Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․«Էս դեպքն ա, որ փող ունենք, բայց բախտ չունենք։ Մենք պետք է սո-վո-րենք դպրոց կառուցել, մենք պետք է սովորենք պետություն ունենալ»

Հունվար 25,2024 13:20

«Մի ժամանակ մեզ թվում էր, որ փողն ամենամեծ խնդիրն է՝ որ փող ունենանք, բոլոր հարցերը կլուծենք։ Հիմա էս դեպքն ա, որ փող ունենք, բայց բախտ չունենք»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին։

Նիստում քննարկվում էր պետական գնումների գործընթացում «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու հարցը, որով կարգավորվում է հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչը, ըստ նախագծի, առավել կանխատեսելի կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար:

Փաշինյանը դժգոհություն հայտնեց դպրոցաշինությունից, ասաց, որ մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ։

Փաշինյանն ասաց, որ պետք է որոշակի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որպեսզի կառավարության ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոնները, ճանապարհները եւ մնացած կապիտալ շինարարություններն ունենանք։ «Կառավարության այն անդամները, որոնք այս թեմայի հետ առնչություն ունեն, տարվա սկզբից շատ ծանր, դառը տրամադրության մեջ են։ Բայց ես ասել եմ՝ ճանապարհն անցնում է նա, ով դրա վրայով քայլում է։ Մենք պետք է արձանագրենք, դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագիր, համակարգված պրակտիկա 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել։ Մենք, ճիշտ է, շինարարական կազմակերպություններին մեղադրում ենք, բայց ես հիշում եմ հանդիպման ժամանակ, նաեւ շինարարական կազմակերպության ներկայացուցիչները մեզ ասում էին՝ այդ պահանջները կատարելու համար մենք պետք է ժամանակին ներդրումներ արած լինեինք, ինչ իմանայինք, որ Հայաստանում սենց պրոցեսներ են սկսվելու։ Ներդրում անելը մի օրվա գործ չէ։ Բայց պետք է քայլենք այս ճանապարհով եւ հասնենք այն տեղը, որն ուզում ենք։ Ամենակարեւորը՝ չհուսահատվենք, չհանձնվենք»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադառնալով 300 դպրոցների ծրագրին՝ ասաց․ «Մենք բոլոր դպրոցները պետք է բերենք նույն ստանդարտի, մեր երկրում բասկետբոլի դաշտը պետք է լինի բասկետբոլի դաշտ, դա պիտի կոնկրետ բան նշանակի, դա չի կարող իմպրեսիոնիզմի ժանրով մի տեղ մի բան նշանակի, ուրիշ տեղ՝ ուրիշ բան»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ խնդիրները համակարգային են․ «Ժամանակին կայացվել են որոշումներ, օրինակ` այս հզորության դպրոց կառուցվի մի վայրում, որտեղ այդքան երեխա չկա։ Բնականաբար այդ շենքում այդ թվով սովորողներ չեն լինելու, հետո առաջ են գալու շենքի պահպանման եւ դրա արդյունավետ օգտագործման խնդիրները»։

«Մենք բացահայտել ենք, որ հիմա ունենք կառուցվող դպրոց մի բնակավայրում, որտեղ այս պահին կա 30 աշակերտ, բայց կառուցվող դպրոցը նախատեսված է 100-140 աշակերտի համար»,-ասաց վարչապետը։ Նա նաեւ հավելեց՝ լավ, այստեղ այս դպրոցն ունենք, ուրեմն եկեք մտածենք գյուղի բնակչությունն ավելացնելու մասին։

«Մենք պետք է սո-վո-րենք դպրոց կառուցել, մենք պետք է սո-վո-րենք դպրոց ունենալ, մենք պետք է սո-վո-րենք դպրոց պահպանել, մենք պետք է սո-վո-րենք առողջապահական հիմնարկ կառուցել։ Մենք մինչեւ հիմա չգիտենք դպրոց կառուցել։ Մենք հիմա փող ունենք, բայց չենք կարողանում մեզ անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել, առողջապահական հիմնարկ, ճանապարհ եւ ընդհանրապես որեւէ բան կառուցել»,-ասաց վարչապետը։

Նա նաեւ հավելեց՝ մենք պետք է սովորենք պետություն ունենալ, ինչ է նշանակում պետություն ունենալ, ինչ է նշանակում պահպանել, զարգացնել եւ ինչ է նշանակում պետություն ընդհանրապես։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031