Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։
Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Ջերմուկում՝ 103սմ, Ամբերդում՝ 84սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37սմ, Սյունիքում՝ 13-24սմ, Արարատյան դաշտում՝ 5-15սմ, Երևանում՝ 10-15սմ։
Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։
Կարդացեք նաև
Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ