Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ 2023 թվականի ցուցանիշներով մեր երկրում աղքատությունն էապես կրճատվելու է։ Այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
2023-ի վիճակագրական պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, այս պահին հնարավոր չէ աղքատության նվազման հստակ ցուցանիշ նշել, սակայն Քերոբյանը կանխատեսեց աղքատության նվազում, քանի որ, ինչպես ինքն ասաց, 2023-ին գրանցվել է իրական աշխատավարձերի 13% աճ, մեկ տարում 37 հազար նոր աշխատատեղ է բացվել, գրանցվել է բարձր տնտեսական աճ եւ ցածր գնաճ․ «Այս ցուցանիշների հիման վրա, կարող ենք խոսել այն մասին, որ աղքատությունը էապես կրճատվելու է»։
Անդրադառնալով «Սեպուհ 1» ավտոմեքենաների հայկական արտադրությանը, նախարարն ասաց, որ մինչ օրս 8 մեքենա է արտադրվել, ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, փորձում են լուծել, որից հետո կանցնեն հոսքագծային արտադրության։
Այս մեքենաների որակի եւ անվտանգության մասին հարցին Քերոբյանը չպատասխանեց, ասաց՝ չեմ քշել։
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է կառավարության անդամներն անցնեն «Սեպուհ-1» ավտոմեքենաների վարման, Քերոբյանը պատասխանեց՝ մենք աշխատում ենք փոխել մեքենաները էլեկտրականի։
Գյումրիի չոր նավահանգստի մասին էլ նախարարն ասաց՝ անցած շաբաթ տեղի է ունեցել հանրային ներդրումային կոմիտեի նիստ, հաստատվել է նավահանգստի խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը․ «Վարչապետը հանձնարարեց ձեւավորել ճանապարհային քարտեզ եւ սկսել իրագործումը։ Քննարկվեց եւ ձեռք բերվեց համաձայնություն, որ չոր նավահանգիստը, որը համընկնում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արեւմտյան հանգույցի հետ, ներդրվի «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր ծրագրի մեջ եւ ներկայանա որպես «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը։ Շրջանառության մեջ է դրվել ճանապարհային քարտեզը, սրան զուգահեռ՝ տարբեր աշխատանքներ ենք տանում՝ ներգրավել խորհրդատվական ընկերություն, կազմել մրցութային փաթեթ, եւ արդեն աշխատել կոնկրետ ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Դրանից հետո էլ երևի կարտադրվի “Քերոբ 2” ավտոմեքենաները։