Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե մենք որակը երաշխավորող մեխանիզմներ չունենանք, կարող ենք խնդիրների առաջ կանգնել. Փաշինյան

Հունվար 25,2024 17:48

Կբարելավվի պետբյուջեով դպրոցների և կրթահամալիրների կառուցման գործընթացի արդյունավետությունը. սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար: «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու միջոցով նախատեսվում է կարգավորել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչն առավել կանխատեսելի կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թ.: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը՝ մասնակից շինարարական ընկերությունների համար, միաժամանակ կանխատեսելի կդարձնեն հնարավոր բարձր գնային առաջարկների առավելագույն շեմը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները չեն գերազանցում հրավերով հրապարակված գնի տաս տոկոսը, ապա անկախ հայտեր ներկայացրած մասնակիցների քանակից, գնահատող հանձնաժողովը ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարում է ընտրված մասնակից, ինչը թույլ կտա հստակեցնել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնային առաջարկների առավելագույն շեմը և պատվիրատուին միաժամանակ թույլ կտա կիրառել միանման մոտեցում տարբեր գնման գործընթացների գնահատման ժամանակ: Կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված շուկայում շինարարական աշխատանքների մեծ ծավալով և շինարարական ընկերությունների մեծ մասի ներգրավվածությամբ մասնավոր պատվերների շրջանակներում, որտեղ հաշվարկային շահութաբերությունն ավելի բարձր է քան պետական գնումների շրջանակում շինարարական աշխատանքների ձեռքբերման ժամանակ հաշվարկային շահույթը: Հաջորդ հիմնական հանգամանքը պայմանավորված է նշված ծրագրի շրջանակներում և սույն որոշման կարգավորումների կիրառմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված 82 գնման գործընթացների համապարփակ վերլուծության համաձայն՝ գնման գործընթացների շրջանակում հայտ չի ներկայացվել 21 օբյեկտների դեպքում, նախահաշվային գնից բարձր գնային առաջարկ է ներկայացվել 34 դեպքում, որից մինչև 10 տոկոս ավելի գին է ներկայացվել 6 դեպքում, 10-20 տոկոս միջակայքում՝ 2, 20-30 տոկոս ավելի միջակայքում՝ 13 և 30 տոկոսից ավելի գնային առաջարկ ևս 13 դեպքում և ընդամենը 27 դեպքում է, որ գնային առաջարկը պակաս կամ հավասար է եղել հրապարակված նախահաշվային գնին: Ըստ այդմ՝ դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու միջոցով նախատեսվում է կանոնակարգել պետական գնումներով իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակում հրապարակված նախահաշվային գնից ավելի գնային առաջարկի առավելագույն շեմը, ինչն առավել կանխատեսելի և գրավիչ կդարձնի գնման գործընթացները:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դաշտն ուսումնասիրելով՝ հանգում ենք հետևյալ եզրակացության, որ տնտեսական ակտիվության պայմաններում, այդ թվում՝ դպրոցաշինության գրավչությունը, շինարարական ոլորտի համար երբեմն բավարար չափով բարձր չէ: Եվ եթե շատ կարճ ձևակերպենք այս որոշման իմաստը և նպատակը, ապա՝ խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել»:

 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախկինում շինարարական ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել, որի ժամանակ այդ հարցը նույնպես բարձրացրել է: «Իմ հիմնական ուղերձն այն է եղել, որ մեծ ծավալի դպրոցաշինության ծրագրեր ենք իրականացնում և ուզում ենք քաջալերել և կոչ անել, որ շինարարական ընկերություններն ակտիվ մասնակցեն։ Նրանցից մի քանիսի կողմից այսպիսի հարց էր բարձրացվել՝ քանի որ մասնավոր հատվածում շինարարությունը շատ ակտիվ է, և նաև շահութաբերությունը բարձր՝ 20 տոկոս, երբեմն ավելի մեծ, դպրոցաշինության ոլորտում, որտեղ մեր կարգավորումներով շահութաբերությունը նախատեսված է մոտավորապես 10 տոկոս, այդ ոլորտում հետաքրքրությունները ընկերությունների համար այդքան էլ մեծ չեն: Կան բազմաթիվ մրցույթներ, որոնց հայտ չի ներկայացվել: Մենք որոշեցինք, այնուամենայնիվ, արձագանքել շուկային, որպեսզի կարողանանք 300 դպրոցի ծրագիրը բարեհաջող իրականացնել»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մի ժամանակ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է, որ փող ունենանք՝ մնացած հարցերը կլուծենք: Հիմա, ըստ վարչապետի, այն դեպքն է, երբ փող ունենք, բայց չենք կարողանում անհրաժեշտ մակարդակով ինչ-որ բան կառուցել: «Մենք պետք է որոշակի ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք, որպեսզի մեր ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոնները, ճանապարհները և մնացած կապիտալ շինարարություններն ունենանք: Մենք պետք է արձանագրենք, որ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագիր, համակարգված պրակտիկա 3-րդ հանրապետության պատմության մեջ, ըստ էության, չի եղել: Պետք է քայլենք այս ճանապարհով և հասնենք այն տեղը, որտեղ ուզում ենք: Ամենակարևորը չհուսահատվելն է, չհանձնվելն է: Ես ողջունում եմ, որ նախորդիվ փոխվարչապետը մի առիթով ասաց, որ սա ոչ թե 300 դպրոցի ծրագիր է, այլ սա առաջին 300 դպրոցի ծրագիրն է: Մենք մեր բոլոր դպրոցները պետք է բերենք նույն ստանդարտի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ պետք է արձանագրել խնդիրները և փնտրել, գտնել դրանց լուծումները:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հայտնել է, որ 300 դպրոցների ծրագրի շրջանակում ավարտվել է 28 դպրոցների շինարարությունը, 24-ը գտնվում է ընթացքի մեջ, որը նախատեսվում է ավարտել՝ 2024 թ.-ին, ևս 15-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025-2026թթ.-ներին:

Անդրադառնալով դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես քիչ թվով բնակչություն ունեցող վայրերում մոդուլային դպրոցների առկայությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է կրթական պլատֆորմ ունենալու անհրաժեշտությունը, որի շուրջ պետք է կառուցել բնակավայրի զարգացման ռազմավարությունը: «Մենք կառուցվող դպրոց ունենք մի բնակավայրում, որտեղ այս պահին կա, ենթադրենք, 25, 30 աշակերտ: Իսկ դպրոցը նախատեսված է ավելի քան 100 աշակերտի համար: Խնդիրն արձանագրելով՝ մենք գալիս ենք լուծումների, որոնք հետաքրքիր են: Մենք ասում ենք՝ շատ լավ, այստեղ դպրոց ունենք, եկեք մտածենք այս գյուղի բնակչությունն ավելացնելու մասին»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այդ նպատակին հասնելու քայլերը, մասնավորապես՝ բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրերում կետ ավելացնել, որ եթե այդ բնակարանը ձեռք է բերվում այն գյուղում, որտեղ մոդուլային դպրոց է կառուցվում, ապա ավելի գումար կտրամադրվի: Վարչապետն ընդգծել է նաև այդ բնակավայրերում ենթակառուցվածքների՝ ամբուլատորիաների, ճանապարհների առկայության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի վերջո պետք է անել այդ քաղաքական արձանագրումները՝ առերեսվելով մեր իրականության հետ. «Պետք է արձանագրենք՝ մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մենք պետք է սովորենք դպրոց ունենալ, մենք պետք է սովորենք դպրոց պահպանել, մենք պետք է սովորենք առողջապահական հիմնարկ կառուցել, մենք պետք է սովորենք ճանապարհ կառուցել: Հնարավոր է ասեն՝ դուք մինչև հիմա դպրոց կառուցել չգիտե՞ք: Այո՛, փաստն այն է, որ չգիտենք, փաստն այն է, որ մենք առերեսվում ենք այդ իրականության հետ: Այս ուղերձը մենք պետք է մեզ տանք, մենք պետք է սովորենք: Ավելին՝ մենք պետք է սովորենք պետություն ունենալ՝ ի՞նչ է նշանակում պետություն ունենալ, ի՞նչ է նշանակում պետություն զարգացնել, ի՞նչ է նշանակում պետություն պահպանել, ի՞նչ է նշանակում պետություն ընդհանրապես»:

Կանցկացվի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ

Գործադիրը հավանություն է տվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրենքի նախագծով կարգավորվում են ԵՄ ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգությանն առնչվող հիշյալ հրահանգների պահանջներով սահմանված դրույթները, ինչպես նաև վարչապետի համապատասխան հանձնարարականով նախատեսված օրենքով լիազորող նորմերի սահմանման գործընթացները։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ՝ կհստակեցվեն օրենքում իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմերը, կսահմանվեն ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի և ճանապարհային թունելների անվտանգության նվազագույն պահանջներով նախատեսված հարաբերությունների հետ կապված դրույթները: Կհստակեցվեն ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում, բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում և պաշտպանական գոտիներում կառուցապատման պահանջները: Պետական ճանապարհային մարմինը կիրականացնի նաև ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորման գործառույթներ: Ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման արդյունքում ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ճանապարհի շինարարության պլանավորումից մինչև ճանապարհը շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում կիրականացվեն ճանապարհային անվտանգության աուդիտներ, որը կհանգեցնի ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավմանը: Թունելների անվտանգության ապահովման մասով կսահմանվեն նվազագույն տեխնիկական պահանջներ (օդափոխության համակարգերի, տարհանման, լուսավորության, հակահրդեհային համակարգերի և այլն), ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման մարմնի կողմից կիրականացվեն թունելների անվտանգության նկատմամբ հսկողության, գնահատման և փորձարկման գործընթացներ, կուժեղացվի թունելների անվտանգությանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային անվտանգության աուդիտորի և թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու և որակավորման վկայական տալու համար մասնակիցներից կգանձվի օրենքով սահմանված բազային տուրքի համապատասխանաբար 20-ապատիկի և 10-ապատիկի չափով գումար։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ճանապարհային երթևեկության անվտանգությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, նաև աշխատանքային խումբ ունենք, որ անընդհատ աշխատում է հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհային երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով՝ նաև Ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում: Լավ լուրն այն է, որ այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք և տեսել, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»: Կառավարության ղեկավարը նման հարցերում կարևորել է նաև ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը, քանի որ այն որոշումները, որոնք կայացվում են, շատ դեպքերում նման հարցերի և շատ իրավիճակների չեն պատասխանում:

Անդրադառնալով ճանապարհային անվտանգության աուդիտին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կողմից հարց է առաջադրվել այն մասին, որ պետք է ոչ միայն ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացվի, այլ նաև ճանապարհների որակի աուդիտ իրականացվի: «Այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ այն վիճակում չէ, որ պետք է լիներ: Այսինքն՝ ավելի վատ վիճակ է, գոնե իմ զգացողությամբ, քան պետք է լիներ: Բայց մյուս կողմից՝ մենք այդ ճանապարհն ընդունել ենք, այնտեղ հորատումներ են անում, ստուգումներ են անում, բայց մենք ամեն իքս պահի չունենք այն հարցի պատասխանը, որ 4 տարի կամ 5 տարի կամ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհն այսօր այն վիճակո՞ւմ է, որը մեր ստանդարտով պետք է լիներ, թե՞ չէ»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ եթե դա լիներ կոռուպցիոն գործարքի հետևանք, ապա հեշտությամբ կբացահայտվեր ճանապարհների՝ պատահականությամբ ընտրված հատվածներից հորատումներ իրականացնելով և դրանց ստուգման արդյունքները տեսնելով: Ամփոփելով ճանապարհների որակի հետ կապված թեման՝ կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է բանաձև ունենալ, որը կպատասխանի այն հարցին, թե շահագործման հանձնելուց հետո այդ ճանապարհն ինչ վիճակում պետք է լինի: «Եթե մենք որակը երաշխավորող մեխանիզմներ չունենանք, կարող ենք խնդիրների առաջ կանգնել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացված դիտարկումներին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշել է. «Լաբորատոր ուղղությամբ այս տարիներին բազմաթիվ փոփոխություններ ունենք, սկսած՝ սարքավորումներից, որոնք նախկինում չունեինք, չափման նոր մեթոդներ, որոնք չունեինք: Մենք առաջ անհարթությունը չէինք չափում, հիմա՝ չափում ենք, առաջ այլ նյութով էինք գծանշում անում, հիմա՝ այլ նյութով: Այսինքն՝ այս ոլորտում մենք բավականին փոփոխություններ ունենք, բայց զուգահեռ նաև իրավական փոփոխություններ ենք անում, որոնցից մեկն էլ այսօր նշեցի, որ ճանապարհների աուդիտին է վերաբերում, սկսած՝ նախագծման փուլից, որովհետև հաճախ մեր խնդիրները, գիտեք, նաև նախագծման փուլից է գալիս»: ՏԿԵ նախարարը նաև հավելել է, որ բարձրացված բոլոր հարցերին և մտահոգություններին մանրամասն անդրադարձ կլինի:

Վերջին օրերին եղանակային պայմանների բերումով ճանապարհների սպասարկման հետ կապված քննարկումներին անդրադառնալով՝ վարչապետը հետաքրքրվել է նաև ճանապարհների սպասարկման մրցույթների կարգի և պահանջների հետ կապված են 2021 թվականին կատարված փոփոխությունների արդյունքից: Այս հարցին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշել է. «Եթե մինչև փոփոխությունը հանրապետության 38 սպասարկող տարածքներում 305 տեխնիկա էր աշխատում, հիմա աշխատում է 420: Այսինքն՝ նախ քանակական այդպիսի փոփոխություն ունենք: Երկրորդ՝ եթե նախկինում միջպետական ճանապարհներին մենք ունեինք աղը, ավազը բահով ցանելու ավանդույթը, ապա հիմա տեխնիկաներով ենք իրականացնում: Մյուս փոփոխությունը վերաբերում է տեխնիկայի տարեթվերին: Մենք սահմանել ենք, որ մինչ 15 տարեկան լինեն, բայց որպեսզի ընկերությունների համար մեծ ծանրաբեռնվածություն չլինի տարիներ ենք սահմանել»:

Ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված վարչապետն ընդգծել է նաև ձմեռային ամիսներին իրավաբանական անձին պատկանող մեքենաների ոչ ձմեռային անվադողերով երթևեկության համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի կարևորությունը:

Կառավարությունը նախատեսում է աջակցել ընկերություններին թվայնացման գործընթացում

Գործադիրն ընդունել է որոշում, որով «Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մեկ բաղադրիչ ավելացնել, որը կնպաստի ընկերությունների թվայնացմանը: Կսահմանվեն նաև արդյունքային ցուցանիշներն Արտադրողականության խթանման միջոցառման իրականացումն առավել արդյունավետ ապահովելու համար:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ տարեկան առնվազն 1000 նոր/չօգտագործված մեքենա-սարքավորումների ներդրում ձեռնարկություններում, մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների արտադրական տարածքների ընդլայնում, արտադրողականության և տեխնոլոգիական հագեցվածության բարձրացում, տարեկան առնվազն 400 բիզնես սուբյեկտներին բիզնես գործընթացների օպտիմալացման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական օժանդակություն, տարեկան 400 բիզնես սուբյեկտի ֆինանսական աջակցություն, ով անցում կկատարի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը բիզնես գործընթացներում։ Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ հիմնավորման՝ Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակում ձևավորված վարկային լիզինգային պայմանագրերով։ Պորտֆելի 59%-ը ուղղվել է ՓՄՁ ֆինանսավորմանը։ Լիզինգային պորտֆելը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 207 մլրդ դրամ՝ 3591 կնքված վարկային պայմանագիր:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այս պահի դրությամբ աջակցության ծավալի մոտավորապես 45 տոկոսը իր վրա է վերցրել մշակող արդյունաբերությունը, շինարարության ոլորտում գրանցվել են 47 միլիարդի ներդրումներ, նաև առողջապահության ոլորտի ընկերություններն են բավականին արագ թարմացնում իրենց սարքավորումները: Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսվում էր բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ. 28 ընկերությունում ներգրավվել է 367 մասնագետ: Սուբսիդավորվում է նրանց 3 տարվա աշխատավարձի 20, 50 կամ 70 տոկոսը: «Հիմա մենք ավելացնում ենք երրորդ բաղադրիչը, որն ուղղված է ընկերությունների թվայնացմանը: Այսօր Հայաստանում ընկերությունների 90 տոկոսից ավելին թվային առումով հասուն չէ, և մենք այս գործիքով փորձում ենք ընկերություններին օգնել դառնալ թվային ընկերություններ, այսինքն՝ արդիականացնել, թվայնացնել իրենց պրոցեսները»,- ասել է նախարարը:

Վահան Քերոբյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում նախատեսված 3 բաղադրիչը: Նախ տրամադրվում է խորհրդատվության համար սուբսիդավորվող վարկ, որպեսզի ընկերությունները թվայնացման գործընթացի ընթացքում ձեռք բերեն որակյալ խորհրդատվություն: Երկրորդ՝ բուն թվայնացման պրոցեսի համար սուբսիդավորվում են թվայնացման ներդրումները: Երրորդ՝ հաջողության պարագայում, երբ ընկերությունները գրանցում են միանգամից 2 արդյունք, այն է՝ ներդնում են որակի կառավարման և թվայնացման ստանդարտներ ու ստանում են այդ ստանդարտները, ինչպես նաև արդյունք են ստանում արտահանման դիվերսիֆիկացիայի մասով, ապա խորհրդատվության համար տրամադրված գումարի վարկի կեսը դրամաշնորհի տեսքով հետ կփոխանցվի:

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ տնտեսական արդիականացման ծրագիրը հանրության շրջանում հայտնի է որպես լիզինգի ծրագիր, որը ներդրվել է քովիդի շրջանում: Ըստ վարչապետի՝ ծրագրի արդյունքն այսօր տեսանելի է, այդ թվում՝ շինհրապարակներում առկա ժամանակակից, բարձր որակի տեխնիկայի առումով: «Դրանից հետո մենք ավելացրել ենք ևս մեկ բաղադրիչ, որով մենք օգնում էինք ընկերություններին հրավիրել բարձրակարգ մասնագետներ: Եվ հիմա ավելացնում ենք երրորդ բաղադրիչը՝ նույն բանաձևով կօգնենք ընկերություններին թվայնացման, կառավարման համակարգերի ներդրման և արդյունավետության բարձրացման դեպքում՝ ավելացնելով նաև հետվճարի բաղադրիչ: 2020 թվականի մարսին 26-ին այս որոշումը կայացրել ենք, և այս ծրագիրը շարունակաբար օգուտներ է բերում ՀՀին»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ «շինարարության բումը» նաև այս որոշման արդյունքում է տեղի ունեցել:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս ծրագիրը փող աշխատող ծրագիր է. «Մենք վերլուծել ենք այն ընկերությունների պահվածքը, որոնք օգտվել են ծրագրից, և տեսել ենք, որ նրանք 2023-ի առաջին 9 ամիսներին 32 տոկոսով ավելի հարկ են վճարել, քան 2022 թվականին են վճարել, այն դեպքում, երբ մյուս ընկերությունները 15 տոկոսով են ավելի վճարել: Ավելի վճարած հարկն ավելին է, քան մեր կողմից այս վարկերի սուբսիդավորման ամբողջ գումարը: Այսինքն՝ մենք ընկերություններում ներդնում ենք X, իսկ նրանք ավելի վճարած հարկերի տեսքով հետ վերադարձնում են X և մի բան էլ ավելի»:

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ այս ծրագիրը կառավարություն-մասնավոր հատվածի «հարստացի՛ր և հարստացրո՛ւ» բանաձևի շատ գործնական օրինակ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելել է, որ ծրագիրն ունի նաև հարակից արդյունքներ: Մասնավորապես՝ այն նաև էներգախնայողության մանդատ ունի, քանի որ այն սարքավորումները, որոնք լիզինգով ներմուծվում են, փոխարինում են այն սարքավորումներին, որոնք էներգախնայողության տեսանկյունից անթույլատրելի են իրենց ստանդարտներով:

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ. 2023 թ. դեկտեմբերին այդ թիվը կազմել է 741 հազար 726

 Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ ՀՀ-ում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ:

Միջին ամսական աշխատավարձը (այսինքն՝ մեկ աշխատողի հաշվով) 2023թ. դեկտեմբերին կազմել է 356,180 ՀՀ դրամ: 2023թ. դեկտեմբեր` 2018թ. դեկտեմբերի նկատմամբ՝ ավելի է 133,399 ՀՀ դրամով կամ 59.9%-ով, 2023թ. դեկտեմբեր` 2022թ. դեկտեմբերի նկատմամբ՝ ավելի է 25,273 ՀՀ դրամով կամ 7.6%-ով:

 «Կարևոր է աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը՝ 2023 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդը կազմել է 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոն դրամով կամ 173 տոկոսով։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր 13,3 տոկոսով կամ 31 միլիարդ դրամով։ Սա կարևոր է արձանագրելու համար գնաճի և աշխատավարձերի աճի հարաբերակցությունը։ Էական եմ համարում նաև համեմատել եկամտային հարկի վճարման ցուցանիշները. 2023 թվականի դեկտեմբերին եկամտային հարկը կազմել է 52 միլիարդ 199 միլիոն դրամ, որը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 28 միլիարդ 35 միլիոն դրամով։ Սա այն էֆեկտն է, երբ մենք նվազեցրել ենք եկամտային հարկի դրույքաչափը, բայց կրկնակիից ավելի եկամտային հարկ ենք հավաքել», -ասել է վարչապետը:

 

Աշխատատեղերի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ևս մեկ կարևոր վիճակագրություն. «2018 թվականի դեկտեմբերին, մինչև 150,000 դրամ վարձատրությամբ աշխատողների թվաքանակը ընդհանուրի մեջ կազմում էր 60,4 տոկոս։ 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 43,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 17 տոկոսով ցածր աշխատավարձային սեգմենտը նվազել է։ 150 000-500 000 դրամ աշխատավարձ ստացողները 2018 թվականի դեկտեմբերին եղել են 31,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին 40,6 տոկոս, այսինքն`9 տոկոս աճ ունենք։ 500 000 և ավելի աշխատավարձ ստացողների թվաքանակը 2018 թվականին կազմում էր ընդհանուրի մեջ 8,4 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 16,1 տոկոսով: 2018 թվականին 500,000 դրամ և ավելի աշխատավարձ Հայաստանում ստացել է 49 239 մարդ, 2023 թվականին ստանում էր՝ 119 483 մարդ: Այսինքն՝ այս թիվը կրկնապատիկից ավելի չափով մեծացել է, ինչը, կարծում եմ, շատ էական ցուցանիշ է։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր բյուջետային վերջին քննարկումների ժամանակ արձանագրեցինք նաև, որ մեր մոտ իրական աշխատավարձի էական աճ նույնպես տեղի է ունեցել: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2022 թվականի արդյունքներով, որովհետև 2022 թվականին շատ մեծ գնաճային տարի էր բոլորիս համար, իրական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում աճել էր 33 տոկոսով։ Կարծում եմ՝ սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, բայց մյուս կողմից ուզում եմ արձանագրել, որ սրանք 2023 թ. դեկտեմբերի ցուցանիշներն են, և մենք պետք է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրենք, որպեսզի 2024 թ. դեկտեմբերի ցուցանիշները լինեն էականորեն ավելի լավը՝ մեր նախանշած տնտեսական աճի ցուցանիշների սահմաններում»:

Հավատարմագրված ռազմական կցորդներ՝ Չեխիայում և Ղրղզստանում

 Կառավարությունն ընդունել է «Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ հայ-չեխական երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման ու վստահության, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունի զարգացման լուրջ հեռանկարներ: Հայաստանի և Չեխիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թ. ստորագրված համաձայնագիրը, որով սահմանվում են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ձևաչափն ու ընթացակարգերը: Այդ համաձայնագրով նախատեսվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ: Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: Ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ: Արդյունքում Պն-ի համար Չեխիայում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Գործադիրն ընդունել է նաև «Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի մասին» որոշում: Սահմանվել է նաև ռազմական կցորդի հաստիքը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա են բարեկամական և փոխըմբռնման հարաբերություններ և երկու երկրների միջև համագործակցությունը իրականացվում է հիմնականում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների շրջանակներում՝ բազմակողմ համագործակցության ձևաչափով: Սակայն երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ռազմական կցորդի առկայություն Ղրղրզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:

 Միջազգային համագործակցություն

 Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արդյունքում՝ կապահովվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև» փոխգործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրի նպատակն է ընդլայնել համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում: Փոխգործակցության մասին համաձայնագիրը հիմք կհանդիսանա ՀՀ ՆԳՆ-ից կապի սպայի Եվրոպոլ տեղակայման համար, ինչի շնորհիվ Եվրոպոլի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը կդառնա առավել օպերատիվ: Փոխըմբռնման հուշագիրը իրավական հիմք կհանդիսանա Եվրոպոլի կողմից ՀՀ ՆԳՆ-ում համապատասխան սարքավորումների տեղադրմամբ տեղեկատվության փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծման համար: Հավանություն է տրվել նաև «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։

Կառավարության հավանությանն է արժանացել 2015 թ. հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում։ ԵՆԱԲ բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ Բանկին անդամակցելը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից։ Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով` Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ և ներգրավելով պետական և մասնավոր կապիտալի ներդրում: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից։

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, որն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները՝ փոխադարձության հիման վրա և համաձայնագրի դրույթներին համապատասխան, նախատեսվում է թույլատրել ընդունող պետությունում զբաղվել վարձատրվող գործունեությամբ:

 Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ըստ հիմնավորման՝ 2 տարի առաջ մետաղի ջարդոնի արտահանումը կառավարության որոշմամբ արգելվել է՝ տեղական վերամշակող ընկերությունների համար հումքի դեֆիցիտ չառաջացնելու և արտադրական շղթան խորացնելու նպատակով։ Սակայն կան մետաղների տեսակներ, որոնք Հայաստանում փաստացի չեն վերամշակվում։ Մասնավորապես, չժանգոտվող պողպատը։ Ընկերությունները նշել են, որ դեռ մինչև արգելքը իրենք հավաքել և գնել են ընդհանուր մոտ 4 հազար տոննա չժանգոտվող պողպատի ջարդոն։ Ընկերությունները խնդրել են թույլ տալ իրենց ֆիքսված ժամանակահատվածում արտահանել հավաքված ջարդոնը՝ վճարելով համապատասխան տուրքը։ Ստացված գումարն էլ ուղղել իրենց բիզնեսի ընդլայնմանը։ Այսպիսով՝ առաջարկվում է ընդունել այնպիսի որոշում, որը հնարավորություն կտա բոլոր տնտեսվարող սուբյեկտներին օգտվել բացառության հնարավորությունից։ Միաժամանակ սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում, և այդ ապրանքների արտահանման գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն։

Կբարձրանա պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գույքի վիճակի բարելավման նպատակով ներդրումային միջավայրի ընդլայնման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել նաև գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում և որպես պահանջ նախատեսվում է, որ տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը պետք է բավարարի գործող որոշմամբ այլ կազմակերպությունների համար սահմանված պայմանները։ Արդյունքում՝ պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման շնորհիվ կբարելավվի գույքի վիճակը, կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը:

Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարություն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ այդմ՝ շահառու ընտանիքները ևս 2 ամիս՝ 2024 թ. հունվար և փետրվար ամիսներին կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև ս.թ փետրվարի 10-ը:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ: Մինչև 2023թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Ըստ հիմնավորման՝ ս.թ. հունվարի 12-ի դրությամբ 26 զինծառայող վերադարձվել են հայրենիք: Որոշմամբ առաջարկվում է դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող է 25 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվարը:

 

Սահմանվել են գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները

Գործադիրը հաստատել է գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ առաջարկվում է գնման հայտով սահմանել էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերի պայմանները, նախաորակավորման մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը: Այն բխում է էլեկտրոնային համակարգի գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք հիմնականում պայմանավորված են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումներ կիրառելու հետ: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնք կարող են հանգեցնել գործող պայմանների բովանդակային փոփոխության: Արդյունքում՝ հնարավոր կլինի գնման հայտով սահմանել գործող պայմաններից տարբերվող կանոններ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումները ժամանակին և պատշաճ կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել ֆինանսական միջոցներ թվով 19 ամբուլատորիաների, 10 պոլիկլինիկաների և 4 բժշկական կենտրոնների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, ինչպես նաև հատկացնել ֆինանսական միջոցներ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքի նախագծի ձեռքբերման և Վաղարշապատի ԲԿ-ի երկու մասնաշենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ կողմից Արարատի մարզում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին 2024 թ. պետբյուջեից տրամադրել 3 մլրդ 500 մլն ՀՀ դրամ բյուջետային վարկ` տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած երրորդ տարվանից մարման ժամկետով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031