«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացան բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ մենամարտերը, որոնց ավարտին հայտնի դարձան 13 քաշային կարգերում երկրի չեմպիոնները եւ մեդալակիրները։
Ըստ քաշային կարգերի, ոսկե մեդալ նվաճեցին․ 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Արեն Ասլամազյան, 54 կգ՝ Դավիթ Եգորյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ՝ Արարատ Հարությունյան, 71 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 86 կգ՝ Համլետ Հարությունյան, 92 կգ՝ Հենրիկ Ճղրիկյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ին ասաց, որ ինքը նախօրոք էր հայտարարել, որ մինչեւ Հայաստանի առաջնության մեկնարկը ուսումնամարզական հավաք չի անցկացնելու, որպեսզի բոլոր բռնցքամարտիկները այս պատասխանատու մրցաշարին նախապատրաստվեն հավասար պայմաններում՝ իրենց ակումբներում ու անձնական մարզիչների ղեկավարությամբ։ Այնպես որ, Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքները արձանագրում են տեղերում մարզիչների կատարած աշխատանքի որակը։
Կարդացեք նաև
Պարոն Աղամալյանը նաեւ ասաց, որ չեմպիոն դարձան կամ եզրափակիչ մտան հիմնականում այն մարզիկները, ովքեր պետք է որ դա անեին։ Սակայն եղան մեկ-երկու բացառություններ։ Մարզիչը անուններ չտվեց։ Միայն վստահեցրեց, որ իր նոթատետրում արդեն նշել է ազգային հավաքականի ընդլայնված կազմ ընդգրկվող բռնցքամարտիկների անունները, որոնք պետք է ինտենսիվ մարզվեն։ «Հատկապես օլիմպիական քաշերից, հնարավոր է, հավաքական հրավիրվեն ավելի շատ բռնցքամարտիկներ։ Եվ միայն ուսումնամարզական հավաքների արդյունքով մարզչական շտաբը կորոշի, թե ով ինչ մրցման կմասնակցի», ասաց մասնագետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ