Հայաստանի հանրապետությունում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում կա միայն գյուղատնտեսական հողերի նկատմամբ․գյուղատնտեսական հողեր չեն կարող ձեռք բերել միայն այլ պետությունների քաղաքացիները, իրավաբանական անձինք, մնացած բոլոր դեպքերում` բոլորի համար ընթացակարգը նույնն է, եւ միեւնույն ձեւով՝ բոլորը կարող են դիմել ու ՀՀ-ում անշարժ գույքի ձեռք բերման գործարքի կողմ դառնալ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ըստ օրենքի, ՌԴ-ի եւ ասենք՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիները նույն ձեւով կարող են ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել։
Հարցին՝ թե ո՞ր քարտեզներով են իրականացվելու ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը, Թովմասյանը պատասխանեց՝ միայն իրավական գնահատականի հիման վրա կարելի է ասել, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն․ «Այդ աշխատանքները տարվում են, երբ արդյունքները լինեն, հանրությունը կտեղեկանա»։
Լուրեր են շրջանառվում, թե Մեղրիում մի շարք պետական կառույցների ստորաբաժանումներ են փակվում, այդ թվում՝ կադաստրի կոմիտեի։ Այս առնչությամբ Թովմասյանն ասաց, որ Մեղրիում կոմիտեի սպասարկման գրասենյակ է գործում, որը չի փակվելու․ «Այս պահին այնտեղ չունենք գրասենյակի պետ եւ սպասարկող մասնագետ, դա է պատճառը, որ գրասենյակը փակ է։ Պետի քաղծառայողի տարիքն է լրացել, իսկ մյուս մասնագետն իր դիմումի հիման վրա է ազատվել աշխատանքից։ Մոտակա օրերին մրցույթ է հայտարարվելու, պաշտոնը կհամալրվի։ Ավելի վաղ իրավունք չունենք մրցույթ հայտարարելու»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ