Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւան Քոչարյանը 10 միլիոն դոլար արժողությամբ ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ». Ամրամ Մակինյան

Հունվար 24,2024 17:40

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով» դատավարությունը: Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետի հիմքով:

Այսօր դատարանում հնչեցին գործով մեղադրյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների ճառերը: Պաշտպան Ամրամ Մակինյանն անդրադարձավ գործի ոչ իրավական համատեքստին՝ խոսքը սկսելով այսպես. «Ես չեմ համարում, որ ես ունեմ իրականում այնպիսի ունակություններ, որ պաշտպանեմ պարոն նախագահին: Ինչո՞ւ: Որովհետեւ պարոն նախագահն իր ողջ գիտակցական կյանքում պաշտպանել է ինձ, մեզ՝ ամեն ինչից եւ տեսանք, որ երբ պարոն նախագահը սկսեց չպաշտպանել՝ ինչի՞ առաջ կանգնեցինք»:

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ այս գործով առաջին դատական նիստի ժամանակ, քննիչը «մոռացավ» ՔՕ 270 հոդվածի պահանջը եւ չներկայացրեց Սերժ Սարգսյանի անձը: Հիմա, հետհայաց, ինքը հասկանում է, թե ինչո՞վ էր դա պայմանավորված. այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս դատավարության ընթացքում, ցույց տվեցին, որ խնդիր էր դրված մոռացության մատնել այն արժեքները, որոնք պահում էին մեզ իբրեւ պետություն եւ պետականություն:

Ամրամ Մակինյանը զգուշացրեց՝ իր խոսքում քաղաքական տարրը շատ է լինելու, քանի որ այդ գործն, իր բնութագրմամբ, իրավական տարր համարյա չունի: Իր գնահատմամբ, այս գործը ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ փորձաքար է՝ բոլորի համար:

Ամրամ Մակինյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի անցած ուղին:

«Ինձ համար մայիսի 8-ը միշտ այնքան հպարտությամբ է լցված եղել… Շուշիի ազատագրման քարտեզը հպարտությամբ էի նայում, որի վրա պարոն նախագահի ստորագրությունն էր՝ «Հաստատում եմ»: Հիմա, ի՞նչ ունենք. ամոթ ունենք: Իսկ այս քրեական գործը մեր ամոթի հետ կապ ունի՞»,- հարց հնչեցրեց պաշտպանը՝ հիշեցնելով, որ այս քրեական գործը 2019 թվականին սկսված քրեական գործերի «շքերթի» շարքից է, համաձայն որոնց, բարձրագույն զինվորականների մեծ մասը մեղադրյալներ են ու դա արժեքների ոչնչացման հիմքերից է:

«Երբ Ադրբեջանին 1994 թվականին հրադադար պարտադրվեց, այդ հրադադարի պարտադրման փաստաթղթի տակ էլ է պարոն նախագահի ստորագրությունը դրված: Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այսօր ներկայացնում եմ պարոն նախագահի իրավունքները»,- շարունակեց պաշտպանն՝ անդրադառնալով այս քրեական գործի հարուցման «առիթին»: Դա 2019 թվականի մարտ ամսին, Սեւան Քոչարյանի կողմից ներկայացված դիմումն էր:

Քրեական գործով, ըստ պաշտպանի, ագրեսիվ քննություն է սկսվել, երբ ՀՔԾ-ն գործն ուղարկել է դատախազին՝ գործի ժամկետները երկարացնելու համար. «Դրանից հետո քրեական գործի վեկտորները փոխվել են եւ ուղղվել դեպի հանրապետության երրորդ նախագահ»:

Պաշտպանը խոսեց այս գործով Սեւան Քոչարյանի շահի մասին. «Սեւան Քոչարյանը 10 միլիոն դոլար արժողությամբ ցուցմունք տվեց: Սեւան Քոչարյանը մեղադրող ցուցմունք տվեց պարոն նախագահի դեմ՝ այդ 10 միլիոն դոլարը ջրվեց: Ես դատարանին ցույց եմ տվել, որ Սեւան Քոչարյանը այդ ցուցմունքը տվել է այն ժամանակ, երբ հարկադիր կատարողը պետք է իրեն վտարած լիներ իր բնակարանից՝ պարտքերի համար: Սեւան Քոչարյանին հարց տվեցի՝ որտե՞ղ է բնակվում, ինքն ասաց այն հասցեն, որտեղից տարիներ առաջ պիտի վտարված լիներ: Պետությունը մոռացե՞լ էր իր գործը կատարել. հարցս միամիտ է»:

Ամրամ Մակինյանը պատահականություն չի համարում նաեւ գործի քննության ընթացքում դատախազ իր՝ իր դիմումի համաձայն հրաժարականը: Ինքը գիտի պատճառը. դատախազն իր խղճի, համոզմունքի դեմ որոշումներ չի ցանկացել կայացնել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ամրամ Մակինյանը տարակուսեց նաեւ Սերգո Կարապետյանի՝ չորս անգամ հարցաքննությունից հետո քննիչին գրած դիմումի մասով, որ որոշել է «ճշմարտությունը բացահայտել»: «Ես կուզեի, որ Սերգո Կարապետյանն այստեղ լիներ, Լեւոն Հարությունյանի աչքերի մեջ նայելով նրա հարցերին պատասխաներ»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հիշելով Սերգո Կարապետյանի ցուցմունքից մի հատված, որտեղ նա ասում է՝ աստվածավախ մարդ է, եթե սուտ խոսի՝ Աստված կպատժի: Լսելով Սերգո Կարապետյանի մահվան լուրը՝ Ամրամ Մակինյանի մտքով անցել է՝ «Աստվա՞ծ պատժեց, սուտ խոսելու եւ այս ճաշը եփելու համար»:

Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ դատավարության ընթացքում իրենք ապացուցել են, որ «Մաքս ՕՅԼ» եւ «Սովրանիե» ընկերությունները չէին կարող իրականացնել պահանջվող ծավալի եւ որակի դիզվառելիքի մատակարարումներ եւ պահանջեց, որ դատարանը հռչակի Սերժ Սարգսյանի անմեղությունը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031