Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Էլզաս-Լոթարինգիան է». Ֆրեդերիկ Անսել

Հունվար 25,2024 14:14

«Հայաստանը եւ հայ ժողովուրդը չի տապալվել: 2020 եւ 2023 թվականների արցախյան պատերազմն, այո, մենք տանուլ ենք տվել եւ այդ կորուստն անդառնալի է. ես խոսում եմ միայն մարտի մասին, ես չեմ խոսում ամբողջ հակամարտության սխեմայի մասին, որը հարում է ամբողջ արցախյան հարցին: 1994 թվականին մարտը ավարտվեց հայերի հաղթանակով, նույնը տեղի ունեցավ 2020-23 թվականներին: Վաղը մենք, պարոն Գուտերեշը չի գալու Երեւան եւ ասի՝ վերջ երեխաներ, խաղը ավարտվել է, այդպես չէ. տարիները եւ տասնյակ տարիներ են ասելու մեզ, թե ի՞նչ է տեղի ունենալու: Հայ ժողովուրդը իրավունք ունի եւ բացարձակ իրավունք ունի ապրելու Ղարաբաղում եւ այդ իսկ պատճառով մենք դիտարկում ենք, որ ոչինչ դեռ կորած չէ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում տեսակետ հայտնեց ֆրանսիացի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը՝ զուգահեռներ անցկացնելով Ֆրանսիայի եւ Պրուսիայի համաձայնությունների հետ՝ Էլզաս-Լոթարինգիայի հետ կապված:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսօր Էլզասն էլ, Լոթարինգիան էլ Ֆրանսիայի տարածքում են՝ նկատելով, որ տոկունությունը մեծ բան է եւ հաղթանակ ապահովելու համար պետք է փոփոխել տնտեսությունը, գտնել լավագույն դաշնակցությունները, ժողովրդագրությունը պահպանել, ծնելիությունը մեծացնել, տնտեսական եւ սոցիալական փաթեթներ մշակել, որոնք հնարավորություն կտան ուղեղները Հայաստանում պահել. այս ամենը բարդ է, բայց ոչ անհնար:

Տարածաշրջանային վերադասավորումների համատեքստում, քաղաքագետը կարծում է, որ Ղազախստանը, որը առաջիկայում հավանական է գերտերություն կդառնա, դուրս է գալիս ՌԴ ազդեցության գոտուց՝ «Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի դավաճանության պատճառով»: Իսկ այս պարագայում Հայաստանին դավաճանելու եւ Ադրբեջանին առավելություն տալու Կրեմլի մոտիվացիան քաղաքագետը պարզապես չի հասկանում, այն էլ այն պարագայում, երբ այդ երկիրը շատ դաշնակիցներ չունի: Ամեն դեպքում, նա չի դիտարկում ՀՀ-ՌԴ հարաբերությունների ընդհանրապես խզումը, քանի որ մեծ տնտեսական կապեր կան, այդ երկրում շատ հայեր կան, երկու ժողովուրդները սերտ մշակութային կապեր ունեն: Խնդիրը, ըստ ֆրանսիացի քաղաքագետի, ռազմական այնպիսի հակակշռումներն են, որոնք բոլոր բարդ իրավիճակներում երաշխավորված կլինեն:

«Եթե գանք մի իրավիճակի, որ Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան, անգլիական, թեեւ անգլիացիներն այստեղ անելիք չունեն, ռազմական բազա լինի, դա շատ ավելի լուրջ երաշխիք կլինի Ադրբեջանի, նույնիսկ Թուրքիայի նկրտումների դեմ: Խոսքը երկարաժամկետ հեռանկարի մասին է, ոչ թե առաջիկա տարիների: Կարծում եմ, ՀՀ-ն եւ Ֆրանսիայի հանրապետությունն ավելի երկար կապրեն, քան ԻԻՀ-ն: ԻԻՀ-ն ավելի շուտ կտապալվի, քան ՀՀ-ն եւ Ֆրանսիայի հանրապետությունը. ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ես չգիտեմ՝ ի՞նչ ուղղությամբ զարգացումները կգնան, բայց մի նոր քաղաքականությունը Թեհրանում, կձեւափոխի ամբողջությամբ կովկասյան խաղը: Այդ ժամանակ Իսրայելն այլեւս որեւէ շահ չի ունենալու Ադրբեջանին աջակցելու: Մի մոռացեք երբեք գոյատեւելու վճռականությունը եւ կամաց-կամաց զարգանալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031