Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի ԵԽԽՎ վերադառնալու ուղղությամբ»․ Փոլ Գավան

Հունվար 25,2024 10:47

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ն չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։

Մոգենս Յենսեն

Այս թեմայով քննարկման ժամանակ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Մոգենս Յենսենը, հղում կատարելով փոփոխությանը՝ ըստ որի բանաձևում առաջարկվում է ավելացնել այն, որ Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ Կանոնակարգով նախատեսված պայմանները բավարարվեն, հայտարարեց․ «Կարծում եմ՝ կարևոր է ադրբեջանական պատվիրակության համար դուռը բաց թողնելը, որ եթե բարելավում լինի ԵԽ հիմնարար սկզբունքների և դրանից բխող պարտավորությունների կատարման առումով, վերականգնվի նրա անդամակցությունը մեր կազմակերպությանը, և համագործակցությունը վերսկսվի»։

Ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերն առնվազն մեկ տարով չվավերացնելու հարցում կոնսենսուս կար ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի միջև, մինչդեռ պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն դեմ արտահայտվեց ու նշեց․ «Այժմ ոչ մի լավ բան տեղի չի ունենում։ Որտե՞ղ է, որ գոհ են, թե ինչ է տեղի ունենում այստեղ, Մոսկվայում՝ հաստատ։ Բաքվում, Ստրասբուրգում, Կիևում՝ ոչ»։ Նա փորձեց հավաստիացնել, որ այնպես չէ,թե 2001-ից ի վեր Ադրբեջանում առաջընթաց չկա, ըստ նրա՝ այժմ Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, ձգտում է խաղաղության։ Ուստի այս պահին կարևոր էր, որ ԵԽ-ի ներսում լիներ միասնականություն։ Դիմելով ադրբեջանցիներին՝ ասաց, որ Վեհաժողովում սպասում են նրանց։

Եվրոպական միասնական ձախերի խմբի խոսնակ Փոլ Գավանը շեշտեց՝ երբեք էլ լավ չէ կորցնել անդամ պետության ներկայացուցչությունը, բայց այս պարագայում դա անհրաժեշտ է։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի՝ ԵԽԽՎ-ում՝ լիագումար նիստերից դուրս արված հայտարարությանը, նա նշեց․ «Սամադ Սեիդովը խոսեց իր երկրի դեմ կազմակերպված զրպարտչական արշավի մասին, մեղադրեց քաղաքական կոռուպցիայի և էթնիկ ու կրոնական ատելության հարցում, մեղադրեց անդամ երկրներին Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու փորձերի մեջ: Այս բոլոր խոսքերը, կարծում եմ, իսկապես ցավալի են: Պարոն Սամադ Սեիդովը չի փորձել զբաղվել այս բանաձևում շարադրված որևէ հարցով, և դա իսկապես շատ խոսուն է փաստ է»։

Նա հիշեցրեց, որ երկու զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ կապված․ նախկինում որպես զեկուցող, այցելել է Ադրբեջան, բայց թույլտվություն չի ունեցել այցելելու քաղբանտարկյալներին և որևէ հասանելիություն չի ունեցել այն անձանց հետ կապված, որոնք համարվում են անհետ կորած։

Փոլ Գավանը հիշեցրեց Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը, երբ ադրբեջանական պատվիրակությունը պնդում էր, որ կա ազատ և անվտանգ մուտք Լաչինի միջանցք, բայց, երբ ինքն այդ մուտքը խնդրել է, ասել են, որ չի կարող մուտք գործել։

Ամփոփելով՝ Փոլ Գավանն ասաց․ «Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի այս Վեհաժողով վերադառնալու ուղղությամբ, կաշխատի այնպես, որ հարգի այն սկզբունքները, որոնք այս վեհաժողովը պաշտպանում է»։

Սոցիալիստների խմբի խոսնակ, ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելու նախաձեռնության հեղինակ Ֆրանկ Շվաբեն էլ բերեց ադրբեջանցի ճանաչված պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուի օրինակը․ «Նա այժմ պետք է դասախոսեր Դրեզդենի համալսարանում, նա աշխատում է հանուն իր երկրի լավ ապագայի, մինչդեռ նա այժմ ազատազրկված է Ադրբեջանում կոռուպցիայի և քաղաքական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին բարձրաձայնելու պատճառով»։ Ֆրանկ Շվաբեն ասաց, որ այսպիսիք 200-ից ավելին են։ Ըստ նրա՝ թվում է, թե ամեն օր, շաբաթ Ադրբեջանում ավելանում են քաղաքական բանտարկյալները․ «Եվ ամոթ է, որ մենք ունենք մի անդամ երկիր, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ»։ Նա նաև խոսեց Ադրբեջանի՝ ԵԽԽՎ-ի հետ չհամագործակցելու, այլ խնդիրների մասին ու ասաց․ «Եթե մենք այս ամենը հանդուրժենք, նշանակում է՝ բացում ենք Պանդորայի արկղը։ Եվ միայն Ադրբեջանը չէ․ մենք պատասխանատու ենք 45 անդամ երկրների համար։ Եվ գիտեք՝ ինչով կարող էր այս ամենն ավարտվել՝ երկրներն իրենք կսկսեին որոշել՝ որ առաքելությունն են հավանում, որ զեկուցողին և այլն։ Եթե մենք թույլ տանք, որ սա կատարվի Ադրբեջանի պարագայում, ապա ի վերջո բոլոր երկրներում էլ դա կարող է տեղի ունենալ»։

ԵԺԿ խմբի խոսնակն էլ ասաց՝ Բաքվի իշխանությունների որոշումների պատճառով ենք հայտնվել այս իրավիճակում։ Նա փաստեց՝ բազմիցս տարբեր բանաձևերով Վեհաժողովը Բաքվի իշխանություններին ահազանգել է խնդիրների մասին, բայց պատասխանը եղավ այն, որ նրանք խոչընդոտեցին ԵԽԽՎ զեկուցողների աշխատանքը, չհրավիրեցին կազմակերպության դիտորդական առաքելությանը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին և այլն։

ALDE խմբի խոսնակ Բիարնի Յոնսոնն էլ ասաց․ «Սա Ադրբեջանի հետ երկխոսության ավարտը չէ։ Սա ամուր երկխոսության սկիզբն է, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել արդյունավետ հետազոտությունների արդյունքում մեր հաստատության և Ադրբեջանի ժողովրդի բարօրության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031