Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված որմնանկարն է, որում ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցանմուշներով։
Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօրվանից մեկնարկել են Պ. Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները. ժամը 13:00-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կընդունի նաև «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵևՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ