Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու բնակչուհիներից մեկը՝ Ա․Բ․-ն դիմել է ոստիկանության Կումայրի բաժին՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ իր 8-ամյա դստեր հետ օրը ցերեկով՝ ժամը 14.30-ի սահմաններում անցնելիս՝ Գյումրի քաղաքի կենտրոնական Գորկու անվան զբոսայգու գլխավոր մուտքի մոտ նկատել է մոտ 45 տարեկան իրեն անծանոթ մի տղամարդու, որը, ըստ կնոջ՝ «հագին եղած տաբատից սեռական օրգանը դուրս հանած՝ ցույց է տվել նշված վայրով անցնող անցորդներին»:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ով է այդ տղամարդը․ նա Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի տնակներից մեկի բնակիչ, գործազուրկ, 45-ամյա Գ․ Կ․ն է։
Վերջինս հրավիրվել է ոստիկանության բաժին ու հայտնել, թե այդ ժամին ինքը եղել է Գյումրու կենտրոնական զբոսայգում և զբոսայգու գլխավոր մուտքի ձախակողմյան հատվածում գտնվող ծառերի մոտ հոգացել է իր անձնական կարիքները, միզել է։
Վերջինիս արարքը որակվել է որպես խուլիգանություն ու կազմված փաստաթղթերը ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գյումրու կենտրոնական զբոսայգին մշտապես մարդաշատ է․ մեծ թվով դպրոցականներ են ներսուդուրս անում, քանի որ այնտեղ է գտնվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Առհասարակ Գյումրու պատմական միջուկում գտնվող այդ հատվածը չափազանց բանուկ է․ այգու դեմ-դիմաց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն է։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ Գյումրիում մերկ տղամարդկանց շրջագայման, երբեմն կին անցորդներին վախեցնելու, հետևաբար և կարծում ենք՝ պարեկային ծառայողներն ավելի աչալուրջ պետք է լինեն՝ նման դեպքերը հայտնաբերելու ու բացառելու համար։