«Հայաստանի հետ մենք ունենք նույն նպատակները՝ ուժեղացնել անվտանգությունը Եվրոպայի տարածքում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Ուստի մենք մեր հարաբերությունները ՀՀ-ի հետ չենք դիտարկում երրորդ երկրից կախվածության մեջ։ Մեր երկու կողմերից՝ ՀՀ-ից և ԵՄ-ից է կախված, թե ինչ չափով կինտենսիվացնենք մեր հարաբերությունները»,-Aravot.am-ի փաստմանը՝ ավանդաբար ԵՄ-ՀՀ հարաբերությունները դիտարկվել են ԵՄ-ՌԴ հարաբերությունների համատեքստում և հարցին՝ այժմ կարո՞ղ ենք ասել, որ այս ընկալումը փոփոխվել է, այսպես պատասխանեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիայի իրականացրած հետազոտություն առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում Գերմանիայի դեսպանը վստահեցրեց՝ ԵՄ-ում ցանկանում են բավարարել Հայաստանի ակնկալիքները որքան հնարավոր է տեսանելի կերպով․ «ԵՄ-ն, Գերմանիան ևս պատրաստ է աջակցել Հայաստանին այս խաղաղության գործընթացում։ Մենք ուզում ենք օգնել որքան կարող ենք, որպեսզի տարածաշրջանում հասնենք խաղաղության, ինչը բարգավաճման և ապագա զարգացման նախապայման է։ Ուստի դրա համար մենք չենք կենտրոնանում երրորդ երկրների վրա, մենք կենտրոնացած ենք մեր հարաբերությունների վրա»։
Մեր փաստմանը՝ ԵՄ-ից ՀՀ-ի սպասելիքները մեծ են և հարցին՝ իրականում արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է բավարարել այդ սպասելիքները, եթե անկեղծ լինենք, Գերմանիայի դեսպանը պատասխանեց․ «Հայաստանի հետ մեր հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին ենք։ Այդ հարցում կարող ենք հաջողությունների մասին խոսել՝ առաջին հերթին ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը խորը և համապարփակ համաձայնագիր է և մեզ տալիս է լայն հեռանկարներ։ Ունենք շատ գործողություններ նաև քաղաքական հարցերում՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, բարեփոխումների հարցում աջակցության, ինչպես նաև մշակույթի, կրթության ոլորտում։ Սակայն հասկանալի է, որ շատ ավելին պետք է արվի։
Կարող եմ ասել, որ այս հարցը մշտապես քննարկվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև, ԵՄ անդամ երկրների միջև։ Հույս ունեմ, որ կհաջողենք Հայաստանին ավելի մոտեցնել ԵՄ-ին և նաև հաղթահարել մարտահրավերները։ Դրա համար էլ մենք պաշտոնականացրել ենք շատ արդյունավետ համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակում քննարկում ենք՝ ինչպես ուժեղացնել ՀՀ-ի ճկունությունը և ինչպես բավարարել ՀՀ-ի ակնկալիքները ԵՄ-ից»։
Կարդացեք նաև
Հիշեցրինք՝ ՀՀ-ի բարձրագույն ղեկավարության մակարդակով հաճախ են հնչում տեսակետներ, որ Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և հարցրինք՝ սա ԵՄ-ի համար բավարար ազդա՞կ չէ վերանայելու Հայաստանից ակնկալիքները, դեսպանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության ձևաչափերը։ Մենք ականջալուր ենք Հայաստանի հավակնություններին ու ցանկություններին, որոնք վերաբերում եմ ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը։ Այս առումով շատ կարևոր էր ՀՀ վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում։ Եվ մենք աշխատում ենք հենց այս ուղղությամբ։ Եվ սա ուղղված չէ երրորդ երկրի դեմ, այլ ուղղված է Հայաստանին օգնելուն, որպեսզի հասնի այն ժողովրդավարական օրակարգի իրականացմանը, որը հենց ինքն է ընտրել»։
Հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանին ԵԽԽՎ-ից առնվազն մեկ տարով հեռացնելը նրան պատժելու գործընթացի սկի՞զբ դիտարկել, թե՝ մեկ տարուց Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ, և ամեն ինչ կմոռացվի, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը պատասխանեց․ «ԵԽ կանոնակարգը բոլոր անդամ երկրների համար է, և անդամ երկրներն իրենք են ստանձնել հանձնառություն՝ մուտք գործելով այս կազմակերպություն։ Այդ է պատճառը, որ կարգը տարածվում է բոլորի վրա՝ նաև Հայաստանի։ Իսկ Ադրբեջանի հետ կապված հետագա քայլերը կբխեն իրավիճակից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ