Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով» դատավարությունը: Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետի հիմքով:
Այսօր դատարանում հնչեցին գործով մեղադրյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների ճառերը: Պաշտպան Ամրամ Մակինյանը պահանջեց՝ հռչակել Սերժ Սարգսյանի անմեղությունը:
Սերժ Սարգսյանի մյուս պաշտպանը Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ գործի իրավական մանրամասներին: Նա նախ հայտարարեց, որ մեղադրանքի կողմն իր մեջ ուժ չգտավ միակ ճիշտ քայլն անելու՝ մեղադրանքից հրաժարվելու միջնորդությամբ հանդես գալու: Ապա դիրքորոշում հայտնեց, որ ապացույցների հետազոտման փուլում երկակի ստանդարտներ դրսեւորեց մեղադրանքի կողմը: Հետո, իր համեմատություններում, եզրահանգեց՝ քաղաքական գործերով խորհրդային շրջանի համեմատությամբ «առաջընթաց» կա, բոլոր ապացույցների հիմքում դատախազի ենթադրությունն է կամ կասկածը:
Կարդացեք նաև
«Պետք չէ կասկածների կամ ենթադրությունների հիման վրա գալ դատարան եւ ասել, որ պետք է մեղադրական վճիռ կայացնել»,- խոսքի ամփոփման ժամանակ, Աստվածաշնչյան մեջբերումներ անելով ասաց պաշտպանը:
«Մենք գործ ունենք մեկ անձի ցուցմունքով մեղադրանքի հետ. այդ անձը Սերգո Կարապետյանն է»,- նաեւ այսպիսի հայտարարություն արեց Ռուբեն Հակոբյանը՝ խնդրելով Սերժ Սարգսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, հռչակել նրա անմեղությունը:
Գործի իրավական հակափաստարկները՝ տեսանյութերում
Սերժ Սարգսյանը հրաժարվեց ամփոփիչ խոսքով հանդես գալ: «Ամեն ինչ ասված է»,- դատավորի հարցին այսպես պատասխանեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ