Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը խոսքից գործի է անցնում

Հունվար 25,2024 12:00

«Մի կասկածեք ԼՂ-ի եւ, ընդհանրապես, Հայաստանի հարցով վճռականությանս», Ֆրանսիայի նախագահի այս կեցվածքը պետք է վարակիչ դառնա ԵՄ անդամ մյուս պետությունների շրջանում

Անցյալ տարի հունիսին Մարսել կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եւ պատասխանելով նրանց հարցերին, մասնավորապես կոչին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ցուցաբերել մեծ նախաձեռնողականություն՝ գործնական, ոչ միայն բարոյական, եւ արցախցիների համար ապահովել գործնական աջակցություն, նա այսպիսի պատասխան էր տվել. «Մի՛ կասկածեք Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականությանը։ Ես կշարունակեմ ջանքեր գործադրել, նույնիսկ եթե այս օրակարգով ես գրեթե միակն եմ միջազգային ընտանիքում։ Դուք նաեւ գիտեք, որ Ֆրանսիան առաջին անգամ ռազմական կցորդին ուղարկեց Հայաստանում իր դեսպանատուն, եւ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞: Մենք պետք է մեր ուժերի ներածին չափով անենք առավելագույնը»։

Հայաստանը, որպես պետություն, վայելում է ԵՄ առաջատար ու ազդեցիկ երկրի` Ֆրանսիայի լիակատար աջակցությունը: Մակրոնի գործոնը հայ-ֆրանսիական հարաբերություններում նշանակալի է. նրա գործադրած ջանքերը 44-օրյա պատերազմից հետո ակնառու են:

Հայաստանն ու նրա խնդիրներն ակնհայտ է, որ Մակրոնի ամենօրյա օրակարգային քննարկման հարցերից են, եւ այդ փաստը հանգիստ չի տալիս Հայաստանի հակառակորդներին:

Ամռանը Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրեց Ֆրանսիայի նախագահին` «հակաադրբեջանական հայտարարությունների համար»։ Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի հնչեցրած «հակաադրբեջանական հերթական կարծիքը, որտեղ նա միակողմանի կերպով պաշտպանում է Հայաստանին եւ չի արտացոլում ճշմարտությունը, անընդունելի է», ԱՊԱ գործակալությանը փոխանցել էին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Մակրոնի նշյալ հայտարարությունից մի քանի օր անց արդեն Ադրբեջանի նախագահը պնդեց, թե Ֆրանսիան աջակցում է հայկական անջատողականությանը Ղարաբաղում։ «Ֆրանսիան մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի կեղծ պաշտպանի քողի տակ շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին», – նշել էր Ալիեւը «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացված հավաքում ելույթի ժամանակ։ Ադրբեջանի նախագահը Ֆրանսիային հերթական անգամ մեղադրեց «գաղութատիրական» քաղաքականության համար՝ համոզմունք հայտնելով, թե Փարիզի քայլերը «դատապարտված են ձախողման»։ «Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում եւ օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը եւ օրիենտալիզմի գաղութային քաղաքականությունը»,- ասել էր Ալիեւը։

Անցած աշնանն Ալիեւն անակնկալ չեղարկեց հոկտեմբերի 5-ի Գրանադայի հանդիպումը, որտեղ կողմերը պետք է քննարկեին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը։ Պաշտոնական Բաքվի հիմնական դժգոհությունը Ֆրանսիայի մասնակցությունն էր եւ Փարիզի հայտարարությունները՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար շարունակում էին Փարիզին մեղադրել «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։

Նոյեմբերին Ալիեւը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Փարիզի հասցեին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու համար»։ «Ֆրանսիան ռազմատենչ քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին, խրախուսում է ռեւանշիստական ուժերին Հայաստանում եւ հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»,- «Ապագաղութացում. կանանց ուժեղացում եւ զարգացում» միջազգային համաժողովում հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Դեկտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը կրկին քննադատեց Ֆրանսիային, նշելով, թե Փարիզը փորձում է «հայերից ավելի հայ լինել»։ Ալիեւն ասել էր. «Հակաահաբեկչական գործողությունից հետո Արեւմուտքի որոշ երկրներ անհիմն մեղադրանքներ հնչեցրին Ադրբեջանի հասցեին։ Թեեւ միջազգային հանրությունը տեսնում է, որ անգամ Հայաստանն է հաշտվել այս իրադրության հետ, եւ գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելը եւս մեկ անգամ փաստում է դա, որոշ քաղաքական առաջնորդներ Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»։

Ֆրանս-ադրբեջանական դիվանագիտական լարումը առավել ցցուն դարձավ անցյալ տարեվերջին, երբ գործը հասավ դիվանագետների արտաքսմանը: Ադրբեջանից արտաքսված ֆրանսիացի դիվանագետներին Բաքուն ապօրինությունների մեջ մեղադրեց։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդում էր, թե իբր Ադրբեջանի պետական կառույցներն ունեն ապացույցներ։ Բայրամովը ֆրանսիական կողմին հորդորել էր հետաքննել Բաքվի դեմ ֆրանսիացի դիվանագետների քայլերը:

Պաշտոնական Փարիզը ոչ միայն չի պատրաստվում հետեւել Ադրբեջանի իշխանությունների հորդորին, այլեւ անընդունելի համարեց մեղադրանքները՝ ի պատասխան արտաքսելով երկու ադրբեջանցի դիվանագետի: «Ֆրանսիան կտրականապես հերքում է այն պնդումները, որոնցով Ադրբեջանը հիմնավորել է իր որոշումը։ Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիան անցանկալի անձ է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի», – ասվում էր Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ակնհայտ էր, որ ֆրանս-ադրբեջանական դիվանագիտական այս սկանդալը տեղի ունեցավ երկու երկրների միջեւ արդեն իսկ տեւական ժամանակ լարված հարաբերությունների ֆոնին։ Ադրբեջանի իշխանությունները` Ալիեւի գլխավորությամբ, Ֆրանսիայի հասցեին պարբերաբար կոշտ մեղադրանքներ էին հնչեցնում, բացառապես մեկ պատճառով` Ֆրանսիայի եւ այդ երկրի իշխանության Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների համար:

Ադրբեջանն ունի անվերապահ աջակից` ինչպիսին Թուրքիան է, եւ ոչ միայն Թուրքիան, որոնք քաղաքական-ռազմական աջակցություն են ցուցաբերում Բաքվին մինչ օրս, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմին հանգիստ չի տալիս Փարիզի աջակցությունը Հայաստանին, եւ մեր երկրին զենք վաճառելու Ֆրանսիայի իշխանությունների որոշումը։

Ալիեւը չէր սահմանափակվում Ֆրանսիայի հասցեին հրապարակային մեղադրանքներով։ Ադրբեջանում համաժողովներ էին անցկացվում` նվիրված «ֆրանսիական գաղութատիրությանը»: Ալիեւը Բաքու էր հրավիրել ֆրանսիական նախկին գաղութների ներկայացուցիչների, որոնք պատմում էին ճնշումների մասին։ Ադրբեջանական մամուլում հրապարակումներ էին ի հայտ գալիս` «գաղութատիրական Ֆրանսիայի» թեմայով, որոնցից բխեցվում էր, թե Փարիզն, իբր, փորձում է այսօր այդպիսի «սերմեր ցանել» նաեւ Հարավային Կովկասում…

Բաքուն Ֆրանսիային մեղադրում էր նաեւ իսլամաֆոբիայի մեջ։ Անցյալ ամռանը, երբ Ֆրանսիայում բողոքի ցույցեր էին տեղի ունենում ֆրանսիացի ոստիկանների կողմից ալժիրցի դեռահասի սպանության պատճառով, Ադրբեջանի իշխանությունները լրագրողական խումբ էին գործուղել Փարիզ՝ լուսաբանելու այդ ցույցերը։ Ալիեւը, որը չի հանդուրժել սեփական երկրում բողոքի ցույցերը եւ ոստիկանական կոշտ ուժի կիրառմամբ այդ երկրում ցրել են խաղաղ, նույնիսկ ոչ մարդաշատ բոլոր հավաքները, անձամբ էր աջակցություն հայտնել Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին։

Ինչեւէ, երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հստակ հայտարարեց, որ Բաքուն շարունակելու է գործել ընդդեմ Փարիզի։ Նա հերթական անգամ դժգոհեց Հայաստանի ու Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցությունից։ «Ֆրանսիան երկիր է, որն այսօր զինում է Հայաստանին, հուսադրում, ուսուցանում նրա զինծառայողերին եւ նախապատրաստում հերթական պատերազմին։ Հետեւաբար՝ երբ ես ասում էի, որ Ֆրանսիայի քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, սա հենց այն է, ինչ նկատի ունեի»։ Ալիեւը անգամ նշեց, թե Բաքուն շարունակելու է Փարիզի դեմ գործել՝ նպաստելով «ֆրանսիական գաղութների ազատագրմանը Ֆրանսիայի լծից»։ «Մենք ավարտում ենք Չմիավորման շարժման կազմակերպությունում մեր նախագահությունը, բայց Բաքվի նախաձեռնող խումբը կշարունակի գործել: Մենք կնպաստենք ֆրանսիական նեոգաղութատիրության բացահայտմանը եւ լծից ֆրանսիական գաղութների ազատագրման գործընթացին»,-ասել էր նա։

Որքա՞ն հեռու կարող է գնալ Ալիեւը` Եվրամիության ազդեցիկ անդամներից մեկի` Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Երկու երկրների միջեւ այնուամենայնիվ գոյություն ուներ տնտեսական համագործակցություն, որն այսօր արդեն վտանգված է թվում: Անցյալ տարի Ադրբեջանի պաշտոնական տվյալներով` Ֆրանսիան այդ երկրի առաջատար առեւտրային գործընկերներից է եղել։ «Հարյուրավոր ընկերություններ ներդրումներ են կատարում Ադրբեջանում, ստանում եկամուտ եւ շահույթ», -մի առիթով անցյալ տարի նկատել էր Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, փաստելով, որ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, միաժամանակ նաեւ ընդգծելով, որ տնտեսական համագործակցության ոլորտում ռիսկեր չի տեսնում։

Սենատի վերջին բանաձեւի ընդունմամբ Փարիզը Ադրբեջանի իշխանություններին, նրանց դաշնակիցներին ու իր գործընկեր պետություններին ազդանշան տվեց, որ կարող է ավելի հեռուն գնալ` արդեն Ալիեւի ռեժիմին պատժելու հարցում: Մակրոնը Ֆրանսիայի օրինակով նոր վարքագիծ է ի ցույց դնում, հասկացնել տալով, որ պատերազմում հաղթելը չի նշանակում` ստանալ ազատություն եւ դառնալ էլ ավելի սանձարձակ: Ֆրանսիայի օրինակը պետք է ԵՄ անդամ մյուս երկրների համար եւս ելակետային դարձնել, թեեւ, ինքը, Մակրոնն էլ խոստովանել է, որ ըստ էության, միայնակ է ԵՄ-ում իր ունեցած դիրքորոշմամբ, քանի որ այլ երկրների համար Ադրբեջանը «հետաքրքիր» է էներգետիկ տեսանկյունից:

Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման կողմնակից են` Ֆրանսիայի աջակցությամբ նշմարվում են ուղղությունները, որոնց շուրջ պաշտոնական Երեւանը պետք է աշխատի եւ գործի:

Այս առումով խիստ կարեւոր էր օրեր առաջ ԵՄ-ի նախազգուշացումը Բաքվին: «ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների վրա» – հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, շեշտելով, որ հաստատուն են այս դիրքորոշման մեջ։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղության հաստատման հարցում ԵՄ-ի ներգրավվածության եւ հետեւողականության աստիճանից անկախ` պաշտոնական Երեւանը Հայաստանի պետականության ամրապնդման գործում մեր երկրի գործընկերների թիվը պարտավոր է ավելացնել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 24.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031