Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստում հարցաքննվեցին վկաները, որոնք պատասխանեցին դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանի, պատասխանող կողմերի եւ դատարանի հարցերին:
Նիստի ավարտին Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա նիստի վկաները վերաբերելի էին երեք անձանց ծառայությանը ռազմական ոստիկանությունում: Բայց քանի որ վկաները անուղղակի վկաներ էին, զուտ այդ ստորաբաժանման ծառայողներ, նրանց ցուցմունքները դատավարական որեւէ արժեք չունեին: Այսինքն, ոչ հերքեցին մեղադրանքը, ոչ հաստատեցին: Դուք լսեցիք, որ վկաներից մեկն ասաց, որ ամբողջ ծառայողական աշխատանքը ընթացել է տեղակալների հետ եւ Վլադիմիր Գասպարյանը ներգրավվածություն չի ունեցել կադրային տեղաշարժերում, հետեւաբար, տեղյակ չի եղել, թե որ ծառայողը որ ստորաբաժանում է գործուղված»:
Վլադիմիր Գասպարյանին ներկայացված մեղադրանքը մի քանի դրվագներից է բաղկացած: Կոնկրետ այս դրվագը վերաբերում էր նրան, որ երեք զինծառայող ռազմական ոստիկանությունում գործուղված են եղել երրորդ նախագահի եղբայրների մոտ, փաստացի պետական բյուջեից աշխատավարձ են ստացել եւ չեն կատարել իրենց աշխատանքը:
Դատական նիստը վկաների հարցաքննությամբ ավարտվեց: Հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 1-ին, ժամը 9:30-ին, կհարցաքննվեն ամբաստանյալները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ