Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարցազրույցների ընթացքում, որոնք կատարվել են եվրոպացիների հետ, նրանք շեշտում էին, որ ԵՄ-ն չի ուզում որևէ մեկի տեղը գրավել»․ Անահիտ Փիլիպպոսյան

Հունվար 25,2024 19:44

«Մեր հետազոտության արդյունքներից է այն, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման լավ հիմք կա՝ ՍԵՊԱ-ն։ Նոր ուղղություններ էլ կան, որոնք ամրագրված չեն ՍԵՊԱ-ում, որոնք ավելի վերաբերում են անվտանգությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ իրենց կատարած հետազոտության արդյունքները, ասաց ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիան իրականացրել է հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու այս զարգացող և բազմակողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի տեսանկյունից: Հետազոտությունն իրականացվել է տարբեր շահառուների շրջանում Երևանում, Բրյուսելում՝ ԵՄ-ի աշխատակիցներ, դիվանագետներ, Երևանում ապրող եվրոպական դիվանագետներ, Բրյուսելի և ՀՀ-ի քաղհասարակության անդամներ։

Երևանում կազմակերպված «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագրով միջոցառմանը ներկայացվեցին հետազոտության արդյունքները։ Ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի, Շվեդիայի դեսպանները, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը նշեց․ «Նման նախաձեռնությունները կարևոր են, քանի որ նրանք մեզ՝ դիվանագետներիս և կառավարությանը թույլ են տալիս հասկանալ՝ տարբեր խաղացողներ և դերակատարներ ի՞նչ են մտածում և ի՞նչ ակնկալիքներ ունեն։ Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հիմա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ են բացվել, երկու կողմից էլ կա քաղաքական կամք խորացնելու հարաբերությունները։ Մեզ պետք է հասկանալ, թե ինչ կոնկրետ առաջարկություններ կան, ինչ է առաջարկում քաղհասարակությունը, փորձագետները, որ մենք չենք մտածել և օգտվել նաև այդ առաջարկներից»։

Մեզ հետ զրույցում Անահիտ Փիլիպպոսյանն ասաց, որ հետազոտության մյուս արդյունքն այն է, որ պետք է ավելի մեծ աշխատանք տանել, որ ՍԵՊԱ-ում նշված բարեփոխումներն իրականանան․ «Անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Մի կողմից ԵՄ-ն նկատի է ունենում ՀՀ-ՌԴ հարաբերությունները, մյուս կողմից դիտարկում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Բայց ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է, որ ԵՄ-ն տարածաշրջանային զարգացումներին տա համարժեք արձագանք։ Հայտարարություններ են հնչում բարձր քաղաքական ներկայացուցիչներից՝ ասելով, որ եթե Ադրբեջանը հարձակվի, հետևանքներ պետք է լինեն։ Մի քանի անգամ այս հայտարարությունները տեսել ենք, բայց չենք տեսել հետևանքները։ Դա կարևոր կետ էր մեր հարցազրույցներում»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ցույց տալիս հետազոտության արդյունքները՝ արդյոք ՀՀ-ի կողմից ԵՄ-ից սպասելիքները չափազանցեցվա՞ծ չեն, իրականում ի՞նչ կարող է ԵՄ-ն առաջարկել ՀՀ-ին, Անահիտ Փիլիպպոսյանը պատասխանեց․ «Ըստ մեզ՝ երկու կողմից ռազմավարական տեսլականի պակաս կա։ ԵՄ-ի համար հստակ չէ, թե ինչ հավելյալ դեր է ուզում ունենալ այս տարածաշրջանում։ Հակասական դիրքորոշումներ ենք տեսնում ԵՄ-ից, և ՀՀ-ն էլ ասում է, կամ ՀՀ կառավարությունն ասում է, որ հայ ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի, բայց ի՞նչ է դա նշանակում։ Կամ ասել, որ մենք պատրաստ ենք առաջ մղել այս հարաբերությունները որ չափով ԵՄ-ն կուզի․ դա նշանակում է պասիվ ձևով մոտենալ հարաբերությանը։ Եվ ուրեմն սպասելիք կա ԵՄ-ից։ Մեզ հարցազրույցներում ասացին, որ ՀՀ-ից ավելի ակտիվ դիրքորոշում են ուզում, որ հասկանան, թե ինչ է ՀՀ-ն ուզում ԵՄ-ից և ոչ միայն անվտանգության մասին, այլև ավելի ընդհանուր»։

Մեր փաստմանը՝ ընդհանուր ընկալումն այն է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում և հարցին՝ հիմա ներկայումս այս ընկալման հարցում կա՞ն փոփոխություններ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մեր հարցազրույցների ընթացքում, որոնք կատարվել են եվրոպացիների հետ, նրանք շեշտում էին, որ ԵՄ-ն չի ուզում որևէ մեկի տեղը գրավել։ Դա հստակ է և, ավելին, ասացին, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացումն ուղղված է ավելի Հայաստանը զարգացնել Ադրբեջանի հանդեպ։ Սա է ընդհանուր մոտեցումը։ Եվ մեր հետազոտության նպատակն է այն, որ իրատեսական հասկացողություն ունենանք, թե որն է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման պոտենցյալը և որոնք են սահմանափակումները»։ Հետազոտության արդյունքում ձևակերպվել են մի շարք առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ ԱԳՆ-ին, ԵՄ-ի գործընկերներին։ Անահիտ Փիլիպպոսյանն այս առիթով ասաց․ «Հետազոտության արդյունքում ձևավորված առաջարկներից է այն, որ ՀՀ-ն ավելի աշխատի դիվերսիֆիկացիայի վրա՝ նկատի ունենալով իր ավանդական և նոր դիվանագիտական գործընկերներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031