Օրերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք վերաբերում են 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած և երկիրը լքած ՀՀ քաղաքացիներին։ Ազգային ժողովը հավանություն է տվել նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին և «Աշխարհազորի» կարգավիճակի վերաբերյալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկին։
Փոփոխությունները հնարավորություն են տալիս լուծել գործող օրենսդրական դաշտում առկա մի շարք խնդիրներ՝ այն հարմարեցնելով ստեղծված իրականությանը։ Այս տեսանկյունից վեր նշված փոփոխությունները կարելի է վերագրել պետական մարմինների գործունեության արդեն սովորական դարձած գործելաոճին։ Սակայն երբ երկիրը անընդհատ բախվում է պաշտպանության և անվտանգության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությանը, նման մոտեցումը, մեղմ ասած, բավարար չէ։
Հայաստանը պետք է վերափոխի իր պաշտպանության և անվտանգության համակարգը՝ հիմնվելով պաշտպանության և անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման վրա։ Այս մոտեցումը պահանջում է միավորել պետության հզորության բոլոր տարրերը եւ հանրության ամբողջ ներուժը զսպելու թշնամու ագրեսիան, հակազդելու պետության ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներին և նպաստելու ճգնաժամի կամ պատերազմի ավարտից հետո պետության վերականգնմանը: Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում անհրաժեշտ է ապահովել պետական ու հասարակական կառույցների, անհատների եւ այլ դերակատարների ներդաշնակ փոխգործակցությունը։
Այնուամենայնիվ, պետական հաստատությունները հիմնականում նախատեսված չեն ազգային անվտանգության հարցերում հանրային լայն մասնակցության համար: Մյուս կողմից հասարակության կազմակերպվածությունը հասարակությանը թույլ չի տալիս հնարավորինս հեշտ աջակցել պետության պաշտպանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև պատշաճ արձագանքել ճգնաժամերին և արտակարգ իրավիճակներին։ Սա խնդիր է, որը հայ հասարակությունը և պետությունը պետք է ընդունի և լուծի։
Հայ ժողովրդի ինքնիշխանության պաշտպանությունը պահանջում է հասարակության և պետության միջև հարաբերությունների փոփոխություն։ Ե՛վ պետական, և՛ հանրային-քաղաքական ինստիտուտները պետք է դառնան ավելի բաց և պատրաստ՝ համատեղ ստեղծելու Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը։ Համակարգի կայացման համար անհրաժեշտ է հասարակության մեջ վերականգնել վստահությունը եւ համախմբվածությունը, ստեղծել միջավայր որտեղ յուրաքանչյուր դերակատար, ներառյալ անհատ քաղաքացին, կկատարի իր դերը:
Այսպիսով, խոսքը գնում է որակական փոփոխությունների, այլ ոչ թե մասնակի լուծումների մասին եւ սա վերաբերվում է նաեւ օրենսդրությանը։
2023 թվականին զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունումը կարող է դիտվել որպես համապարփակ մոտեցումը ներդնելու առաջին փոքր քայլ: Այնուամենայնիվ, օրենսդրական նախաձեռնությունները շարունակելու հրատապ անհրաժեշտություն կա։ Մասնավորապես, անհրաժեշտ է շարունակել ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կարևոր տարր հանդիսացող ռազմամարզական կազմակերպությունների կարգավիճակի մասին օրենքի քննարկումը և ընդունումը։
Նմանապես պետք է վերանայել եւ պաշտոնականացնել հասարակական, մասնագիտական տարբեր խմբերի և պետության միջև հարաբերությունները։ Օրինակ, լրատվամիջոցների և պետության հարաբերությունները ճգնաժամի և պատերազմի ժամանակ: Պարզ է, որ շատ անելիքներ ունենք, որպեսզի վստահորեն խոսենք Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման այլեւս անվերադարձ գործընթացի մասին։
Ստեղծված պայմաններում Հայաստանի անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը կոչ է անում շարունակել և ընդլայնել քննարկումները քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական իշխանությունների միջև ուղղված Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացմանը։ Միայն քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության համատեղ աշխատանքը կարող է ապահովել Հայաստանի պաշտպանությունը ռազմական ագրեսիայից և հասնել խաղաղության։
«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպության անդամները՝
- «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպություն
- «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
- «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
- ««Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» հասարակական կազմակերպություն
- «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպություն
- «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպություն
- Հրաչյա Արզումանյան` ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր
- Նարեկ Ներսիսյան՝ իրավաբան, ռազմական փորձագետ
- «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրականհասարակական կազմակերպություն
- «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպություն
- «ՈՄԱ Վանաձոր» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
- «Հայկական անկախության բանակ» ռազմամարզական կենտրոն հասարակական կազմակերպություն
- «Արտին» ռազմակրթական հասարակական կազմակերպության
- «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ» բարեգործական հասարակական կազմակերպության
- «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը
«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպություն