Aravot.am-ի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Տ. Վ-ն ՆԳՆ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2016թ ծնված իր որդին՝ Դ. Վ.-ն իրեն հայտնել է, թե մորական տատիկը՝ Մ. Ղ-ն կպչուն ժապավենով փակել է երեխայի բերանը, հրելով տարել ննջասենյակ՝ այդպիսով երեխային ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական բռնության:
Ըստ նույն աղբյուրի, 8-ամյա երեխայի տատիկը ձերբակալվել է նրան ֆիզիկական ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ու տեղափոխվել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Ավել ուշ ազատ են արձակել:
Aravot.am-ը կապ հաստատեց երեխայի հոր՝ Տ. Վ-ի հետ: Նա հաստատեց, որ մեր ունեցած տեղեկության իսկությունը, ասաց, որ շուրջ 2 տարի է՝ ամուսնալուծված է, երեխաները մոր մոտ են եւ նրանց տեսակցում է ըստ կարգի սահմանված օրերով: Հայրը նշում է, որ ոչ միշտ է կարողանում տեսնել երեխաներին, քանի որ տեսակցությունները հաճախ չեղարկվում են. երեխայի մայրն ու տատիկը թույլ չեն տալիս առանց պատճառի հանդիպել, կամ երեխաներին համոզում են, որ հորն ասեն, թե չեն ցանկանում նրան տեսնել:
Տ. Վ.-ն պատմեց նաեւ, որ հերթական տեսակցության ժամանակ որդին խնդրել է իր վրա տեսախցիկ տեղադրել, որպեսզի հայրը տեսնի, թե ինչպես են իր հետ վարվում. «Ասում էր՝ պապա վրաս կամերա դիր, տես՝ ինձ հետ ոնց են վարվում…Ասում էր՝ տատիկը սկոտչով բերանս կապել էր, հրել բազմոցի վրա, մի ձեռքով ինձ էր պահում, մյուս ձեռքով էլ բերանս էր սկոտչում: Հետո ինձ հրելով տարավ սենյակում փակեց… Երեխան ասում է՝ էնքան լավ էր, որ ձեռքերս ազատ էին, մատս մտցրի բերանս բացեցի, որ կարողանամ շնչել, քանի որ օդը չէր հերիքում… Երեխան պատմում է, թե ոնց են պատժելու համար տատիկը եւ մայրը իրեն եւ 5 տարեկան աղջկաս քաշքշելով հանել դուրս, դուռը վրաները փակել»:
Կարդացեք նաև
Հոր ասելով, երեխաները մոր հետ են ապրում, մայրն էլ՝ ծնողների 3 սենյականոց բնակարանում, որտեղ բնակվում են 8 հոգով: Տ.Վ.-ն հավաստիացրեց, որ իր երեխաների համար 4 սենյականոց բնակարան է գնել նորակառույց շենքում, սակայն կինը մերժել է այնտեղ ապրել:
Անչափահաս երեխաների հայրը նշում է, որ դիմել է գործով զբաղվող մարմիններին, այդ թվում Խնամակալության մարմնին է նամակ գրել, որ իր համոզմամբ, երեխաների հետ նախկին կինն ու զոքանչը վատ են վարվում, ծեծում են, նախատում, պատժում, երեխաները չեն ցանկանում տատիկի հետ ապրել: Անգամ հոգեբանական փորձաքննություն է նշանակվել, որ պարզվի, իսկապե՞ս երեխաները չեն ցանկանում մնալ տատիկի հետ, ինչը հաստատվել է հոգեբանի ներկայությամբ, արձանագրվել հոգեբանի, ԴԱՀԿ ներկայացուցչի եւ ոստիկանի ստորագրությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Պատրաստ ենք լսել նաեւ երկրորդ կողմի տեսակետը, որի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Լուսանկարը՝ համացանցից