Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ԵԽԽՎ-ի կողմից համարժեք քայլ էր»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ադրբեջանական պատվիրակությանն առնվազն մեկ տարով ԵԽԽՎ-ից հեռացնելու մասին

Հունվար 24,2024 22:25

«Այդ պրիզմայով պետք չէ սա դիտարկել։ Տեղի ունեցածը հետևյալի մասին է՝ Ադրբեջանը երկար ժամանակ չէր կատարում ԵԽԽՎ-ում իր ստանձնած պարտավորությունները և այդ՝ չկատարման մեջ, բնականաբար, մտնում են նաև այն թեմաները, որոնք կապված են ԼՂ-ի հետ, և սա չէր կարող երկար շարունակվել։ Սա ԵԽԽՎ-ի կողմից համարժեք քայլ էր դրան ի պատասխան»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը՝ սա որպես  հաղթանա՞կ կարելի է համարել մեզ համար, թե, ընդհակառակը, Ադրբեջանը, մեկ տարի չլինելով ԵԽԽՎ-ում, կդառնա ավելի անկառավարելի, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշեց չհաստատել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։

Ադրբեջանն առնվազն մեկ տարի չի լինի ԵԽԽՎ-ում։ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական պատվիրակության՝ մինչև քվեարկությունը ԵԽԽՎ-ն լքելու մասին հայտարարության  տարածումը։ Նա արձագանքեց․ «Բոլորի համար ակնհայտ էր, որ այս որոշումն ընդունվելու է․ դա անխուսափելի է, և իրենք այդ քայլին գնացին, որ ցույց տան, թե իբր իրենք են լքում»։

Փաստեցինք՝ ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերի հարցով քննարկման ժամանակ բոլոր քաղաքական խմբերի խոսնակները կողմ արտահայտվեցին հավատարմագրերը չհաստատելուն բացի պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոյից, որը հայտարարեց, թե ադրբեջանցի գործընկերներին հեռացնելը ոչինչ չի տա, և սպասում են նրանց Վեհաժողովում։ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Կոնսերվատիվների խումբը միշտ էլ պրոադրբեջանական դիրքորոշումներով է աչքի ընկել, և դա զարմանալի չէր։ Բայց մյուս բոլոր խմբերն ունեին կոնսենսուս։ Դիրքորոշումը նույնն էր»։

Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031