Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները դավաճանեցին հայերին. սա Հայաստանի առավելությունն է». Ֆրեդերիկ Անսել

Հունվար 25,2024 12:12

«Կարծում եմ, որ այսօր Հայաստանը 196 երկրներից, որ կան ՄԱԿ-ում, թղթի վրա ամենաթույլերից մեկն է: Ի՞նչ ունի Հայաստանը, որպես առավելություն. Սփյուռքը: Բայց դա չի խանգարում, որ Արցախում տանուլ տաք պատերազմը: Կա հանրահայտ Մեղրիի միջանցքը, որը բարեբախտաբար, թույլ է տալիս Իրանի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրային հարաբերություններ պահպանել: Ի՞նչ կա ուրիշ՝ օբսիդիան, տուրիզմը, Սեւանը… ի՞նչ կա ուրիշ, լուրջ ի՞նչ կա: Իմ կարծիքով, հիմնարար առավելությունը Հայաստանում՝ ՌԴ-ի դավաճանությունն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ֆրանսիացի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը:

Իր հետագա դիտարկումներում, դա իբրեւ առավելություն համարելը, քաղաքագետն այսպես հիմնավորեց. «Ռուսները դավաճանեցին հայերին. ինչո՞ւ եմ խոսում սրա մասին, որպես առավելություն, ինչո՞ւ եմ ասում, որ սա դրական է, որովհետեւ միջազգային հարաբերությունների մեծ մտածողներից մեկը՝ Ռեմոն Ալոնը, ժամանակին ասում էր՝ հաղթանակն ընդամենը հարբեցնող ֆիլտր է: Նա նաեւ ասում էր՝ պարտությունը արտակարգ մանկավարժ է, ինչը նշանակում է, որ 2021-23-ի սարսափելի աղետից հետո, Հայաստանի հանրապետությունը եւ հայ ժողովուրդը պարտավոր են լինելու վերամտածել, վերաարժեքավորել իրենց տնտեսությունը, իրենց ապագան, ինչպես այն արել են Սինգապուրում, Թայվանում եւ այլն: Նրանք շատ աղքատ երկրներ էին, ունեին կամ չունեին Սփյուռք ու նրանք գիտելիքը, ուղեղն են արժեւորել, ոչ թե բնական գազը, որը ունեին կամ չունեին»:

Քաղաքագետի կարծիքով, տնտեսության արդյունավետ վերակառուցումը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ այս իրավիճակից: Նա օրինակ է բերում անգամ Ռուանդային, որն իր կարծիքով, սկսում է զարգացման հուն մտնել:

Եվ երկրորդ առավելությունը, որ Հայաստանն ունի, բանախոսի դիտարկմամբ՝ բացառիկ դիմակայությունը եւ տոկունությունն է: Ասում է՝ 2500 տարուց ի վեր, հայ ժողովուրդը դիմակայելու շատ մեծ ներուժ ունի՝ հաճախ ցեղասպան, մեծ բնական ռեսուրսներ ունեցող, մեծ հնարավորություններով, հաճախ թշնամական պետություններով շրջապատված, բայց դիմակայել է:

«Երբ դիմակայելու նման վճռականություն ունեք, չեք կարող պարտվել»,-կարծում է ֆրանսիացի քաղաքագետը:

Իր խոսքի նախաբանում Ֆրեդերիկ Անսելն անդրադարձել էր աշխարհաքաղաքականությանը՝ ասելով, որ աշխարհաքաղաքականությունը իշխանությունների, ուժերի հակասություններ է, ուժերի հավասարակշռություն, ուժերի հարաբերություններ, ինչը համարյա միշտ կախված է ինքնիշխանության որոնման հետ. «Ինքնիշխանությունը եւ Արցախը. շատ հետաքրքիր թեմա է: Հենց դրա շուրջ պատերազմ եղավ, ոչ միայն մշակութային, կրոնական, տնտեսական եւ այլ ասպեկտների շուրջ: Հենց ինքնիշխանության շուրջ էր, որ այս տարածաշրջանում եղավ պատերազմ»:

Քաղաքագետի դիտարկումներով, դեռ շումերական ժամանակներից, հենց աշխարհագրությունն է, որ որոշում է պատերազմի եւ խաղաղության ընթացքը. «Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանը հետաքրքրվում է Զանգեզուրով, Մեղրիի միջանցքով. շատ հարուստ չէ, ոսկի չկա այդ տարածքում, նավթ չկա, բնական գազ չկա, ադամանդներ չկան, ոչինչ չկա, կարելի է ասել: Ինչո՞ւ է Ադրբեջանն, իսկապես, հետաքրքրվում Մեղրիի միջանցքով: Դա աշխարհագրության տեսանկյունից ակնհայտ է՝ Թուրքիայի հետ շարունակականությունը եւ հնարավորությունը՝ Հայաստանին կտրելու Իրանից: Փոքրիկ երեխան կարող է նույնիսկ սա հասկանալ»:

Նա անդրադարձավ նաեւ իսրայելապաղեստինյան հակամարտությանը՝ հարցնելով՝ ինչո՞ւ են շատ փոքր տարածքների համար հակամարտություններ լինում: Իր դոկտորական թեզում նա Երուսաղեմի թեմայով է ուսումնասիրություն կատարել. «Խոսքը շատ փոքր տարածքի մասին է, մոտավորապես Փարիզի Կոնկորդ հրապարակի չափով, Երեւանի՝ Հանրապետության հրապարակի չափով: Բայց նույնիսկ Երուսաղեմի հին քաղաքում աշխարհագրություն կա. կան վայրեր, որոնք ավելի բարձրադիր են, կան վայրեր, որոնք ավելի ցածրադիր են. աշխարհաքաղաքականությունը ուժերի հակադրություններ են՝ որոշակի տարածքների վրա, այսինքն, աշխարհագրության հետ գործ ունենք»:

Բանախոսն աշխարհաքաղաքականության մեջ կարեւորում է նաեւ «պատկերացումների ուսումնասիրությունը», որը «ինքնութենական, հավաքական ընկալումն» է, որը տասնյակ տարիների, դարերի պատմություն ունի. «Հայ ժողովուրդը որոշակի ինքնապատկերացում ունի շատ երկար ժամանակի ընթացքում: Դուք դպրոցում սովորում եք Տիգրան Մեծի պատմություն, դուք պատկերացնում եք Արցախը՝ Հայաստանի մաս եւ երբ լսում եմ հայերի, որոնք ասում են՝ իմ պապերը, պապերի պապերը ծնվել են Արեւմտյան Հայաստանում, ես ասում եմ՝ իսկ որտե՞ղ է Արեւմտյան Հայաստանը՝ Հայաստանի Արեւմուտքո՞ւմ: Իհարկե՝ ոչ: Ինձ ասում են՝ Վանում: Շատ հետաքրքիր է: Սա ինքնապատկերացումն է: Աշխարհում բոլոր ժողովուրդներն ունեն ինքնապատկերացում եւ չենք կարող շատ մանրակրկիտ կերպով չուսումնասիրել՝ ինչպիսի՞նն են հակառակորդի, թշնամու կամ դաշնակցի պատկերացումները: Եթե դուք դա չեք ուսումնասիրել, կանգնում եք կոնկրետ պատերազմը տանուլ տալու ռիսկի առջեւ: Երբեք չի կարելի թերագնահատել հակառակորդին: Հայերը թերագնահատեցին Ադրբեջանին եւ նրա բնական գազը, նրա ունակությունը եւ կամքը՝ հաղթելու, նրա դաժանությունը: Իսրայելցիները թերագնահատեցին ՀԱՄԱՍ-ը, բայց ՀԱՄԱՍ-ը նույնպես թերագնահատել էր Իսրայելին: Աշխարհաքաղաքականության վատագույն դասերից մեկը՝ դիմացինին թերագնահատելն է: Սա շատ լուրջ սխալ է, պետք է միշտ ուսումնասիրել դիմացինին»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Newmag–ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031