Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանրապետությունում աշխատում է 420 միավոր տեխնիկա, ընդհանուր առմամբ՝ 600-650 մարդ, նախկինում հանրապետության 38 սպասարկման տարածքներում աշխատում էր 305 տեխնիկա։
Սանոսյանն ասաց, որ այժմ ճանապարհներին աղը ցանվում է հատուկ տեխնիկայով․ «Նախկինում հանրապետական եւ միջպետական ճանապարհներին մենք ունեինք աղ-ավազը «լապատկով» ցանելու ավանդույթը, հիմա տեխնիկայով ենք անում: Իհարկե, այստեղ մի տարբերություն կա. երբ «լապատկայով» էինք ցանում, աղը տեսանելի էր մի քանի մետրը մեկ, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, եւ հաճախ տեխնիկան անցնում է, ասում են՝ ցանված չէ, բայց տեխնիկայի վրա դրված են GPS սարքավորումներ, եւ մենք տեսնում ենք, թե որ ճանապարհներին է ցանվել»:
«Պարոն Սանոսյան, կարեւոր չէ, որ երեւա՝ աղը ցանվա՞ծ է, թե՞ ոչ, կարեւորն այն է, որ վարորդը տեսնի, որ մաքուր է ճանապարհը»,-նախարարին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սանոսյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան միակ ճանապարհը, որ բոլոր տեսակի մեքենաների համար փակ է, Վարդենյաց լեռնանցքն է, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են իրականացվում, այն օրվա մեջ կբացվի:
Կարդացեք նաև
Սարավան, Գնդեվազ, Ջերմուկ ուղղություններով ճանապարհները, ինչպես նախարարը տեղեկացրեց, բեռնատարների համար փակ է, իսկ Ջուջեւանի հատվածում կա դժվարանցանելի հատված, այն փակ է բեռնատարների համար, Վանաձոր-Դիլիջան եւ Մեղրիի ու Ստեփանավանի լեռնանցքները բեռնատարների համար փակ են:
Սանոսյանի խոսքով՝ երբ բեռնատարների կցորդիչի անվադողերը ձմեռային չեն լինում, եւ հաճախ բեռնատարը դառնում է պատճառ ճանապարհի փակ լինելու, որը երթեւեկության եւ սպասարկող ընկերության համար է դառնում խնդիր, որպեսզի մոտենան եւ սպասարկեն ճանապարհը․ «Վերջին օրերին բազմաթիվ նման դեպքեր ունենք, նաեւ դա է բերում դրան, որ մենք, ոստիկանության հետ աշխատելով, բեռնատարների համար փակում ենք ճանապարհը, որ այդ խնդիրը չստեղծվի»։
Վարչապետը նկատեց՝ ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելը վարչական պատասխանատվություն չի՞ սահմանում։
Փաշինյանն ասաց, որ ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելու համար տուգանվում է մեքենայի վարորդը, սակայն եթե ավտոմեքենան պատկանում է իրավաբանական անձին, ապա պետք է սահմանել պատասխանատվություն ե՛ւ վարորդի, ե՛ւ իրավաբանական անձի համար:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ