Լրահոս
Օրվա լրահոսը

Հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք. «Փաստ»

Հունվար 25,2024 11:36

Հայոց… կառավարությունը մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ալեկոծել է հայագիտական, պատմագիտական շրջանակներն ու հանրությանն առհասարակ: Նախաձեռնության իմաստն այն է, որ դպրոցներում աշակերտները այլևս ոչ թե «Հայոց պատմություն» առարկա պետք է անցնեն, այլ… «Հայաստանի պատմություն»:

Նման «հանճարեղ» առաջարկի հեղինակները նշում են, թե բազմաթիվ երկրներում իրենց պատմությունը սովորաբար անվանվում է տվյալ երկրի անվանումով, ասենք՝ «Իսպանիայի պատմություն», «Ռուսաստանի պատմություն», «Մեքսիկայի պատմություն», «Մադագասկարի պատմություն» և այլն, և այդպես շարունակ: Այդպես էլ կա, և այդ տեսանկյունից թվում է, թե ձևական առումով ամեն ինչ ճիշտ է, այսինքն, մերն էլ պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Բայց այստեղ կան մի ամբողջ շարք հարցեր: Այդ հարցերից առաջինը, թող կրկնաբանություն չթվա, գալիս է հենց մեր պատմությունից, որը ոչ միայն հաշվվում է հազարավոր տարիներով, այլև ամենատարբեր վայրիվերումներով, իսկ աշխարհագրական առումով ընդգրկում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, նաև մեր գրեթե ամբողջ մեծ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, իսկ հայտնի հանգամանքների բերումով՝ նաև ամբողջ աշխարհը: Հիմա մեր պատմությունն էլ այդպես է ընթացել, ու հա, մենք մեր ուրույն ճանապարհով ենք գնացել ու գնալու:

Նման իշխանության պայմաններում միանգամայն առարկայական է այն մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխությունը մեր բազմահազարամյա պատմությունը նենգախեղելու և աճող սերունդներին խեղաթյուրված հրամցնելու ստոր նպատակներ է հետապնդում, մանավանդ, եթե հաշվի առնենք նպատակային կերպով խոտան «դասագիրք» կազմելու և դպրոցներ մտցնելու քայլը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, «հայոց» բառը վաղուց ի վեր ձեռք է բերել կամ առնվազն արտահայտում է Հայաստան իմաստը ևս:

Չնայած, այս «պատմությունը», նկատի ունենք աղմկահարույց ու անընկալելի և անընդունելի նախաձեռնությունը, երևի դեռ շատ ջուր կքաշի, գնալով ավելի ու ավելի զուգահեռվելով ժողովրդական այն ասացվածքի հետ, որ մի խև քարը ջրհորը նետեց, հարյուր գիտունով չկարողացան հանել: Որքան նկատել ենք, այս իշխանությունը իրեն ամենագետ ու անսխալական է երևակայում, իսկ խորհուրդներն էլ ընկալում է որպես թշնամական նետաձգություն: Բայց մի անվճար խորհուրդ, այնուամենայնիվ, տանք. հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք, ձեր իսկ խառնած էս թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031