Խորխոտ հազի պատճառով բերանում հաճախ կարող է մի փոքր արյուն հայտնվել՝ մետաղական համի զգացում առաջացնելով հազալու ժամանակ։ Դա, իհարկե, մտահոգության տեղիք է տալիս, բայց ոչ միշտ է ահազանգում լուրջ խնդրի մասին։
Մետաղական համը հիմնականում հուշում է վերին շնչուղիների վարակի, հարբուխի մասին, սակայն կարող է այլ պատճառներով էլ առաջանալ, որոնց արժե ուշադրություն դարձնել։
Վերին շնչուղիների վարակներ
Վերին շնչուղիների վարակների հարուցիչները վիրուսներն են, որոնք, մարդուց մարդուն փոխանցվելով, գրգռում են քիթը, կոկորդը, թոքերը։ Հիվանդությունն ուղեկցվում է քթի փակվածությամբ ու հազով, և ընթացքում առաջացող խորխն ու լորձը կարող են բերանում մետաղական համ առաջացնել։ Սովորական հարբուխն ու հարքթային խոռոչների վարակը (սինուսիտ) նույնպես կարող են բերանում մետաղական համի պատճառ դառնալ, իսկ վերին շնչուղիների այն վարակները, որոնք, սովորաբար, հազով չեն ուղեկցվում, այդպիսի ախտանշան չեն առաջացնում, օրինակ՝ ֆարինգիտը։
Թոքի այտուց
Թոքի այտուցը հեղուկի կուտակումն է թոքերում։ Հեղուկի մեջ առկա էրիթրոցիտները կարող են հայտնվել բերանում հազի ժամանակ՝ մետաղական համ առաջացնելով։ Թոքի այտուցը բժշկական անհապաղ միջամտություն պահանջող ծայրահեղ ծանր վիճակ է։
Կարդացեք նաև
Ասթմա կամ շնչառական դժվարություններ
Ասթման կամ շնչառական դժվարությունները, որոնք, օրինակ, կարող են առաջանալ ֆիզիկական ինտենսիվ մարզումների ժամանակ, դրսևորվելով հազով ու խզզոցով՝ նույնպես կարող են մետաղական համ թողնել բերանում։
Անաֆիլաքսիա
Անաֆիլաքսիան ծանր ալերգիկ ռեակցիա է, որը կարող է շատ արագ զարգանալ՝ վտանգելով մարդու կյանքը։ Անաֆիլակտիկ շոկին երբեմն կարող է նախորդել բերանում մետաղական համը, քանի որ շնչուղիները ալերգիայի զարգացման ընթացքում նեղանում են՝ նաև հազ ու խզզոց առաջացնելով։
Երբ դիմել բժշկին
Հարբուխի, վերին շնչուղիների այլ վարակների պատճառով առաջացած մետաղական համը և այլ ախտանշանները, սովորաբար, անցնում են մի քանի օրվա ընթացքում, սակայն կան մի քանի առանցքային ախտանշաններ, որոնք անտեսել չի կարելի։ Պետք է դիմել բժշկին, եթե կա՝
- երկարատև (5 օր և ավելի) բարձր ջերմություն (39,4°C և ավելի),
- արյունոտ հազ․ հարբուխի ժամանակ հազալիս խորխի մեջ արյան աննշան քանակությունը նորմալ է․ խորխը կարող է վարդագույն երանգ ունենալ, քանի որ հաճախակի հազը գրգռում է վերին շնչառական ուղիները։
Ընթացքում խորխը կարող է ավելի դեղին կամ կանաչավուն երանգ ստանալ։ Սակայն տեսանելի արյան մեծ քանակությամբ հազը լուրջ հիվանդության մասին կարող է հուշել, օրինակ՝
-քրոնիկ բրոնխիտի,
-թոքաբորբի,
-թոքի քաղցկեղի,
-տուբերկուլոզի,
-թոքային էմբոլիայի։
- Շնչարգելություն, հևոց
Եթե հազը չափազանց ուժեղ է, առկա է շնչարգելություն, հևոց, ապա պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության։ Անբացատրելի շնչարգելությունը, հևոցը, կրծքավանդակի ցավը կարող են առաջանալ հետևյալ հիվանդությունների ժամանակ՝
-ասթմայի ծանր նոպայի,
-անաֆիլակտիկ շոկի,
-սիրտ-անոթային սուր հիվանդության,
-թոքային էմբոլիայի։
Բերանում մետաղական համի առաջացման այլ պատճառները
Մետաղական համը կարող է վկայել բերանի խոռոչի լուրջ խնդիրների մասին, օրինակ՝ լնդերի բորբոքման կամ պուլպիտի։ Դրանից բացի շատերը, որոնց մոտ հետագայում ստամոքսի հետ կապված խնդիրներ են բացահայտվել, բողոքել են բերանում մետաղական համից։ Այդ ախտանշանին կարող են գումարվել այրոցը, սրտխառնոցը, որովայնում տհաճ զգացողությունները։ Մետաղական համը նաև կարող է հուշել շաքարային դիաբետի զարգացման կամ երիկամների ու լյարդի հիվանդությունների մասին։
Ծանուցում՝ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից։