Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրելու համար ինձ ոգեշնչվել պետք չէ: Ինձ պարզապես ստիպում է գրել մարդը, բառը եւ դրանց միջեւ ընկածը…»

Հունվար 25,2024 12:30

Ասում է «Գրելույս» գրական ակումբի համահիմնադիր Արման Վարդանյանը:

– Ինչպե՞ս ստեղծվեց ակումբը:

– «Գրելույս»-ի ստեղծման գաղափարը շատ հանկարծակի առաջացավ, եւ պիտի ասեմ, որ իրագործվեց եւս շատ արագ: Երեւի ստեղծագործ երիտասարդները կարիք ունեին իրար ճանաչելու եւ միասին գրական ուղի անցնելու: Նպատակը երիտասարդներին գրականության մեջ համախմբելը եւ նրանց ներքին լույսը բացահայտելն էր: Համացանցը երիտասարդներին այս ծրագրի մասին տեղեկացնելու շատ օգտակար ու հարմար միջոց էր, ուստի մեզ միացան տարբեր տարիքային կազմի երիտասարդներ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Սա շատ ծանրակշիռ եւ ոգեւորիչ էր մեզ համար, ուստի խթանը եւս մեծ էր հնարավոր ամեն կերպ ակումբը զարգացնելու եւ այն գրական համայնքներում ճանաչված դարձնելու համար: «Գրելույս»-ը հանրության շրջանում հայտնի դարձնելու եւ երիտասարդներին առաջարկելու առիթով անչափ շնորհակալ եմ նաեւ շոու-բիզնեսի հայ հայտնիներին, ովքեր անշահախնդիր կերպով լծվեցին «Գրելույս»-ն իրենց հետեւորդներին ներկայացնելու գործին: Հանուն ազնվության պետք է առանձնացնեմ Ավետ Բարսեղյանին, ով յուրաքանչյուր ուրբաթ Հայաստանի Հանրային ռադիոյի «Տաղանդների տաղավար» հաղորդման շրջանակներում ռադիոլսողին է ներկայացնում գրելույսցիներին եւ նրանց ստեղծագործությունները:

– Ո՞րն է ակումբի գլխավոր գործառույթը:

– Ակումբի հիմնական գործառույթն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր չնայած մեծ պոտենցիալ ունենալուն` հաճախ են կոմպլեքսավորվում կամ վախենում հանրությանն իրենց ստեղծագործությունը ներկայացնելուց: Ակումբի անդամները կարող են փաստել, որ լինելով «Գրելույս»-ում` նրանք ավելի համարձակ են դառնում, ձեռք են բերում որոշակի գրական ճաշակ եւ նախապատվություն: Մենք հաճախ ենք կազմակերպում տարբեր գրական հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ, ովքեր հարստացնում են մեր ակումբը իրենց փորձով եւ խորհուրդներով: Նաեւ զարգացման շատ կարեւոր «փուլ» է միմյանց գործերը կարդալն ու անկեղծ կարծիք հայտնելը, ինքնախմբագրումն ու առողջ քննադատությունը: Դե իսկ ամուր ընկերության մասին ավելորդ է խոսել. մեր երիտասարդներից շատ-շատերի ընկերության «մեղավորը» «Գրելույս»-ն է եղել:

– Իսկ ինչպե՞ս կարող են երիտասարդ ստեղծագործողները դառնալ ակումբի անդամ:

– Սովորաբար տարին մեկ-երկու անգամ մենք հայտարարում ենք մեծ ընդունելություն, եւ հենց այդ ժամանակ է, որ երիտասարդներն ուղարկելով իրենց ստեղծագործությունները, մասնակցում են ընտրման փուլին: Հիմնական չափանիշներն են հեղինակային լեզուն եւ ոճը, ազդեցության աստիճանը, նորարարական-փորձարարական արժեքը: Սակայն մենք միշտ ենք բաց տաղանդաշատ գրողների առջեւ, այնպես որ, ցանկացած ժամանակ էլ կարող են մեր ինստագրամյան greluys էջին ուղարկել իրենց ստեղծագործությունները, եւ եթե տեսնենք հասուն սաղմեր, ապա մեծ սիրով կընդունենք:

– Արման, դու «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքի հեղինակն ես: Գիտեմ, որ գիրքը շատ մեծ նշանակություն ունի քեզ համար: Ինչպե՞ս առաջացավ գիրքը գրելու գաղափարը;

– Երբեւէ չէի մտածի, որ իմ առաջին գիրքը նվիրված կլինի ինչ-որ մեկին` այն էլ իրական, մեր օրերում ապրող երիտասարդին: Պատերազմը միշտ էլ իր ազդեցությունն է ունեցել արվեստում: Իմ պարագայում էլ այդպես ստացվեց: Մեծ փառաբանման եւ ուշադրության են արժանի բոլոր ժամանակների հերոսները, սակայն Արցախի հերոս Ալեն Մարգարյանը իր կարճ, բայց անպատմելի բովանդակալից եւ ոգեշնչող կյանքով միանգամից համակեց ինձ եւ ինձ ստիպեց կատարել այդ ծանր ու հուզիչ քայլը` գրել ու պատմել մարդու, հայի եւ իրական հերոսի մասին: Գիրքը գրելու թույլտվությունն ու պատիվը ինձ տվեց հերոսի մայրը` Նազելի Տերտերյանը, որին միշտ երախտագիտությամբ պետք է հիշեմ, եթե չլիներ նրա ոգեշնչումն ու հավատը, երեւի թե գիրքը չէր ծնվի: Ուրեմն, «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գիրքը եղավ իմ գրական կյանքի մեկնարկը եւ իր խոր հետքը թողեց իմ կենսագրության մեջ: Գրքում բոլորովին առկա չէ պատերազմի հուզիչ ֆոնը, արյունն ու սահմանը, այս գիրքը մարդու «ամենախորքի» մասին է, թե ինչպես պետք է ապրի, ինչպիսի արժեհամակարգ պետք է ունենա այսօրվա հայ երիտասարդը, որ չլինեն պատերազմներ: Երջանկությամբ պետք է փաստեմ, որ գիրքը սիրվել է հատկապես պատանի ընթերցողի կողմից, երեխաները պարբերաբար հետաքրքիր եւ ուրույն միջոցառումներ եւ անգամ ներկայացումներ են կազմակերպում գրքի առիթով եւ հուսով եմ, որ «Ալեն մոլորակը մեր մոլորակում»-ը նրանց համար կդառնա փոքրիկ ուղենիշ եւ քարտեզ «մեր մոլորակում» ճամփորդելիս:

– Արմա՛ն, դու նաեւ հանրահայտ գրող Մարկ Արենի հետ գրքի համահեղինակ ես, գիրքը կոչվում է «Բարի գործերի քաղաք»: Ինչպե՞ս ստացվեց այդ համագործակցությունը:

– Ինչպես պատմեցի, մենք մեր գրական ակումբի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ժամանակակից գրողների հետ, եւ երբ հերթը հանրահայտ Մարկ Արենինն էր, անչափ հետաքրքիր զրույցի ընթացքում միտք ծագեց միասին ստեղծագործելու: Դա մեծ երջանկություն եւ լավագույնը գրելու պարտավորվածություն էր ինձ եւ իմ գրական ակումբի երեք անդամների համար: Եվ ահա, սկսվեց համահեղինակային գիրք գրելու աննկարագրելի «ծիսակարգը», որի ընթացքում դարձյալ մեծ փորձ ձեռք բերեցինք: Գիրքն աննախադեպ հաջողություն գրանցեց, այն մինչեւ հիմա գլխավորում է երեւանյան բեսթսելերների սանդղակը, երեւի դրան նպաստեց նաեւ յուրատեսակ թեման: Գիրքը բարության զորեղ ուժի մասին է, այն մասին, թե ինչպես մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը Ամանորի նախաշեմին ստիպում է մարդկանց բարի գործեր անել եւ Երեւանը դարձնել «Բարի գործերի քաղաք»: Այն հրաշալի գրքախորհուրդ է Ամանորի ժամանակահատվածում, քանի որ գրքի իրադարձությունները տեղի են ունենում հենց դեկտեմբերի 31-ին: Վստահաբար կարող եմ ասել, որ գիրքն ընթերցողը կհասկանա Ամանորի իրական խորհուրդը, կմանկանա եւ կհամոզվի, որ «…բարին կփոխի աշխարհը…»;

– Արմա’ն, իսկ նոր գրքի քո ընթերցողը կարո՞ղ է սպասել:

– Ինձ համար այժմ խիստ առաջնային է նոր գիրքը, որովհետեւ երկար դադարից հետո կարծում եմ բավականին շոշափելի կլինի տեքստի ոճային եւ գաղափարային փոփոխությունը: Արդեն ունեմ գրքի նոր գաղափար, որը շատ կցանկանամ հաջողությամբ իրագործել: Իսկ մինչ գիրքը պատրաստ կլինի, ընթերցողը կարող է հետեւել իմ բանաստեղծական շարքերին, որոնք բավականին ակտիվ կերպով տպագրվում են գրական մամուլում:

– Որպես պոետ, ինչի՞ց ես ոգեշնչվում, եւ ո՞ր թեման է քեզ ամենահոգեհարազատը;

– Գրելու համար ինձ ոգեշնչվել պետք չէ: Ինձ պարզապես ստիպում է գրել մարդը, բառը եւ դրանց միջեւ ընկածը…

Պայծառ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Ապաշնորհների մաիսն ինչու են գրում՝ արժեզրկելով լրագրողությունը: Հարզազրուցավարը կարդացե՞լ է այս երեխայի թոթովանքները: Գոնե կարդացեք, նոր «հարցազրույց» վարեք, ամոթ է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031