Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարինե Հայրապետյանը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել, հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից»

Հունվար 25,2024 17:28

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։

Այսպես՝

ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե  Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն  չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։

Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։

Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։

Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031