Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է ազատել Ռուբենին եւ մնացածներին

Հունվար 25,2024 13:30

Համենայնդեպս, ես մնում եմ այն կարծիքին, որ 2020թ.-ից մինչեւ Արցախի վերջնական հայաթափումը, բացի Ալիեւից, գուցեեւ նաեւ Փաշինյանից բացի, համարյա ոչ մեկի մտքով չէր անցնում, թե ինչպես են Արցախի քաղաքական նախկին եւ ներկա ղեկավարները եւ շատ ավելի նախկին ու ներկա տարատեսակ օրենսդիր ու գործադիր գործիչներ վերջին պահին լքելու Արցախը եւ գերի չհանձնվելու ադրբեջանական իշխանությանը, մանավանդ, եթե Ադրբեջանի իշխանությունը ներքին, վերջնական որոշում ուներ չթույլատրելու նրանց վերադարձը Հայաստան, որի պատճառով որեւէ կերպ չէր քննարկվում ու բարձրաձայնվում, թե ի վերջո ինչպես պետք է հեռանան Արցախի նախկին ու ներկա ղեկավարները, քանզի նման հարց ընդհանրապես չէր քննարկվում ու նման քննարկման նյութ չէր բարձրաձայնվում: Վերջնարդյունքում Ալիեւը համարեց, որ իրենց գործունեության ընթացքում Ռուբեն Վարդանյանը եւ նույն ընթացքում ձերբակալված մնացած գործիչներն Ադրբեջանի նկատմամբ շատ վատ են պահել իրենց, ինչպես նաեւ, կարծում եմ, որ չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները կամ չմիջնորդեցին նրանց չձերբակալելու համար, կամ նրանց միջնորդությունը չաշխատեց, որի հետեւանքով էլ նրանք ձերբակալվեցին: Եղածը եղավ եւ պարզ հասկանում ենք, թե այդ ձերբակալությունները որքան վտանգավոր եւ ինչերով են հղի ոչ միայն տվյալ անձանց, այլեւ նաեւ ողջ հայ ժողովրդի համար: Ես բնավ տարբերություն չեմ դնում Արցախը լքած հայերի միջեւ, քանզի նրաք բոլորը նույն հայն են եւ նույն արժեքն ունեն, սակայն Արցախի հայաթափումից հետո եւս, հայ ժողովուրդը դեռեւս մեծ անելիք ունի, այնպես որ, այդ մարդկանց փորձառությունը համեմատաբար շատ ավելի մեծ է եւ Արցախը լքած հայ ժողովրդի համար նրանք շատ ավելի մեծ անելիք ունեն: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ իրավական ճանապարհով անհնարին է դառնում նրանց ազատ արձակումը (բավական է միայն հիշել Հաագայի դատարանի վճռի չկատարումը՝ Ադրբեջանի վերաբերմունքը դրա նկատմամբ, որը պարզորոշ մի բան է նշանակում. այնտեղ թքած ունեն ցանկացած մակարդակի իրավական գործընթացի վրա): Բնականաբար, մնում է միայն աշխարհի ճնշումն ուժեղացնել Ադրբեջանի վրա, որը պետք է գրագետ ու ճշգրիտ կազմակերպել, որպեսզի նորմալ արդյունքներ ակնկալվի: Համոզված եմ, որ ձերբակալվածներից բոլորի ամբողջ շրջապատներն էլ լծված են նրանց ազատման հարցին, սակայն դա եղանակ չի փոխում, քանզի այդ պրոցեսը իրականացվում է սիրողական մակարդակում, այնինչ դրանք լրջագույն ջանքեր են պահանջում: Դա պետք է լինի խստիվ համակարգված եւ շարունակական գործողությունների եւ քայլերի հաջորդականություն, որը վերջնարդյունքում պետք է բերի դրանց դրական լուծմանը:

Անկեղծ ասած, այն, ինչ այդ մասով արվում է Հայաստանում, համարում եմ չափազանց թույլ: Այդ անձանց ամբողջական շրջապատների ու նրանց մտերիմների ամբողջական հավաքագրման տեսանկյունից զուտ սիրողական մակարդակով են դրանք արվում եւ հողի վրա՝ մինչ այժմ որեւէ լուրջ արդյունք չի արձանագրվել ու կարծում եմ՝ չի էլ լինի: Էլ չեմ ասում, որ նրանց համագործակցության մակարդակը միջազգային կառույցների եւ աշխարհի ճանաչված գործիչների հետ եւս զուտ զրոյական արդյունքներ է արձանագրել: Եվ, եթե այս գործընթացն այսուհետ էլ պետք է շարունակվի նույն մակարդակով, ապա ոչ մի լուրջ արդյունք չարժե ակնկալել: Կալանավորվածների ազատ արձակման խնդիրը լրջորեն լուծելու համար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հարցի լուծմանը մաքսիմալ նպաստ բերեն նաեւ իշխանությունները, աշխարհի մի շարք երկրների պետական, միջազգային ու մարդասիրական կառույցները, գիտության, արվեստի, մշակույթի համաշխարհային դեմքերը եւ ճանաչված քաղաքական գործիչներն ու այսպես շարունակ …

Մեկ անգամ եւս կրկնում եմ, խնդրի այս մակարդակով շարունակումը ոչ մի լուրջ արդյունք տալ չի կարող:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031