտեք: Իրենից ավելի սուր ելույթ ունեցողներ էլ կան ավագանու նիստերին: Եթե իրեն առեւանգել են, որ ինքը սուր ելույթներ չունենա…չգիտեմ ինչ գործունեությամբ է զբաղվել: Կարող է ավագանու նիստերից դուրս զբաղվել է այլ ընդդիմադիր գործունեությամբ, կարող է այցելել է ինչ-որ մի շինհրապարակ, մի բան է բացահայտել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031