Լրահոս
Օրվա լրահոսը

Վերդիկտը մեզ բավարարում է, հույս ունենք, որ այս զավեշտալի վարույթը չի տեղափոխվի նաեւ Վերաքննիչ դատարան. Ռուբեն Մելիքյան

Հունվար 24,2024 16:56

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսօր արդարացվեց դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

«Կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, Արմինե Ադիբեկյանը հանդես եկավ վերջին խոսքով, եւ դատարանն այսօր իսկ հրապարակեց վերդիկտ, կայացրեց արդարացման վերդիկտ: Դատարանը գտավ, որ Արմինե Ադիբեկյանի արարքն ապացուցված է, այն գրառումը, որ արվել է, կատարված է, ինչը մենք չէինք էլ հերքում, բայց միաժամանակ դատարանը գտավ, որ արարքը քրեորեն պատժելի չէ եւ այդ հիմքով արդարացրեց: Վերդիկտը մեզ բավարարում է, հույս ունենք, որ այս զավեշտալի վարույթը չի տեղափոխվի նաեւ Վերաքննիչ դատարան: Մենք հանդիպելով նաեւ մեր միջազգային գործընկերներին, հատկապես այս գործը ուշադրության էր մշտապես արժանանում, որովհետեւ մարդիկ ուղղակի չէին պատկերացնում, թե այս գործով ինչպես կարելի է ունենալ դատական նիստ, էլ չեմ ասում մնացածի մասին: Ցավում եմ, որ դատախազությունը չհրաժարվեց մեղադրանքից»,- Aravot.am-ին պատմեց Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Մեր զրուցակցի խոսքով, դատարանի վճռից ինքը չի կարող հետեւություններ անել, թե այսօրվա վճռով ստեղծվեց նախադեպ, որ նմանատիպ վարույթները հենց այսպիսի ճակատագիր են ունենալու դատարաններում. «Հայաստանի հանրապետության դատական իշխանությունն ամուր էր եւ որքան էլ, որ այն քանդելուն ուղղված քայլեր են արվում, դատական իշխանության որոշ դրսեւորումներ դեռ երկար են շարունակելու մնալ: Վատն այն է, որ մեղադրանքի կողմն այդպես էլ մինչեւ վերջ մնաց իր համոզմունքին ու չհրաժարվեց մեղադրանքից: Սա նշանակում է, որ չենք կարող հետեւություններ անել, որ քաղաքական իշխանությունը ռեպրեսիաների առումով մեղմացման քայլեր է անում: Կարող ենք հետեւություն անել, որ առանձին դեպքերում դեռ հնարավոր է արդարադատություն»:

Ռուբեն Մելիքյանը նաեւ հավելեց, որ այսօր դատախազի եզրափակիչ ելույթից են հասկացել, որ Ադիբեկյանի հրապարակային խոսքից «ինքնասպանությունն» են հիմք ընդունել եւ դա համարել են ինքնասպանության, բռնության կոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031