Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր 15-19 տարեկան երիտասարդների 20,6%-ը չի սովորում որեւէ կրթական ծրագրով, վիճակն առավել մտահոգիչ է 20-24 տարեկանների մասով՝ 68,8%». Ժաննա Անդրեասյան

Հունվար 24,2024 17:11

Այսօր «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Այսօր 15-19 տարեկան երիտասարդների 20,6%-ը, համաձայն վերջին մարդահամարի տվյալների, չի սովորում որեւէ կրթական ծրագրով: Վիճակն առավել մտահոգիչ է 20-24 տարեկան երիտասարդների մասով, որտեղ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8%, ավելի քան 140 հազար մարդ: Սա մի անթույլատրելի շռայլություն է մեզանում, որտեղ յուրաքանչյուր մարդն արժեք է ու մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե՛ հանրային, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից: Որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի աշխատուժն է: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների եւ բազմաթիվ այլ հարցերով: Այս մարդկանցից շատերն արդեն իսկ խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար հենց այդ պատճառով նաեւ մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ անհասանելի խնդիր»:

Նախարարն ասաց, որ որակյալ կրթություն ստանալու ճանապարհը պետք է հարթ դարձնեն մեր քաղաքացիների համար:

Ժաննա Անդրեասյանը նաեւ նշեց, որ տարբեր երկրներում մասնագիտական կրթությունը հանրակրթությունը շարունակելու ավելի վատ տարբերակ են դիտարկում, կամ, եթե բարձրագույն կրթություն ստանալը չի հաջողվում, որպես երկրորդ տարբերակ են նայում: Մտածում են, որ գուցե այս ճանապարհով շատ արագ գտնես աշխատանք, բայց այդ աշխատանքը չի լինի հեղինակավոր ու լավ վճարվող:

Մոնիտորինգի տվյալներով, ավարտելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատանք փնտրողների մեջ իրենց մասնագիտությամբ զբաղվածություն ունեցող շրջանավարտների մասնաբաժինը 54% է կազմել, սրանում ներառված չեն ոչ իրենց մասնագիտությամբ աշխատողների թիվը: Նախարարի խոսքով՝ սա բավականին լուրջ տոկոս է ու էապես բարձր բուհերի շրջանավարտների տոկոսից:

Անդրեասյանը խոսեց նաեւ գործատուների ոչ համահունչ պահանջների մասին. «Արդյունքում մի պատկեր ունենք, որ մեր երիտասարդների 33%-ը իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված: Քաղաքացիները, կամ պետությունը՝ կախված նրանից, թե ով է վճարում կրթության համար, ստացվում է, որ անարդյունավետ ներդրում է անում՝ ծախսելով ռեսուրս, որը հետո չի օգտագործվելու կամ օգտագործվելու է մասնակի»:

Այս ոլորտում նաեւ մասնագետների վարձատրությունն է ցածր՝ համեմատած հանրակրթության հետ:

Նախագծով ուսումնարանների ու քոլեջների փոխարեն կունենանք միայն քոլեջներ.«Ամենակարեւոր փոփոխությունը, որ օրենքի փաթեթով առաջարկում ենք, աշխատանքի վրա հիմնված կրթության ինստիտուցիոնալ ներդրումն է: Մեր հիմնական նշանաբանն է՝ աշխատենք սովորելով, կամ սովորենք՝ աշխատելով, կամ աշխատենք եւ սովորենք»:

Ըստ Անդրեասյանի, ուսանողական պրակտիկաները բավարար չեն, այժմ 20 հաստատություններում շուրջ 24 մասնագիտություններով՝ գյուղատնտեսության ՏՏ ոլորտի, լոգիստիկայի եւ այլ ոլորտներում կան դուալ կրթությամբ իրականացվող ծրագրեր: Նախագծով հաստատությունների կառավարումը նույնպես փոխվելու է՝ սկսած տնօրենի ընտրությունից, լիցենզավորումից: Հիմա պետք է երկու լիցենզիա՝ գործունեության իրավունքի լիցենզավորում եւ կրթական ծրագրով լիցենզավորում, որը պետք է սահմանի չափանիշներ ու պայմաններ՝ կոնկրետ ուղղությամբ կրթություն իրականացնելու համար:

Ֆինանսավորումը նույնպես փոխվելու է՝ հիմքում դնելով մեկ ուսանողի կրթության արժեքը. «Ներդրվում է մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված համակարգ, նույն մոդելը, ինչ գործում է դպրոցների պարագայում: Ատեստավորման պարագայում քոլեջների աշխատակիցները կունենան դրույքաչափի վերանայման հնարավորություն՝ 200 հազար դրամի չափով, այնուհետեւ, կախված արդյունքներից, 30, 40 50% հավելավճարի չափով: Նախատեսվում է, որ 2024-ի սեպտեմբերից ատեստավորման գործընթացները կիրականացվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031