«Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի մի հատ էսպիսի բան՝ լեգիտիմության կարկաչուն աղբյուր, որը մեր բեռնատարների գերբեռնվածությունն է։ Սա մեր լուծելու հարցն է»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով առաջարկվում է անվտանգային աուդիտ անցկացնել նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող եւ նորոգվող ավտոմոբիլային ճանապարհների համար։
Փաշինյանի ներկայացմամբ՝ բեռնատարները գերբեռնված երթեւեկում են, սակայն ճանապարհները նախատեսված չեն այդ բեռնվածության համար․ «Մի քանի տեղ կշեռքներ դրեցինք, հետո այդ կշեռքների վրա աշխատող մի քանի մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, չգիտեմ՝ դատվում են, թե չեն դատվում, թե էլի բաց ենք թողել, փոշմանել ենք։ Բայց այդ հարցերի համախումբը պետք է լուծենք, որովհետեւ այսքան հանրային միջոց ենք դնում, այդ թվում՝ ճանապարհների վրա, եթե մենք որակը երաշխավորող մեխանիզմներ չունենանք, խնդիրների առաջ կկանգնենք»։
Վարչապետն ասաց, որ այսօր միլիարդների գործեր կան, որոնք չեն ընդունվել, որովհետեւ աշխատանքը որակով չի եղել․ «Օրինակ՝ Դիլիջանում անընդհատ ձգձգվում էր, հետո գնալիս տեսա, որ ճանապարհի կենտրոնում մի մետր շառավղով փոս է բացվել։ Նախարարին գրեցի, թե ձայնային հաղորդագրություն ուղարկեցի, հետո պարզվեց, որ մենք այդ ճանապարհը չենք ընդունել որակի հետ կապված խնդիրների պատճառով։ Որակի հարցում որեւէ կոմպրոմիս պետք է չունենանք։ Պետք է երաշխիք ունենանք, ստանդարտ ունենանք, թե մեր հիմնանորոգված ճանապարհը առանց միջամտության քանի տարի պետք է ծառայի։ Չեմ տեսնում, որ այստեղ շատ մեծ առաջընթաց ունենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ