Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62,000 շահառու. Համահայկական Հիմնադրամի աջակցությունը բռնի տեղահանված արցախցիներին

Հունվար 25,2024 16:54

2023 թ-ի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակման առաջին իսկ օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր միջազգային ցանցի հետ ներգրավվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու աշխատանքներին:

Հիմք ընդունելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերում, ընտրվեցին առավել խիտ տեղակայման մարզեր՝ Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք և Գեղարքունիք։ Հիմնադրամի աջակցության ծրագրերի աշխարհագրության ընտրության ընթացքում հաշվի է առնվել նաև, որ մի շարք այլ հումանիտար և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ կառավարությունը, մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները նույն ժամանակահատվածում աջակցության տարբեր ծրագրեր էին սկսել հանրապետության տարածքում։

Նկատի առնելով հումանիտար ճգնաժամի ահռելի ծավալները և բռնի տեղահանվածների բնակվելու աշխարհագրությունը, Հիմնադրամը որոշեց աջակցության բաշխման գործընթացը կազմակերպել մարզային գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք թե՛ Հիմնադրամի, և թե՛ ՀՀ ոլորտային պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն աշխատել էին դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ ՀՀ-ում էին գտնվում ավելի քան 90,000 ժամանակավոր տեղահանվածներ։ Իրականացվեց մարզերում գործող և 2020թ. պատերազմից հետո  Հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների քարտեզագրում։

Արդյունքում, ըստ մարզերի ընտրվեցին հետևյալ ՀԿ-ները՝

  • «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ – Սյունիք
  • «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ – Վայոց Ձոր
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ – Արմավիր, Արարատ, Արագածոտն
  • «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ – Գեղարքունիք
  • «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ – Կոտայք
  • «Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն» ՀԿ – Արարատ, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք
  • Հիմնատավուշ Զարգացման Հիմնադրամ –  Կոռնիձոր, ապա՝ Սյունիք և Տավուշ
  • «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ – Երևան (միայնակ մայրեր)

Արդյունավետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխվել նշված մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։

Տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝

  • Սոցիալապես անապահով
  • Բազմանդամ ընտանիքներ
  • Հաշմանդամություն ունեցող անձինք
  • Ընտանիքի զոհված անդամ ունեցողներ
  • Տարեցներ
  • Միայնակ մայրեր

Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62,000 շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20,000 մարդ։

Գործընկեր կազմակերպությունները Հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, Հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։

Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է Հիմնադրամի ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր տեղական մարմիններին հումանիտար աջակցության հրատապ ծրագրերը ֆինանսավորելու, իսկ գործընկեր հասարակական կազմակերպություններին՝ աջակցությունը ժամանակին և թիրախային բաշխելու համար։

Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար: Այժմ, երբ մեր հայրենակիցները ստիպված լքել են իրենց բնօրրանն ու հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում, Հիմնադրամը շարունակելու է տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցել նրանց:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031