Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետազոտեց Հրանտ Բագրատյանի հրապարակային խոսքի տեսագրությունը

Հունվար 24,2024 15:35

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով նիստին դատակոչված վկաներն այդպես էլ չներկայացան:

Մեղադրանքի կողմը միջնորդեց հետազոտել տեսանյութը՝ Բագրատյանի հրապարակային խոսքի տեսագրմամբ: Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստերի վրա, որոնք, իրենց համոզմամբ, ամբողջությամբ հիմնավորում էին պաշտպանական կողմի վարկածը:

«Բոլոր ելույթ ունեցողները միասնական օրակարգով են պայմանավորվել խոսել, բոլոր հրապարակախոսների նպատակը եղել է խաղաղ իշխանափոխության կոչով դիմել թե՛ ժողովրդին, թե՛ իշխանություններին՝ հրաժարականի պահանջով: Այսինքն՝ նպատակաուղղված է եղել ոչ թե բռնի գործողություններին, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանությունը հանձնելու կոչով դիմելուն: «Միասին» շարժման անդամները հավաքի վերջում նման տեքստ են հրապարակել եւ հասցեագրել վարչապետի աշխատակազմին»,- նկատեց Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Արարատի Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի ապրիլի 4-ի ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր, այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031