Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուրադ Փափազյանի գործով դատարանը շատ որակյալ որոշում է կայացրել»․ Ռուբեն Մելիքյան

Հունվար 25,2024 15:59

«Այս որոշմամբ դատարանն ասում է հետեւյալը՝ այո, ես հասկանում եմ, որ մենք ունենք շատ կարեւոր արժեքներ, որոնք կարող են ունենալ գաղտնիության որոշակի ռեժիմներ, բայց դրա կողքին մենք ունենք դատական պաշտպանության իրավունք։ Դատական պաշտպանության իրավունքը կդառնա տեսական, պատրանքային եւ ոչ իրագործելի, եթե ինչ-որ մեխանիզմներով այդ տեղեկատվությունն առնվազն դատարանին հասանելի չդառնա»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի որոշմանը՝ սփյուռքահայեր Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի վերաբերյալ։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ «չի կարելի ուղղակի ասել՝ մեր գրպանում փաստարկ կա, այդ փաստարկը շատ ուժեղ փաստարկ է, բայց, կներեք, ներկայացնել չենք կարող»։ Ըստ փաստաբանի՝ դատական պաշտպանությունն այդ դեպքում զրոյանում է, եւ դատարանը, հղում անելով բազմաթիվ նախադեպերի, շատ որակյալ որոշում է կայացրել։

«Ես իսկապես հույս ունեմ, որ այս գործը ոչ թե այս վեճը շարունակելու առիթ կդառնա, չնայած ակնկալվում է, որ ԱԱԾ-ն չի բավարարվի եւ առաջ կգնա, Վերաքննիչ դատարան կդիմի եւ այլն, բայց ես մի փոքր հույս ամեն դեպքում պահում եմ, որ ԱԱԾ-ն իսկապես կփորձի լուծումներ գտնել այս իրավիճակների համար։ Այստեղ շատ ավելի խորը խնդիրների մասին մենք կարող ենք խոսել։ ԱԱԾ ինստիտուտի կարեւորությունը ոչ ոք չի ժխտում, եւ, ցավոք սրտի, եթե մենք այսօր այս վիճակում ենք, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս ինստիտուտը չի կարողացել իր առջեւ դրված խնդիրները լուծել։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգությամբ հայերին, այստեղ չափանիշները պետք է շատ հստակ լինեն։ Եվ եթե այս որոշումը ԱԱԾ կողմից բողոքարկվի, մենք ակնկալում ենք, որ իսկապես շատ բարձր իրավաբանությունը կզարգանա մի ուղղությամբ, եւ սա արդեն քաղաքական հարց կարող ենք համարել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք ջրբաժանի առաջ ենք կանգնած, թե որ ուղղությամբ կգնա այս պետությունը։ Այս պետությունը, մեր հայրենիքը միայն ՀՀ քաղաքացիների երկիրն է, թե՞ բոլոր հայերի։ Այս պահին մենք ունենք Սահմանադրություն, որը ունի նախաբան, որն անփոփոխելի է, որը հետեւյալ կերպ է սկսվում՝ հայ ժողովուրդն ընդունում է ՀՀ Սահմանադրությունը։ Ի՞նչ է ստացվում, որ ՀՀ-ն հիմնադրվել է որպես հայ ժողովրդի կողմից ստեղծված պետություն։ Իսկ Մարդու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին դաշնագիրը մի շատ կարեւոր դրույթ է պարունակում, ասում է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադառնալ իր երկիր։ Հիմա մեր գաղափարն այն է, որ առնվազն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է Սփյուռքի ներկայացուցիչներին, ազգությամբ հայերին, այն էլ համակարգային հայության ներկայացուցիչներին, ընդհանրապես կասկածի տակ չպետք է դրվի նրանց՝ Հայաստան վերադառնալու իրավունքը այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը նաեւ հավելեց, որ Հայաստանի վարկանիշի վրա այս եւ մյուս գործերն ազդում են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031