Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձագետի եզրակացություն կա, որ վաճառած գույքի գինն ավելի բարձր է եղել, քան նշված է պայմանագրում»․ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է հարկեր թաքցնելու մեջ

Հունվար 24,2024 16:23

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ գործարար Սամվել Մայրապետյանի հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով չեն վճարվել, ընդհանուր առմամբ, ավելի քան 35 մլրդ դրամի հարկեր եւ տույժեր:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության տնօրենը և ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող հարկերը, հիշյալ ընկերությանը պատկանող` Երևանի Բայրոն 3 հասցեի բնակելի շենքի 75 միավոր անշարժ գույքերի` բնակարանների և ավտոկայանատեղիների` 2004 թվականի ընթացքում կնքված առուվաճառքի պայմանագրերում նշել է կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Սամվել Մայրապետյանն այդ կերպ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 777 միլիոն 847 հազար դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 425 միլիոն 871 հազար 233 դրամ։

Բացի այդ, «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերությանը պատկանող Երևանի մեկ այլ` Հյուսիսային պողոտա 3 հասցեի բնակելի շենքի 243 միավոր անշարժ գույքերի` 2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշվել են կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ, և այդ կերպ պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 7.5 միլիարդ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են ավելի քան 4.1 միլիարդ դրամ։

Քրեական գործով, ըստ ՀՔԾ-ի, պարզվել է, որ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով նաև «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության տնօրենը, այդ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքի 383 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Արդյունքում` Ս. Մայրապետյանը 2009-2014 թվականների ընթացքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 9 միլիարդ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.9 միլիարդ դրամ։

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց մեկ վկա, որը Սամվել Մայրապետյանից անշարժ գույք էր ձեռք բերել Հյուսիսային պողոտայում։ Այնուհետեւ դատարանն անցավ փաստաթղթերի հետազոտման փուլին։

Հանրային մեղադրողը նշեց, որ կան ապացույցներ եւ առկա է փորձագետի եզրակացություն առ այն, որ Սամվել Մայրապետյանն անշարժ գույքի վաճառքի հետ կապված ոչ իրավաչափ գործարքներ է կատարել։ Մասնավորապես, ըստ մեղադրողի, Մայրապետյանն անշարժ գույքը վաճառել է՝ պայմանագրերում արտացոլելով շուկայականից ցածր գին, իսկ իրականում ավելի թանկ գնով է վաճառվել։ Արդյունքում՝ թաքցվել են հարկեր։ «Փորձագետի եզրակացություն կա, որ նշված ժամանակահատվածում տվյալ գույքի գինն ավելի բարձր է եղել, քան նշված է պայմանագրում»,- ասաց մեղադրողը։

Մայրապետյանի փաստաբաններն այս ապացույցներն արժանահավատ չհամարեցին։ Նրանք հարցադրում արեցին՝ ապացույցներ կա՞ն, որ գույքի արժեքն ավելի թանկ է եղել։

Դատարանը որոշեց փորձագետ ներգրավել դատական նիստին, որը կներկայացնի, թե ինչ սկզբունքով են արվել հաշվարկները։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-ին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031