Հայկ Մարությանը որոշել է լքել «Ազգային առաջընթացը», լուրեր կան, որ նա նոր կուսակցություն է ստեղծում, այդ մասին նաեւ հաստատել է իր թիմակից Իզաբելլա Աբգարյանը: Այս եւ այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, ի՞նչ տարաձայնություն է առաջացել, ի՞նչ սեւ կատու է անցել ձեր մեջ, որ Հայկ Մարությանը որոշել է ձեզ հրաժեշտ տալ:
Հայկ Գրիգորյան- Ձեր հարցի մեջ սխալ դատողություն կա: Ինքը չի հեռանում «Ազգային առաջընթացից», որովհետեւ ինքը ֆրակցիայի անդամ է, մնում է ֆրակցիայի անդամ: Ինքը մեր կուսակցության անդամ երբեք չի էլ եղել, որ լքի: Ինքը ուղղակի որոշում է կայացրել հիմնել կուսակցություն, այդքան բան: Ավելի մանրամասն երեւի մոտակա ամիսներին կիմանաք, որովհետեւ այս պահին չկա հստակ որեւէ բան: Ամեն դեպքում լքելու մասին խոսք չկա:
-Գիտենք, որ վերջերս «Ազգային առաջընթացի» նիստ է եղել, որին մասնակցել է Հայկ Մարությանը եւ բացատրություններ է տվել իր այդ գաղափարի հետ կապված, այդպե՞ս է, թե՞ այդպես չէ:
Կարդացեք նաև
– Ոչ, ուղղակի այդ գաղափարի մասին կիսվել է ֆրակցիայի անդամների հետ, ուրիշ ոչ մի բան:
– Ձեզ համար Մարությանի բացատրությունը ընկալելի՞ է, թե՞ դավաճանություն եք դա համարում:
-Չէ, դավաճանության մասին խոսք չկա, որովհետեւ մեր ֆրակցիան չի տրոհվում: Մեր ֆրակցիան, որպես Երեւանի ավագանու անդամ, մնում է անսասան, նույն սկզբունքներին հավատարիմ, նույն մարդկանց կազմով: Այստեղ բաժանման մասին խոսք չկա:
-Արդյոք պատճառն ա՞յն է, եղել, որ Մարությանն ասել է՝ չեմ կարողանում միանձնյա կառավարել «Ազգային առաջընթացը», որովհետեւ մամուլում այդպես էր լուրը տարածվել:
-Բացարձակ նման խոսք չի գնացել:
-Բացի այդ, ասում են, որ Մարությանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու էլի չի ուզում ձեր դուռը թակել, իր առանձին կուսակցությամբ է ուզում մասնակցել:
-Սխալ մեկնաբանություն է: Այս պահի դրությամբ կա նման գաղափար իր կողմից, կիսվել է, որ նպատակ կա հիմնադրելու կուսակցություն: Այդքան բան: Դրանից ավել կարող եք այդ մամուլին հարցնել՝ ինչի են նման բաներ գրում: Դա այդ մարդու որոշումն է՝ իր թիմակիցների հետ բացելու կուսակցություն:
Դա ոչ մի ձեւ չի անդրադառնում մեր հիմիկվա ավագանու աշխատանքների վրա, կարծում եմ, հետագայում էլ չի անդրադառնա, որովհետեւ չգիտենք որեւէ հստակ բան թե մեր մասով, թե իր, թե երկրի մասով: Այս պահին կարող եմ ասել, որ ավագանու մեր ֆրակցիան անսասան է, կազմով նույնն է, գաղափարներով, սկզբունքներով էլ, որեւէ բան չի փոխվել:
-Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ընտրություններից առաջ ձեզ հետ համագործակցում է ինչ-որ մեկը, ընտրություններն ավարտվում են, ձեզ ասում են՝ հաջողություն: 2018-ին էլ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Լուսինե Հարոյանը ձեր ցուցակը գլխավորեց, կարճ ժամանակ անց ասեց՝ ցտեսություն:
-Ընդհանրապես դրանք համեմատելու բաներ չեն: Ինքը չի ասել ցտեսություն, իրեն հեռացրել ենք կուսակցությունից: Տարբերությունն այն է, որ Լուսինեն եղել է մեր կուսակցության անդամ, իրեն կուսակցությունից հեռացրել ենք, Հայկ Մարությանը մեր կուսակցության անդամ չի եղել: Շատ մեծ տարբերություն կա ու մեզ ոչ մեկը ցտեսություն չի ասում ո՛չ հիմա, ո՛չ էն ժամանակ: Էն ժամանակ մենք ենք ասել ցտեսություն, իսկ հիմա հիմնադրվում է մեկ այլ կուսակցություն, բայց «Ազգային առաջընթաց» խմբակցության մեջ որեւէ մեկը իրար ցտեսություն չի ասում, ոչ մենք, ոչ Հայկ Մարությանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ