Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը կայանալու է «այս մարդկանց գնալուց հետո». Ամրամ Մակինյան

Հունվար 24,2024 19:01

«Մենք համոզված ենք, որ այս գործով արդարադատությունը վերականգնվելու է եւ համոզված ենք, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման վճիռը»,- այսօր «Դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ այս գործը չի ունեցել հանցագործության ակտ, ինչի մասին տարիներ շարունակ խոսել են:

«Այն մարդիկ, ովքեր այս գործը փաթեթավորել են, թխել են եւ վառել են՝ վատ թխելու արդյունքում, ովքեր ինձ լսում են, ձեր աչքերի մեջ նայելով եմ ասում, պատասխան եք տալու՝ արդարադատության, սերունդների, հետո էլ Աստծո առաջ»,- հայտարարեց Ամրամ Մակինյանը:

Պաշտպանն ակնկալիքներ ունի միայն փաստերից, Հայաստանում իրականացվող արդարադատությունից, «նիկոլփաշինյանական արդարադատությունից» ակնկալիք չկա, արդարադատությունը լինելու է «այս մարդկանց գնալուց հետո»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով»  դատավարությունը: Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետի հիմքով:

Այսօր դատարանում հնչեցին գործով մեղադրյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների ճառերը: Պաշտպան Ամրամ Մակինյանը պահանջեց՝ հռչակել Սերժ Սարգսյանի անմեղությունը :

Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031