Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ դասագրքով հնարավոր չի լինելու հայրենատեր սերունդ մեծացնել». Հովիկ Ավանեսովը՝ Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմության վերաձեւելու մասին

Հունվար 25,2024 14:54

Aravot.am-ը Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովից մեկնաբանություն խնդրեց կառավարության հերթական աղմկոտ նախաձեռնության վերաբերյալ, որով նախատեսվում է Հայոց պատմություն առարկան դարձնել Հայաստանի պատմություն:

«Իմ կարծիքով, Հայոց պատմության վերաձեւակերպումը Հայաստանի պատմության, բավականին վտանգավոր եւ մարտահրավերներ պարունակող որոշում է: Հայոց պատմությունը բավականին ընդհանրական, ամբողջական առարկա է եւ ներկայացնում է ողջ հայ ժողովրդի պատմությունը: Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերաձեւափոխելու պարագայում՝ ընդհանուր մեր պատմական իրողություններից տարածաժամանակային առումով խզում ենք ունենալու: Մենք պետք է ոչ թե գնանք այն քայլին, որ Հայոց պատմությունը դարձնենք Հայաստանի պատմություն, այլ պետք է այլ ուղղություններով աշխատենք»,-ասաց պատմաբանը:

Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունի. «Դասագրքերում փոփոխությունների անհրաժեշտություն մշտապես լինում է, դասագրքերը մշտապես պետք է արդիականացվեն՝ հաշվի առնելով նոր իրողությունները, հնագիտական պեղումների ընթացքում ի հայտ եկած նոր փաստերը: Պատմական փաստերը պետք է շարադրվեն՝ ելնելով պատմականության սկզբունքից, ոչ թե իրողությունները վերաձեւելով, նաեւ հաշվի առնելով աշակերտների ընկալումների մակարդակը: Հայոց պատմությունը, բնականաբար, պետք է մնա, եւ իմ կարծիքով, առանձին բնակավայրերում Հայոց պատմության դասին ի լրումն, պետք է լինի նաեւ տվյալ բնակավայրի խորացված պատմությունը եւս: Այսինքն, Երեւանում, բացի բուն Հայոց պատմություն առարկան անցնելիս, խորացված պետք է անցնեն նաեւ Երեւանի պատմություն, Սյունիքում՝ առանձին Սյունիքի պատմություն: Այս ուղղությամբ մեր նպատակները պետք է տանենք, այլ ոչ թե մտածենք դասագրքի անվանման փոխարինման մասին»:

Հովիկ Ավանեսովի ձեւակերպմամբ՝ առանձին այլ բնակավայրերի պատմության խորացված ուսուցումը կարող է այլ ընկալումներ առաջացնել, բայց նման փորձ կա միջազգային պրակտիկայում, երբ ընդհանուր երկրի պատմությանը զուգահեռ՝ անցնում են տվյալ բնակավայրի պատմությունը. «Նպատակը իմ առաջարկի այն է, որ այս ձեւաչափով Հայոց պատմությունն ավելի ընդարձակվի, որ ամեն մարզում բնակվող մեր հայրենակիցներն ավելի մեծ պատկերացում կկազմեն իրենց մարզի, համայնքի մասին, կիմանան իրենց մարզի անվտանգային խնդիրների մասին, մարզի հետ կապված ցանկացած տեղեկատվության քաջատեղյակ կլինեն: Ու տարիներ հետո, երբ այդ ձեւաչափով մեծացած սերունդը քաղաքական պատասխանատվություն վերցնի իր վրա, ավելի իրազեկված է լինելու Հայոց պատմությամբ, մեր մարզերի, բնակավայրերի պատմությամբ եւ իրեն թույլ չի տա հայկական անվանումները այլ օտարահունչ անուններով ներկայացնել, ասել, որ այս կամ այն բնակավայրը ադրբեջանական է: Հայոց պատմության դասագրքերը պետք է դեպի այդ համատեքստ տանեն»:

Պատմաբանը վստահ է. Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելը տարածաժամանակային խզումից բացի, այլ վտանգներ էլ է պարունակելու. «Դրա համար ամեն գնով պետք է քայլեր ձեռնարկել, որ այդ նախագիծն իրականություն չդառնա, որովհետեւ իրականում այդ դասագրքերով հնարավոր չի լինելու հայրենատեր եւ հայրենաճանաչ սերունդ մեծացնել»:

Հովիկ Ավանեսովն ասում է, որ իր առաջարկած տարբերակով՝ համակցված Հայոց պատմություն սովորած սերունդը հետագայում չի մտածի, որ Հայաստանն այն տարածքն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն է, որովհետեւ, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը Հայկական լեռնաշխարհի ընդամենը մի հատվածի վրա ձեւավորված պետությունն է. «Հայոց պատմությունն ամբողջացնում է Կիլիկյան Հայաստանից սկսած, Արցախով եւ մեր թագավորությունների շրջանով ավարտած հարցերը: Դրա համար առարկան պետք է որպես Հայոց պատմություն մնա: Սա այն թեման է, որի վերաբերյալ հատկապես պատմաբաններն ու հասարակական ոլորտի մասնագետները պետք է բավականին լուրջ իրենց կարծիքն ու դիրքորոշումներն արտահայտեն: Հստակ է մի բան, որ խոսքը զուտ դասագրքի մասին չէ: Դասագրքով կերտում են այն սերունդը, որ տարիներ հետո պատասխանատվություն է կրելու այս երկրի նկատմամբ:

Հետեւաբար, ինչպիսի բովանդակությամբ դասագիրք ունենանք, տարիներ հետո ստանալու ենք այդ բովանդակությունը կրող սերունդ, այդ ձեւաչափով քաղաքական պատասխանատվություն վերցնող սերունդ: Պատմության դասագիրքը պետք է դառնա հայրենասիրություն կերտող դասագիրք, քանի որ Հայոց պատմության դասագիրքը նախ մեր ինքնության անձնագիրն է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031