Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջները չե՞ն վնասի փոքր բիզնեսին. Քննարկում՝ ԱԺ-ում

Հունվար 24,2024 18:30

Այսօր «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կրթաթոշակները վերանայելու են, սեպտեմբերից մինչեւ 50 հազար դրամի չափով կրթաթոշակ են տալիս արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում ու դա արդեն բերում է ընդունելության էական աճի, վերականգնվող էներգետիկա, անասնաբույժների կրթական ծրագրերով դիմողների թիվը էապես ավելացել է:

Նախարարին հարցրեցին՝ եթե նոր օրենքով քոլեջների ֆինանսավորումը պետք է հաշվարկվի ուսանողի կրթության արժեքով, չկա՞ մտավախություն, որ եթե ուսանողների թիվը քիչ լինի, ձեռնտու չի լինի ու այդ ուղղությամբ մասնագետ չի պատրաստվի: Նախարարը պատասխանեց, որ հիմա էլ ունենք այդ խնդիրը. «Կան մասնագիտություններ, որոնցով այսօր իսկ մեթոդաբանորեն պիտի լինեն քիչ ուսանողներ, օրինակ, արվեստի ոլորտում մասնագետների պատրաստումը ենթադրում է, որ պիտի լինի մի ուսանող, մի դասախոս: Այսօր ունենք իրավիճակ, երբ նույն բնակավայրում տեղակայված հաստատությունները նույն մասնագիտությամբ կրթական ծրագիր են իրականացնում ու բոլորի մոտ կան թերբեռնված խմբեր, այստեղ պետության քաղաքականությունն է՝ աշխատե՞լ հաստատությունների հետ»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ եթե քոլեջներին թույլատրեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, արտադրություններ հիմնել, իրենք կներգրավեն պետական ու այլ դոնորների, դա արդյոք փոքր բիզնեսին չի՞ վնասի:

Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը կարող են քննարկել, բայց չի կարծում, որ մասնագիտական կրթություն իրականացնողները արտադրության այնքան մեծ ծավալներ կունենան, որ կվնասեն փոքր բիզնեսին. «Եթե հեռանկարային վտանգ եք տեսնում, խնդիր չեմ տեսնում դա քննարկել: Մյուս կողմից մտածելու տեղիք է տալիս՝ իսկ ինչո՞վ է դա վատ, միգուցե ունենանք փոքր ձեռնարկատերերի ու ուսումնական հաստատությունների համագործակցություն»:

Հայաստանի խոհարարների ասոցիացիայից Արբի Ղարախանը կարեւորեց, որ մասնավոր ոլորտից ներդրումներ արվեն ուսումնական հաստատություններում, ըստ նրա, պետական ոլորտից պետք է անկախ լինեն, որ կարողանան լավ բարեփոխումներ անել: Նա նշեց, որ հայկական մշակույթն է նաեւ խոհարարների միջոցով տարածվում ու պետք է ուշադրություն դարձնել այդ ոլորտին: Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ հայ խոհարարները կարողանում են տնային պայմաններում թեկուզ նկարել տեսանյութեր ու տեղադրել Youtube-ում, TikTok-ում, ունենալ դիտումներ ու պահանջարկ ձեւավորել: Նույնը խորհուրդ տվեց այլ ոլորտների մասնագետներին անել՝ տեղադրելով իրենց գործերը համացանցում:

Ամփոփելով քննարկումը՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կամփոփեն բոլոր առաջարկները՝ լավագույն իրավական ակտը ունենալու համար: Ըստ նրա, երբ օրենքում բան չի փոխվում ընդունելուց հետո, նշանակում է՝ կենդանի իրավական ակտ չէ, թղթի կտոր է ու որեւէ բան չի կարգավորում. «Կան տեղեր, երբ մենք ավելի ինքնաքննադատ ենք, քան համակարգի արդյունքներն են: Մի քանի նման կետեր կշեշտադրեմ. Համադրության մեջ փորձագետները տեսնում են, որ մեր մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը ավելի լավ է արձագանքում տնտեսության կարիքներին ու երկրի պահանջներին, քան միջինում դա անում են թուրինյան գործընթացում ներգրաված երկրները: Եթե միջին ցուցանիշը 61, ապա մեր համակարգում այդ ցուցանիշը 64 է»: Նախարարն ասաց, որ միջազգայնացման առումով նույնպես մեր համակարգն ունի ներուժ ու պետք է զարգացնել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031