Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի գործի քննությունը վերսկսվել է՝ արդարացման ակնկալիքով․ դատարանը հետաձգեց նիստը

Հունվար 24,2024 20:40
Vano siradexyan

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված, այնուհետեւ վերսկսված քրեական գործի քննությունը։ Պատճառն այն էր, որ Սիրադեղյանների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը վատառողջ էր եւ չէր ներկայացել դատարան։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը 23 տարի անց վերսկսվել է։ Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը որպես Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ ներգրավվելու միջնորդություն է ներկայացնելու։

1999 թվականին Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել տարբեր ծանր հոդվածներով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար»։

Վանո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը եւ նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այդ որոշումից հետո Վանո Սիրադեղյանը լքել էր Հայաստանը, եւ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, հայտարարվել էր հետախուզում։

2000 թվականին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Բայց Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ կասեցված քրեական գործերը կարող են վերսկսվել ու քննվել։ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Վանո Սիրադեղյանը մահացել էր։ Եվ, ահա, 2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր։

Այս գործով դեռ մեկ դատական նիստ է տեղի ունեցել՝ նախորդ տարվա դեկտեմբերին։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ Խաչատուր Սիրադեղյանը պահանջելու է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։ «Մահվան հանգամանքով պայմանավորված՝ գործի կարճմանը իմ վստահորդը համաձայն չէ։ Պահանջելու ենք շարունակել գործի քննությունը»,- նախորդ նիստում ասել էր փաստաբանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031