Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրներ ունեցող ոչ բոլոր զորակոչիկներն են ուղեգրվում հետազոտությունների, գրանցվում են պիտանի, հետագայում բանակում առողջական խնդիրները խորանում են

Հունվար 24,2024 14:50

Մի շարք զորակոչիկների ծնողներ ահազանգում են, որ որդիներին առանց մանրամասն ու լիարժեք հետազոտությունների տանում են ծառայության։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են արձանագրվել այս զորակոչի ընթացքում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ձմեռային զորակոչի վերաբերյալ երեք տասնյակից ավելի բողոք է ստացել։

Նազելի Մովսեսյանի լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Մովսիսյանի ներկայացմամբ՝ արձանագրված խնդիրները հիմնականում համակարգային են, այդ խնդիրները նախկինում եւս արձանագրվել են, որոնք մեծամասամբ այսօր էլ չեն լուծվում։

Օրինակ, ինչպես իրավապաշտպանն ասաց, առողջական խնդիրներ ունեցող ոչ բոլոր զորակոչիկներն են ուղեգրվում հետազոտությունների, ինչի հետեւանքով առողջական հետազոտության եզրակացությունում չի արտացոլվում զորակոչիկի առողջական իրական վիճակը։
«Բժշկական հանձնաժողովները չեն արձանագրում գանգատները, հետեւաբար զորակոչիկը չի ուղեգրվում հետազոտության։ Սրա պատճառները տարբեր են։ Ասենք՝ իրենք համարում են խնդիրը թեթեւ է, կարիք չկա հետազոտելու։ Բայց եթե նույնիսկ, առաջին հայացքից, զորակոչիկի գանգատը թվում է որեւէ բան չի փոխելու պիտանիության որոշման հարցում, հարկավոր է ամբողջական համալիր հետազոտություն իրականացնել, քանի որ տարբեր հիվանդությունների առկայությամբ՝ զորակոչիկի պիտանիության աստիճանը փոխվում է։ Օրինակ՝ եթե կա հինգ եւ ավելի սահմանափակումով պիտանիության հոդված, կայացվում է այլ որոշում։ Ուստի ցանկացած խնդրի դեպքով պետք է առանձին հետազոտություն իրականացվի»,-ասաց Մովսիսյանը։

Մյուս արձանագրված խնդիրներից է նաեւ զորակոչիկներին հորդորելը ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ իրենց ունեցած փաստաթղթերը, որոնց հիման վրա զինկոմիսարիատը որոշում պետք է կայացնի՝ ուղեգրե՞լ հետազոտության, թե՞ ոչ․« Եթե զորակոչիկը չունի ֆինանսական միջոցներ իր հաշվին անցնելու հետազոտություն, ապա նրա խնդիրը մնում է չբացահայտված, այսինքն, չի անցնում հետազոտություն»։

Որոշ բուժհաստատություններ հրաժարվում են զորակոչիկին հետազոտել, երբ տեղեկանում են տարիքի մասին, եւ ինչպես իրավապաշտպանն ասաց, ԲԿ-ներն ասում են, թե ուղեգիր պետք է լինի․ «Սա անձի իրավունքի խախտում է, զորակոչիկը կամ ցանկացած անձ իրավունք ունի իր առողջական վիճակի վերաբերյալ իմանալ տեղեկություն, հետազոտվել։ Սեփական միջոցներով հետազոտություն անցնելու դիմումը մերժելը օրենքի խախտում է»։

Մովսիսյանի խոսքով՝ այս զորակոչի ընթացքում խնդրի լուծման համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս դիմել է առողջապահության նախարարություն, խնդիրը լուծվել է անհատական մակարդակում, մինչդեռ պետք է լինի համակարգային մոտեցում։

Արձանագրվել է դեպք, երբ կենտրոնական բժշական հանձնաժողովում վերջնական եզրակացություն տալու ժամանակ հանձնաժողովի բժիշկը մտադիր էր, ըստ հետազոտության արդյունքի, մեկ տարվա տարկետման որոշումը նշել, սակայն հանձնաժողովի ոչ բժիշկ անդամը հորդորել է նշել այլ որոշում՝ ավելի կարճ ժամկետով տարկետում։

«Նախկինում գրանցվել են զինծառայողների մահվան դեպքեր ծառայության ընթացքում, որոնց մահվան պատճառը առողջական խնդիրն է եղել, սա այն դեպքերից է, երբ զորակոչի ժամանակ թերի կամ ընդհանրապես հետազոտություն չեն իրականացրել, ինչի հետեւանքով ծառայության ընթացքում՝ ծանրաբեռնվածության պատճառով զինծառայողը մահացել է։ Շատ են դեպքերը, երբ առողջական խնդիրներով զորակոչված անձանց առողջական խնդիրները խորանում են ծառայության ընթացքում, հետո կրկնակի հետազոտության արդյունքում՝ զինծառայողները վաղաժամ ազատվում են։ Սա նշանակում է ռեսուրսի վատնում, եւ որ ամենագլխավորն է՝ անձի առողջական վիճակի վատթարացում, որի հետեւանքները կրում է զորակոչիկը կամ նրա ընտանիքը։ Բուժման ծախսերը մնում է ընտանիքի վրա, պետությունը չի տրամադրում միջոցներ խնդիրները լուծելու համար»,-ասաց Մովսիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ զորակոչիկները նման դեպքերում կարող են բողոքարկել զինկոմիսարիատի որոշումը, սակայն շատերը խուսափում են, քանի որ նրանց ասում են՝ եթե չգնաս ծառայության, կդատվես․«Իրականում սա դատվել չէ, բողոքարկել է։ Քննչական մարմինները երբեմն զորակոչիկներին հորդորում են համաձայնվել պիտանիության որոշման հետ եւ զորակոչվել։ Սա նշանակում է, որ քննչական մարմինները հանդիսանում են զորակոչ ապահովող մարմին։ Կարծում եմ՝ նպատակն այն է, որ հնարավորինս քիչ թվով զորակոչիկներ բողոքարկեն որոշումները»։

Մովսիսյանի խոսքով՝ արձանագրվում են դեպքեր, երբ բժշկական հանձնաժողովը տարկետման որոշում է կայացրել եւ նշել, որ զորակոչիկը բուժման կարիք ունի, սակայն պետությունը չի իրականացնում զորակոչիկի բուժումը, մինչդեռ պարտավոր է․ «Դեպք է եղել, երբ զորակոչիկը աչքի խնդրով վիրահատության կարիք ուներ, պետությունը չի արել իր պարտականությունը, չի կազմակերպել վիրահատությունը, զորակոչիկն էլ ֆինանսական միջոց չի ունեցել իր հաշվին անելու։ Հաջորդ զորակոչին ներկայացել է, խնդիրը չի կարգավորվել, բայց պիտանի է ճանաչվել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031