Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած 150 հազար հայերի հարցը նույնպես քայլ առ քայլ խճճելով՝ կարող են վերացնել»․ Մարիամ Ավագյան

Հունվար 25,2024 11:09

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

 -Տիկին Ավագյան, ադրբեջանական ԶԼՄ-ները, անդրադառնալով «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության գործունեությանը, հրապարակում են արել, որ միությունը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը՝ որպես հակակշիռ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» ծրագրի։ Դուք միության համահիմնադիր եք, ինչպե՞ս կարձագանքեք։

-Ես տեղյակ եմ այդ նյութին, հենց սկզբից նշեմ, որ քոչվոր թուրքը հետեւողական, իրեն բնորոշ նենգությամբ ու դիտավորյալ փոխում է, աղավաղում է հայկական Նախիջեւան ու Գարդման տեղանունները:

Հաջորդը` Նախիջեւանի եւ Գարդմանի հայերի հայրենակցական միությունները, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարն անընդհատ համագործակցության մեջ են եղել: Պատահաբար չէ, որ 2013-2014 թվերից մենք շրջանառության մեջ ենք դրել «Գարդման-Շիրվանի եւ Նախիջեւանի պատմամշակութային թանգարանի» ստեղծման նախագիծը: Արդեն 2023 թվականի ապրիլի վերջին` Ադրբեջանից ու Արցախից փախստականների համատեղ ժողովից հետո ծագեց միտք՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որի անունը պետք է որ ներառեր մեր կորուսյալ կենսատարածքների՝ Գարդմանի, Նախիջեւանի եւ Շիրվանի անունները: Քաղաքական առումով սխալ կլիներ Արցախի ներառումը, քանի որ Արցախը միջազգային իրավական դաշտում կա որպես ինքնորոշված հայության կենսատարածք ու դե ֆակտո եւ դե յուրե կայացած պետություն է: Արցախի խնդիրը, որը ինչպես եւ Գարդմանի, Նախիջեւանի խնդիրները, Հայոց հարցի մի մաս է, Արցախի Հանրապետության դեմ 2020-2023 թթ. կատարվածը փաստացի Սումգայիթի, Գանձակի, Գարդմանի, Նախիջեւանի, Բաքվի հայության ցեղասպանության շարունակությունն էր, բայց ինքն ունի բազում յուրահատկություններ, սա էր հարցը, որ Ղարաբաղ կամ Արցախ հայկական տեղանունները ՀԿ-ի անվան մեջ չներգրավվեց:

Հայությունը, անկասկած, պետք է ունենա հակակշիռներ քոչվորների կեղծիքները ամրագրող նորանոր տեխնոլոգիաներով հագեցած արշավանքները կասեցնելու, սաստելու եւ ոչնչացնելու համար: Քոչվորին մենք պարտավոր ենք սանձահարել ի վերջո, ինչպես հայությունը դա արեց 1991 թվից մինչեւ 1994 թվականի մայիսը, այլապես ինքը մեծ ու անասելի վնասատու է հայության գոյությանը, մակաբուծում է հայությանն ու հայկականությանը՝ ինքնահաստատման համար:

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության ստեղծումը, որին ներգրավվեց նաեւ ԱԺ պատգամավորը, կարելի է ասել, որ անուղղակի՝ նաեւ կառավարությունը, 1988-1992 թվականների ցեղասպանությունից փրկված Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների իրավունքների վերականգման խնդիրներով մտահոգ ուժերի նոր համադրում էր, բայց դա նախ եւ առաջ մեր ընդվզումն էր այդ օրերի իրողությանը, երբ պաշարված էր Արցախն ու արցախահայությունը, երբ քոչվորը Կրեմլի ու Անկարայի անմիջական հովանու ներքո` հյուծման միջոցով ցեղասպանության էր ենթարկում Արցախին: Միությունն այսօր պետք է որ ծառայի միջոց իրավաքաղաքական դաշտում՝ դիմակայելու սպառնալիքներով հագեցած այն իրավիճակին, որ ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, եւ այստեղ անկասկած է ու պահանջված, որ պետական դիվանագիտությունը մեծագույնս համագործակցի հանրային դիվանագիտության հետ, որ համատեղ մշակեն ու իրականացնեն հայության դիմադրողականությունը ամրացնող ծրագրեր, տանեն Արցախի Հանրապետության վերականգմանն ու հայկական պետականության հզորացմանը միտված աշխատանքներ:

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միությունը ընդվզել էր կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը Ադրբեջանում հյուրընկալելը, հիմնավորելով, որ «դա որպես աշխարհի առաջ պարզերես ու շրջակա բնության նկատմամբ հոգատար երեւալու ադրբեջանական հերթական քարոզչական քայլն է», «նավթադոլարներով անցկացվող հյուրընկալության տակ կլիմայի փոփոխության հարցում «անհանգստությունների» արտահայտում եւ պատերազմական հանցագործի եւ ցեղասպանի պիտակից շուտափույթ ազատման ձգտում»։

Բայց չէ՞ որ հայության դեմ ցեղասպանական գործողությունները նավթից եւ գազից ստացվող եկամուտներով ֆինանսավորող նավթային բռնապետությունը նման հնարավորությունը ստացավ ՀՀ աջակցությամբ. դրա «դիմաց» վերադարձան 32 պատանդներ, բայց Հայաստանը նրանց դիմաց հանձնեց երկու դիվերսանտ-մարդասպանի, այն պարագայում, երբ Բաքուն պարտավոր էր ազատ արձակել պատանդներին՝ առանց որեւէ նախապայմանի` համաձայն նոյեմբերի 9-ի թղթի 8-րդ կետի։ ՀՀ-ի կողմից զիջման քաղաքականությունը կբերի նոր սպառնալիքների ու նոր աղետալից զիջումների, ցեղասպանը անթաքույց դա է ակնկալում:

Նոր Սահմանադրության մասին խոսակցությունները, անկասկած, արդեն նենգ թշնամու համար դարձել են արտաքին քաղաքականության թիրախ ու առանց կրակոցի նոր զիջում կորզելու համար սպառնալիքի խթան:

-Մենք գիտենք, որ Հայաստանը պետական մակարդակով լուրջ աշխատանք չի տանում Ադրբեջանից բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանության, կորցրած գույքի, կրած վնասների գույքագրման ուղղությամբ։ Ադրբեջանը գործում է պետական մակարդակով՝ կեղծ թեզեր առաջ քաշելով այսպես կոչված ադրբեջանցի փախստականների հարցով։ Ի՞նչ անելիք ունի հայկական կողմը, այս հարցերը դիտավորյա՞լ են փորձում անտեսել իշխանությունները։

-Այսօր էլ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրները մնում են շրջանցված, ինչո՞ւ չէ` արհամարհված: Չի եղել ու այսօր էլ չկա մշակված պետական ռազմավարական քաղաքականություն, դրա բացակայությունը անփոփոխ է հայկական Երրորդ հանրապետության համար: Ու ես ունեմ մեծ անհանգստություն եւ մտավախություն, որ արհամարհական քաղաքականությունն այսօր էլ կշարունակվի ու կտարածվի Արցախից շուրջ 150 հազար փախստականների նկատմամբ։ Կա՞ այլ բացատրություն հայ փախստականների գոյության հարցի հետեւողական լուծարման, եթե ոչ արտաքին կառավարումը: Այո՛, թրքահաճ կեցվածքը, որ հայկական պետական քաղաքական վերնախավին «պարտադրվել է» առնվազն 1993-ին «գորշ գայլերի» հետ հանդիպմանը, ապա 1997 թվականին՝ ռուս-թուրքական նոր պայմանագրով, երբ հիմնվեց այլընտրանք Մինսկի բանակցային խմբին, դարձել է բնորոշիչ:

Փաստացի տանելով հայ փախստականության հարցի վերացումը, հայկական պետականության հիմքերում դրել են երեք հակահայ ականներ, որոնց մասին բազում անգամներ մեր Համագումարն է ահազանգել, այդ ականները գործեցին 2020 թվի սեպտեմբերի 27-ին: ՀՀ արտաքին կառավարման վկայության այլ փաստեր էլ կան. 1990 թվի դեկտեմբերին ձեւավորված Փախստականների հարցերի կոմիտեն 2005 թվին վերածեցին Միգրացիոն գործակալության, կամ 2012 թվի մայիսի 17-ին ՀՀ-ն հայտարարեց, որ չի քաղաքականացնում փախստականության հարցը, ու դա արվեց ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի Երեւան եզակի այցելության օրը ու նրա պահանջկոտ հայացքի ներքո, ապա 2019-ի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ դահլիճում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի փախստականների հարցով պատասխանատուն պահանջեց ՀՀ ԱԺ պատգամավորից այլեւս «ինտեգրել» փախստականներին ու 2020 թվի հունիսի 20-ը դիմավորել առանց փախստականների:

Եթե ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը չունի փախստականության պետական քաղաքականություն, արդյոք սա զիջո՞ւմ չէր հայության կենսատարածքում նրան ցեղասպանած ու քշած քոչվորների առաջնորդին, արդյո՞ք սա հարված չէր 2020 թվի նոյեմբերի 9-ին մեզ պարտադրված թղթի 7 կետի կատարման անհրաժեշտությանը, արդյո՞ք սա մեսիջ չէր հայակերին, որ 120 հազարին էլ կարող է դարձնել փախստական:

Փաստացի արտաքին կառավարման տակ կոծկելով հայ փախստականության գոյությունը, կոծկել են հայության ցեղասպանությունը Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Մարաղայում, Բուդապեշտում, Նախիջեւանում, Գյումրիիում:

Հիմա էլ Արցախում 2020-2023 թվերի ցեղասպանությունը համառորեն կոչում են ոչ կոնվենցիոն տերմինով` էթնիկ զտում, ու այս եզրույթի հիմնական շրջանառողն էլ հայկական քաղաքական միջավայրն է: Ու չկա որեւէ խոսակցություն Արցախի Հանրապետության տարածք հայ փախստականների վերադարձի մասին, եթե կա էլ, ապա խիստ կասկածելի, քանի որ ստալինյան մարդահալած քաղաքականությունը ամեն օր քլնգող գրանտակերների շերտը մեկ էլ հանկարծ դառնում է ստալինյան քաղաքականության հետեւանքների պաշտպան ու ջատագով ու եթե խոսում է փախստականների վերադարձի մասին, ապա միայն ԼՂԻՄ, այն էլ առանց Շուշիի:

Ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել եւս մի կարեւոր, շատ ցավալի հանգամանք. 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը գրանցեց 26 750 փախստական` Քարվաճառից, Քաշաթաղից, Ջրականից, Վարանդայից, Կովսականից, Շուշիից, Հադրութից, Արցախի Հանրապետության ռազմակալված բոլոր տարածքներից, իսկ հայկական կառավարությունը թե Երեւանում ու թե Ստեփանակերտում տարանջատեց Հադրութից փախածին Քարվաճառից ու Քաշաթաղից փախածից՝ կոչելով վերջիններին «վերաբնակիչ» ոչինչ չասող բառով: Դե, իհարկե, այստեղ միջազգային իրավունքի չիմացությամբ չհիմնավորեմ, տգիտությունը, իհարկե, խորքային է, բայց ես սա ընկալում եմ հակահայություն: Հայության կենսատարածքից կանխավ հրաժարվելու պատրաստակամությունն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, դա հակահայություն է, ու դրա քարոզիչները այսօր էլ անպատիժ շարունակում են նույն ոգով գործել ՀՀ-ում՝ նպատակ ունենալով 2020-2023 թվերի պարտությունը հաստատակամ պահելու. դե որքան վատ երկրի համար, այնքան փողաբեր նրանց համար: Ահա թե ինչու ունեմ մտավախություն, որ Արցախից ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած 150 հազար հայերի հարցը նույնպես քայլ առ քայլ խճճելով` կարող են վերացնել:

ՀՀ-ում այսօր էլ չկա ՄԱԿ-ի Փախստականների մասին կոնվենցիայով պահանջված եւ հայ փախստականների խնդրով զբաղվող պետական օղակ: Չկա հայ փախստականների իրավունքների պաշտպանությամբ, նրանց կորցրած գույքի, կրած վնասների գույքագրման ուղղությամբ զբաղվող համակարգող օղակ։ Հասարակական կազմակերպությունները նման խնդիրները չեն կարող լուծել: Իսկ Ադրբեջանը ո՛չ Հայկական ԽՍՀ-ից, ո՛չ ԼՂԻՄ-ից եւ ո՛չ էլ յոթ շրջաններից չունի փախստականներ, քանի որ տեղափոխված «ադրբեջանցիները», ըստ ՄԱԿ-ի բնորոշման, փախստական չեն: Բայց Ադրբեջանն ունի մշակած պետական ռազմավարություն եւ «Փախստականների եւ տեղահանվածների» պետկոմիտե, անընդհատ պահել ու պահում է շրջանառության մեջ ինչ-որ «ադրբեջանցի փախստականների» խնդիրները, դեռ այդ հորինված հարցն էլ միջազգայնացրել է, ՄԱԿ-ում գրանցել է 600 հազար «փախստական» ու հետեւողական շարունակում է «խնդիրը» պահել միջազգային քննարկումների օրակարգում:

Հայության գոյութենական պահանջն անհնար է դարձնում այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձը` բազում առումներով, նաեւ որովհետեւ դա միջազգային իրավունքը բազում անգամներ ոչնչացրած ու նսեմացրած հայակեր նավթային բռնապետի երեւակայությունն է: Ո՛չ ոք, ո՛չ մի «միջազգային» որոշում ոչնչով չի փոխհատուցի ո՛չ բազմահազար զոհերի կյանքը Սումգայիթում, ո՛չ Բաքվում` ոչնչացված տասնյակ հազարավոր հայերի կյանքը: Ցանկացած «զիջում» այս հարցում կնշանակի հայության դեմ ցեղասպանության մի վերջին ալիքի բացահայտ խրախուսում արդեն ՀՀ-ում:

Իմ ներգրավումը «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության ստեղծմանը միտված է նախ նմանատիպ սպառնալիքները կասեցնելուն ու սանձելուն: Միությունը միայն միջոց է, լրացուցիչ հարթակ ու հնարավորություն անձամբ ինձ համար՝ նվիրվելու իմ Երկրի ճակատագրին, իմ ժողովրդի ու նրա կենսատարածքի պահպանմանն ու հարատեւմանը: Իսկ հայության ու հայկական պետության գոյութենական պահանջն այսօր ենթադրում է հայ պոպուլյացիայի պահպանում ու հզորացում հենց Հայկական բարձրավանդակի` հայության կենսատարածքի վրա, այդ կենսատարածքի կորուսյալ բեկորների՝ Արցախի, Նախիջեւանի, Գարդմանի, Շիրվանի վերագտնում:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031