Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անճելըսի Կաթողիկէ տաճարին մէջ կայացաւ համամիութենական աղօթք` Ատրպէյճանի մէջ պահուող հայ բանտարկեալներուն համար

Հունվար 24,2024 17:52

Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Միքայէլ եպս. Մուրատեանն իր խօսքում ընդգծեց, որ պէտք է միասնական կերպով պայքարենք խաղաղութեան համար, որը սկսւում է իւրաքանչիւրիս անհատական պայքարից:

Լոս Անճելըսի Տիրամօր Հրեշտակների տաճարում, Յունուարի 17ին տեղի ունեցաւ «Մէկ պատճառ, բազմաթիւ հաւատքներ` միաւորում ենք ձայները գերութեան մէջ գտնուող հայերի համար» խորագրով յատուկ պատարագ եւ համամիութենական աղօթքի արարողութիւն:

Միջոցառումը կազմակերպել էր Հայ կանանց միջազգային միութիւնը (AIWA)` միջազգային հանրութեան ուշադրութիւնն Ադրբեջանում գերեվարուած հայերի ճակատագրին սեւեռելու նպատակով: Միասնութեան եւ համերաշխութեան ոգով, AIWA-ն համախմբել էր հայ եւ օտար եկեղեցիների ներկայացուցիչների` միասնաբար աղօթելու եւ աջակցութիւն յայտնելու բանտարկուած հայ ռազմաքաղաքական գործիչներին ու քաղաքացիական անձանց:

Կաթողիկէ եկեղեցու Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Խօսէ Գոմեսն ողջունեց ներկաներին` հայ եւ այլազգի հոգեւորականների, որոնց շարքում էին` Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանի ներկայացուցիչ Զարեհ վրդ. Սարգիսեանը, ԱՄՆ Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Միքայէլ եպս. Մուրատեանը, Հիւսիսային Ամերիկայի Հայ աւետարանական միութեան ատենապետ վեր. Հենրիկ Շահնազարեանը, Լոս Անջելեսի քոյր եկեղեցիների հոգեւոր հայրեր, ինչպէս նաեւ` քաղաքական, հասարակական գործիչների եւ համայնքի անդամների:

Հայ կանանց միջազգային միութեան Լոս Անջելեսի մասնաճիւղի նախագահ Նիքոլ Նիշանեանը շնորհակալութիւն յայտնեց Խօսէ Գոմես արքեպիսկոպոսին` տաճարի դռները բացելու, եւ համամիութենական համայնքի հոգեւոր ներկայացուցիչներին` նախաձեռնութեանը միանալու համար:

Ձեռնարկի հանդիսավար Էլինա Աբովեանն այնուհետեւ ներկայացրեց բանախօսներին:

Հայ ժողովրդին իր համերաշխութիւնը յայտնեց Լոս Անջելես գաւառի կառավարիչ Քեթրին Բարգերը, ով օրեր առաջ կառավարիչների խորհրդի նիստում բանաձեւ էր անցկացրել` պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահուող հայ գերիներին ու բանտարկեալներին, եւ ԱՄՆ նախագահից ու կառավարութիւնից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի քաղաքական ղեկավարների նկատմամբ: «Հայ գերիները սոսկ վիճակագրութիւն չեն, նրանք մարդիկ են, ովքեր ունեն ընտանիքներ, երազանքներ ու նպատակներ: Այս անձանց կատարած միակ յանցագործութիւնը եղել է իրենց քաղաքական իրաւունքների խաղաղ իրականացումը, ինչի համար նրանք դատապարտուել են շինծու մեղադրանքներով: Անընդունելի է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային պարտաւորութիւնները: Մենք պէտք է, եւ կ՛օգտագործենք մեր ձայնը` դատապարտելու այս վայրագութիւնները եւ հաշուետուութիւն պահանջելու», իր խօսքում նշեց Բարգերը:

Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի նախագահ Փօլ Գրիգորեանը համառօտ ներկայացրեց Արցախի պատմութիւնը` նշելով, որ չնայած մշտական մարտահրաւէրներին, արցախցիները 30 տարուայ ընթացքում ստեղծել են ժողովրդավար երկիր եւ զարգացել: Նա անդրադարձաւ Ադրբեջանի նախագահին եւ նրա հաստատած բռնապետական կարգերին, Արցախի նկատմամբ Ալիեւի իրականացած անմարդկային շրջափակմանը` մարդու իրաւունքների ու միջազգային օրէնքների կոպիտ ոտնահարմամբ: «Այսօր միասին նաեւ կոչ ուղղենք աշխարհին` գործելու եւ թոյլ չտալու, որ հայ բանտարկեալներին դատապարտեն կեղծ մեղադրանքներով», նշեց Գրիգորեանը:

Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Միքայէլ եպս. Մուրատեանն իր խօսքում ընդգծեց, որ պէտք է միասնական կերպով պայքարենք խաղաղութեան համար, որը սկսւում է իւրաքանչիւրիս անհատական պայքարից:

Կալիֆորնիա նահանգի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն յիշեց Արցախ այցի ընթացքում իրենց հողի համար պայքարող արցախցիների հետ հանդիպումները` նշելով, որ արդարադատութիւն պէտք է հաստատուի եւ յայտարարեց, որ Կալիֆորնիայում շատերը կանգնած են նրանց կողքին, դատապարտում են ադրբեջանական վայրագութիւնները, եւ զօրակցութիւնն եմ յայտնում գերեվարուած հայերին ու արցախցիներին:

Կալիֆորնիայի Գերագոյն դատարանի դատաւոր, Ճշմարտութեան ու արդարութեան կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը ներկայացրեց Արցախում եւ 44օրեայ պատերազմում Ադրբեջանի անմարդկային վայրագութիւնների զոհերի վկայութիւններ, որոնք հաւաքագրուել են իր կազմակերպութեան շրջանակներում: «Այսօր այստեղ եմ ոչ որպէս դատաւոր, կամ իրաւաբան, այլ` արդարութեան մարտիկ: Ադրբեջանում հայ բանտարկեալները ոչ մի յանցանք չեն գործել, այլ` պայքարել են ժողովրդավարութեան, իրենց ազատութեան համար եւ թիրախաւորուել են, որովհետեւ հայ են: Մենք պայքարելու ենք, գտնելու ենք արդարութեան այլ մարտիկների, եւ համոզուելու ենք, որ ովքեր վայրագութիւններ են գործում պատասխանատուութեան ենթարկուեն», նշեց Աբգարեանը:

Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու հոգեւոր տեսուչ, Զարեհ վրդ. Սարգիսեանն իր խօսքում ընդգծեց. «Այստեղ հաւաքուելու հիմնական պատճառը ինքներս մեզ յիշեցնելն է, ոչ թէ Աստծուն, որ մենք ունենք գործելու պարտականութիւն, աշխատելու կոչ, եւ միջոցներ ձեռնարկելու հաւաքական պատասխանատուութիւն»:

Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը կարեւորեց համախմբուած ուժերով մարդու իրաւունքների եւ գերեվարութեան մէջ գտնուողների մասին բարձրաձայնելու նշանակութիւնը: Առաջնորդ սրբազանը նշեց, որ սիրտը ծանրացած է Ադրբեջանում մեր եղբայրների գերեվարութեան համար, ինչը յաջորդել է արցախեան պատերազմին, Արցախի շրջափակմանն ու ցեղային զտմանը: «Խօսել ցեղասպանական իրադարձութիւնների մասին, որոնք ծաւալուել են հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ, այսպէս կոչուած, քաղաքակիրթ աշխարհի առջեւ, սրտաճմլիկ է»: Յովնան արք. Տէրտէրեանը շնորհակալութիւն յայտնեց ձեռնարկի կազմակերպիչներին ու ներկաներին, եւ դիմեց Կաթոլիկ եկեղեցու Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Խօսէ Գոմեսին՝ միացեալ աղօթքով ամփոփելու երեկոն:

Լոս Անջելեսի Տիրամօր Հրեշտակների տաճարում հնչեց նաեւ «Սուրբ Սուրբ», «Ավէ Մարիա» եւ «Տէր Ողորմեա»` «Հօշարեան ինսթրումենթալզ» խմբի երաժիշտների կատարմամբ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Աղբիւրը` Ասպարէզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031