Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը հաստատված էր համարել ստորագրությունը հանգուցյալի փոխարեն դնելը

Հունվար 25,2024 14:00

Դիանա Մովսեսյանը գրավոր հարցում է ուղարկում ՀՀ քաղաքաշինության կոմիտե, խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր կառուցվելիք առանձնատան նախագծի գլխավոր կոնստրուկտոր Էդիկ Անդրանիկի Մելքումյանի (արտոնագիր ԿԲԴ-Ա-004) մասին, ինչին ի պատասխան՝ 2023թ. մարտի 20-ին ստանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դ. Գրիգորյանի կողմից ստորագրված պատասխանը, որում, մասնավորապես հայտնվում էր, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Էդիկ Անդրանիկի Մելքումյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին: Այսինքն, նա որեւէ կերպ չէր կարող իրականացնել կառուցվելիք առանձնատան կոնստրուկտորական մասը 2021թ. հուլիս ամսին, որից հետո, «ԱՐԽԱՆԳԵԼ» ՍՊ ընկերության կողմից մշակված նախագծի հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզի Առինջ համայնքի կողմից Մովսեսյանի ընտանիքին տրամադրվել է համապատասխան շինթույլտվությունը։ Մասնագիտությամբ իրավաբան Դ. Մովսեսյանը դիմում է ՀՀ բնակչության պետական ռեգիստր, ստանում ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրանիկի Մելքումյանի մահվան վկայականը, որի պատճենը կցում է «Հանցագործության մասին հաղորդմանը», ուղարկում հանրապետության դատախազին: Հաղորդման մեջ նշվել էր, որ շինարարությունը կատարվել է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, ստացած եկամուտները շինարարական ընկերությունում չեն հաշվառել: «2023 թվականի ապրիլի 2-ին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Ու, թեեւ իմ հաղորդումը պարունակել է մի քանի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, շատ զարմանալի էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 03.05.2023թ. նախաձեռնվել է թիվ 20161323 քրեական վարույթը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշված քրեական վարույթի շրջանակներում ես եւ ամուսինս ճանաչվել ենք տուժող»,-ասում է Դ. Մովսեսյանը:

2023 թվականի դեկտեմբերի 14-ին տուժողները ստանում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Տ.Ներսիսյանի կողմից ուղարկված 54154377552-2023 համարով գրությունը՝ թիվ 20161323 քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացված քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը քննություն առնելու մասին որոշման պատճենը։ Որոշման մեջ նշված է ինչ-որ «Արխանգելսկ» ՍՊ ընկերության մասին, որպիսին գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տուժողը հստակ նշել է «Արխանգել» ՍՊ ընկերության մասին: Նշեմ, որ տվյալ որոշումը կայացվել է 2023թ. նոյեմբերի 9-ին, պարզապես կողմին են ուշ ուղարկում: Ժամկետի հետ կապված Դ. Մովսեսյանն ասում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն ու Առինջ գյուղն իրարից մի քանի լուսային տարվա հեռավորության վրա չեն գտնվում, զարմանալի է, ինչով էին առաջնորդվում հարգարժան ՀԿԳ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Տաթեւ Ներսիսյանն ու Կոտայքի մարզի դատախազության դատախազ պարոն Հովհաննես Բաղյանը, ուղարկելով այն մեկ ամիս ու մեկ շաբաթ անց։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ այս ընթացքում դիմել եմ ՀՀ քննչական կոմիտե, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ծանուցումը, որով հայտնվում է, որ թիվ 20161323 քրեական վարույթով նախաքննության նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության հսկողության գլխավոր վարչության կողմից սահմանվել է վերահսկողություն եւ անհրաժեշտ է ապահովել նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում՝ դրա արդյունավետությունը եւ անհրաժեշտ ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների ապահովումը։ Սակայն, ցավոք, այս ու մնացած այլ իմ դիմումներն ու միջնորդությունները բացարձակ հաշվի չեն առնվել նախաքննության մարմինների կողմից։ Հաշվի առնելով վերոնշյալը, ենթադրում եմ, որ գործ ունեմ ՀԿԳ քննիչ, երկրորդ դասի խորհրդական տիկին Տաթեւ Ներսիսյանի ու Կոտայքի մարզի դատախազության դատախազ պարոն Հովհաննես Բաղյանի կողմից ցուցաբերած ակնհայտ մասնագիտական անփութության կամ, ինչն ավելի վատ է, ենթադրյալ կոռուպցիոն տարրեր պարունակող գործողությունների հետ, որոնք ուղղված են եղել քրեական վարույթն ի սկզբանե ոչ պատշաճ քննելու, քննությունը փակուղու տանելուն»:

2024 թվականի հունվարի 10-ի գրությամբ Կոտայքի մարզի դատախազությունը հայտնում է Դ. Մովսեսյանին «Արխանգել» ընկերության համահիմնադիր Արսեն Դավթյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին դատախազ Հ. Բաղյանի նոյեմբերի որոշման դեմ տուժող կողմի բողոքը քննության առնելու մասին որոշումը: Տուժողի դիմումը ստացվել էր դեկտեմբերի 27-ին:

Վկաներից մեկը՝ Արտակ Կնյազյանը, ըստ այս որոշման ցուցմունք էր տվել, որ ներկայացված նախագծում իր ստորագրությունն է, կնիքն ինքն է դրել. «…չի նկատել, որ դրանում առկա է նաեւ Էդիկի ստորագրությունը», իսկ Արսեն Դավթյանը վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումում հայտնել է. «Էդիկ Մելքումյանի փոխարեն ստորագրելու հարցում ընդունում է իր մեղավորությունը եւ խնդրում է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել ժամկետներն անցնելու հիմքով»: Դատախազը հաստատված էր համարել ստորագրությունը հանգուցյալի փոխարեն դնելը, նաեւ վաղեմության ժամկետը լրանալու հիմքերը:

Նշված անձանց վերաբերյալ տուժողի պահանջին՝ քրեական պատասխանատվության ենթարկել, դատախազը որոշման մեջ նշել էր, որ այդ անձինք պայմանագրային փոխհարաբերությունների մեջ են գտնվում իրենց կամքով, ուստի առկա է քաղաքացիաիրավական բնույթ: Ըստ որոշման. «Քննիչի կողմից հարուցված 20161323 քրեական վարույթն իրականացվել է միայն քրեական օրենսգրքի 457 հոդվածի 1-ին մասով, քանի որ ներկայացված հաղորդումը ի սկզբանե չի պարունակել փաստական տվյալներ խարդախության հանցակազմի վերաբերյալ, իսկ հսկող դատախազի կողմից իրավական գնահատական է տրվել միայն Արսեն Դավթյանի արարքներին միայն այդ մասով»: Դ. Մովսեսյանը իր բողոքում անդրադարձել էր նաեւ շինընկերության կողմից հարկերից խուսափելուն: Այս կապակցությամբ դատախազությունը փաստել էր. «Քրեական վարույթի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ ՊԵԿ հարցում է կատարել նշված ընկերության վերաբերյալ, դրան ի պատասխան, ստացվել է գրություն, որ ընկերությունը 2023 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ չունի հարկային պարտավորություններ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031