Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը որոշել է առաջարկել Վեհաժողովին չհաստատել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։
Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը, որի հիման վրա բանաձևն այսօր երեկոյան կդրվի քվեարկության, տեղադրված է ԵԽ կայքում։ Այնտեղ մասնավորապես ամրագրված է․ «Հանձնաժողովն առաջարկում է չհաստատել Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը։ Մոնիտորինգի հանձնաժողովը ցավում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպությանն՝ իր անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Շատ լուրջ մտահոգությունների առարկա են շարունակում մնալ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու՝ այս երկրի կարողությունը, իշխանությունների տարանջատման հետ կապված խնդիրները, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների վերաբերյալ հարցերը։ Այս մասին են վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքները»։
Մոնիտորինգի հանձնաժողովը նաև անհանգստացած է Ադրբեջանում քաղբանտարկյալներով և խոսքի ազատության ոտնահարման դեպքերով, ինչի մասին են վկայում, մասնավորապես, Abzas Media-ի լրագրողների վերջին ձերբակալությունները։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, կոմիտեն հիշեցնում է Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023-ի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է ողջ հայ բնակչության տեղահանմանը։
Կարդացեք նաև
Լուրջ մտահոգություն է նաև այն, որ Ադրբեջանը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելության հրավեր չի ուղարկել Վեհաժողովի զեկուցողներին, ինչը վկայում է համագործակցության բացակայության մասին։
Ուստի վերը նշված խախտումները, ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի, չեն կարող մնալ անպատասխան։ Հետևաբար առաջարկվում է, որ մեկ տարով ադրբեջանական պատվիրակությունը զրկվի հավատարմագրերից։
Որոշմանը հավելվածում ներկայացված է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Սամադ Սեիդովի կարծիքը, ըստ որի՝ «ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերի չվավերացումը լուրջ հարված կլինի ԵԽԽՎ-ի և ընդհանրապես ԵԽ-ի հեղինակությանը, և դրա ծանր հետևանքների պատասխանատվությունը կրում են այս անհեռատես քայլը նախաձեռնողները»։
Ըստ Սամադ Սեիդովի՝ այս նախաձեռնությունը խորը արմատներ ունեցող կողմնակալության և նախապաշարմունքի ակնհայտ դրսևորում է Ադրբեջանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության դեմ․ «Այժմ, երբ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մենք բախվում ենք Ադրբեջանին նսեմացնելու համակարգված և կազմակերպված արշավի հետ: Մեր պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունն ուղղակի այդ արատավոր արշավի մի մասն է, և մենք խստորեն դատապարտում ենք այն»։
Տեղեկացնենք նաև, որ Մոնիտորինգի հանձնաժողովի որոշման հետ կապված մեկ փոփոխություն է առաջարկվել, որը ամենայն հավանականությամբ կներառվի վերջնական բանաձևում, որն այսօր երեկոյան կդրվի քվեարկության։ Առաջարկվում է բանաձևում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ Կանոնակարգով նախատեսված պայմանները բավարարվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ